September 12, 2023 | 09:51
YSU Professors were awarded the Honorary Title "YSU Professor-Emeritus": took place the session of the Academic Council
Օրակարգային 8 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ պարգևատրվել են ՏՏ բնագավառում 2023 թ. լավագույն ուսանողներն ու միջազգային հեղինակավոր մի շարք մրցույթների հաղթողներ, ԵՊՀ հինգ պրոֆեսորի շնորհվել է «ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս» պատվավոր կոչում, հաստատվել են կանոնակարգեր, հրատարակչության երաշխավորվել ներկայացված աշխատությունները, «Հայագիտության հարցեր» հանդեսը, ու քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր։
Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորեց ուսումնական նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու ձեռքբերումներ, ապա ներկայացրեց ընթացիկ աշխատանքները, պլանավորած փոփոխություններն ու ակնկալվող արդյունքները։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խրախուսական նվերներ հանձնեց միջազգային առարկայական օլիմպիադաներում ու հեղինակավոր մրցույթներում պարգևների արժանացած և ԵՊՀ անունը բարձր պահած համալսարանականներին։
Ցյուրիխում անցկացված Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե ու 2 բրոնզե մեդալ: Օլիմպիադայում հաղթած աշակերտներից երկուսն այս ուստարվանից համալրել են ԵՊՀ ուսանողների շարքերը։ Օլիմպիադայում գրանցած հաղթանակի գործում մեծ ավանդ են ունեցել ու թիմի նախապատրաստական աշխատանքները ղեկավարել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ք.գ.թ., դոցենտ Արմեն Գալստյանը, ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արտյոմ Պետրոսյանը և 2-րդ կուրսի ուսանող Հայկ Աղեկյանը։
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) ԵՊՀ ուսանողներն արժանացել են մեկ ոսկե ու երեք արծաթե մեդալների. թիմը ղեկավարել է ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ֆ.մ.գ.դ. Կարեն Քեռյանը, մարզիչների թվում են ԵՊՀ դասախոս Վազգեն Միքայելյանը, ասպիրանտ Արման Բայրամյանը և ԵՊՀ շրջանավարտ Ալբերտ Գևորգյանը։
Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ։ Թիմի ղեկավարներից է ԵՊՀ սերվիսի ամբիոնի դոցենտ, ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում: Թիմը ղեկավարել է ասպիրանտ Լուսինե Հովհաննիսյանը։
ԵՊՀ ռեկտորը խրախուսական մրցանակներ հանձնեց նաև ՏՏ բնագավառում 2023 թ․ լավագույնը ճանաչված ԵՊՀ ուսանողներին ու սովորողներին։
Անցնելով օրակարգային հարցերին՝ ԵՊՀ մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչումների շնորհման 4 հայցերը՝ փաստելով, որ դրանք համապատասխանում են պահանջվող բոլոր չափանիշներին: Հաստատման համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ, գաղտնի քվեարկություն:
Այնուհետև ԵՊՀ գիտական խորհուրդը պրոֆեսոր, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադ․ Սամվել Շուքուրյանին, պրոֆեսոր, կենսաբ․ գիտ․ դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էմիլ Գևորգյանին, պրոֆեսոր, բան․ գիտ․ դոկտոր Արծրուն Ավագյանին, պրոֆեսոր, պատմ․ գիտ․ դոկտոր Գեղամ Պետրոսյանին և պրոֆեսոր, բան․ գիտ․ թեկնածու Գուրգեն Մելիքյանին շնորհեց «ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս» պատվավոր կոչում։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԳԽ-ն քննարկումներից, բարձրաձայնված հարցադրումներից, պարզաբանումներից ու առաջարկված որոշ փոփոխություններն ընդունելուց հետո հաստատվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանման օրինակելի կանոնակարգը, այնուհետև՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի իրավական ակտերի և փորձաքննության մշտական հանձնաժողովի աշխատակարգը։
Հաջորդիվ ԵՊՀ իրավաբանական ծառայության պետ Արմեն Թադևոսյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ նշելով, որ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով ՀՀ Կառավարության որոշումները։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունների հրատարակության երաշխավորման հարցը, որին ԳԽ-ն հավանության արժանացրեց։
Նիստի ընթացքում ԳԽ-ն հրատարակության երաշխավորեց նաև ԵՊՀ հրատարակչության առաջադրած չափորոշիչներին լիովին համապատասխանող «Հայագիտության հարցեր» (խմբ.՝ Վ. Պետրոսյան) հանդեսը։
Օրակարգային վերջին հարցի շրջանակում ԳԽ-ն քննարկեց ու հաստատեց Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, գիտնական, մանկավարժ Ռոմանո Պրոդիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը։ Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 11։30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։
Ընթացիկ հարցերում ԵՊՀ ԳԽ-ն հաստատեց Որակի ապահովման հանձնաժողովի կազմում առաջարկված փոփոխությունը, որը պայմանավորված էր սովորող անդամի ուսումնառության ավարտով:
Հաստատված հարցերը սպառելուց հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ներկայացված բոլոր հայցերը բավարարվեցին։