August 09, 2023 | 17:23
Science
Partners
Research
The research carried out within the framework of the "ADVANCE" project was discussed at YSU
Sargis and Nune Sepetjians, supporters of the "Computer Vision Project" of the "ADVANCE" grant program of the Foundation for Science and Technology of Armenia (FAST), visited Yerevan State University. The purpose of the visit was to be acquainted with the works and recorded results of the research group led by Professor Sos Aghayan.
2020 թվականից գործող «ADVANCE» դրամաշնորհային ծրագիրն ուղղված է հեղինակավոր ամսագրերում տպագրությունների քանակի ավելացմանը, միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապեր հաստատելուն, ինչպես նաև գիտական էկոհամակարգի բարելավմանը, ինչն ընձեռում է գիտական նոր խմբեր ձևավորելու և նորարարական միջազգային հետազոտական նախագծերի շուրջ աշխատելու հնարավորություն։ Ներկայում ընթացքի մեջ են տասը հետազոտական նախագծեր, որոնցից չորսն իրականացվում է ԵՊՀ-ի և «FAST»-ի համագործակցությամբ, երկուսի դեպքում՝ ԵՊՀ-ի համաֆինանսավորմամբ։
ԵՊՀ-FAST համագործակցությամբ իրականացվող նախագծերը համակարգչային տեսողության, մեքենայական ուսուցման, կենսատեխնոլոգիաների և մաթեմատիկական վերլուծության ուղղություններով են։ Դրանք համապատասխանաբար ղեկավարում են Տեխասի Սան Անտոնիոյի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը, Փարիզի տնտեսագիտության, վիճակագրության և ֆինանսների բարձրագույն դպրոցի («ENSAE») տնտեսագիտության և վիճակագրության հետազոտությունների կենտրոնի («CREST») տնօրեն, պրոֆեսոր Առնակ Դալալյանը, Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանը և Բելգիայի Գենտի համալսարանի և Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի ավագ պրոֆեսոր Մայքլ Ռուժանսկին։
Տեխասի Սան Անտոնիոյի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանի ղեկավարությամբ գործող գիտական թիմը հետազոտություններն իրականացնում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում բացված Համակարգչային տեսողության լաբորատորիայում։ Թիմը մուլտիմոդալ պատկերների՝ անօդաչու թռչող սարքերի ու արհեստական բանականությամբ գեներացված նկարների և տեսանյութերի վերլուծության միջոցով փորձում է մշակել արագ, հուսալի ու ավտոմատացված մշտադիտարկման մեխանիզմներ՝ արևային կայանների վնասվածքների հայտնաբերման և դրանց չեզոքացման նպատակով։
Այսօր տեղի ունեցած այցի շրջանակում ամերիկահայ բարերարներ Սարգիս և Նունե Սեպետջյանները նախ հանդիպեցին ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի և ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ։
Ռ. Բարխուդարյանը ներկայացրեց համալսարանի գիտական ենթակառուցվածքները, ԵՊՀ առաջարկած կրթական ծրագրերը, ինչպես նաև գիտության զարգացմանն ու առաջընթացին ուղղված ԵՊՀ ռազմավարությունը։ Պրոռեկտորը փաստեց, որ հատկապես վերջին տարիներին համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում արհեստական բանականությանն առնչվող զարգացումներին, ինչպես նաև հստակ քայլեր են կատարվում այդ բնագավառում գիտական ուսումնասիրությունները խթանելու ուղղությամբ:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ-ն, լինելով հետազոտահենք բուհ, նպատակ ունի խթանելու հետազոտական աշխատանքների կատարման գործընթացը, ինչի համար անհրաժեշտ են ռեսուրսների շարունակական ներգրավում և սերտ համագործակցություն գործընկերների հետ: Պրոռեկտորը նաև ներկայացրեց ԵՊՀ շրջանավարտների համայնքի ստեղծման գործընթացը՝ դիտարկելով այն որպես գործընկերային շրջանակի ընդլայնման կարևոր հնարավորություն։ Վերջինս համալսարանականներին կտա փորձի փոխանակման և գործակցային նոր կապեր հաստատելու հնարավորություն։
Այնուհետև ծրագրի աջակիցները հանդիպեցին հետազոտական թիմի անդամների հետ, որոնք ներկայացրին կատարված հետազոտությունների արդյունքները և միջազգային գիտական ասպարեզում ունեցած նշանակալի ձեռքբերումները։ Հետազոտողները և գիտական ղեկավարը ներկայացրին առաջիկայում նախատեսվող աշխատանքները։
Հանդիպման ավարտին Սարգիս Սեպետջյանն ուսանողներին ասաց, որ գիտության առաջընթացին նպաստող յուրաքանչյուր քայլ նախևառաջ ուղղված է մեր հայրենիքի բարգավաճմանը և Հայաստանում զարգացող գիտական մտքի միջազգային ճանաչմանը։
Նունե Սեպետջյանն էլ հավելեց, որ թեև երիտասարդների գիտահետազոտական գործունեության ընթացքում մարտահրավերներն անխուսափելի են, այնուամենայնիվ դրանք հեշտությամբ կհաղթահարվեն նրանց հարուստ գիտելիքների շնորհիվ։
Նրա խոսքով՝ այսօրինակ ծրագրերը մեծ նպաստ կբերեն Հայաստանի Հանրապետությանը՝ միաժամանակ խթանելով համաշխարհային գիտական ասպարեզում հայ գիտական մտքի ներկայացումը։
Պրոֆեսոր Սոս Աղայանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ծրագրի շրջանակում տարվող աշխատանքներին, շեշտեց, որ հետազոտական խմբի անդամներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն, միևնույն ժամանակ՝ նրանք անընդհատ զարգացնում են իրենց գիտելիքներն ու հմտությունները և գրանցում նկատելի արդյունքներ։ Ըստ որում, կատարված հետազոտությունների արդյունքները կարևոր են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
Պրոֆեսորի խոսքով՝ ծրագրի շրջանակում գրված գիտական հոդվածները տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող հեղինակավոր պարբերականներում և մշտապես արժանանում են համաշխարհային գիտական հանրույթի ուշադրությանն ու գնահատանքին։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը, Հետազոտական ծրագրերի առաջխաղացման բաժնի համակարգող Վարդ Ղուկասյանը և դոնորների հետ կապերի պատասխանատու Անուշ Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ վերջերս ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու «FAST»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր, որով հաստատել են իրենց գործակցությունը գիտնականների աջակցման «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի երկու հետազոտական նախագծերի համաֆինանսավորման և իրականացման շուրջ: