October 21, 2023 | 11:35
Science
Partners
International cooperation
"Academic freedom inside and outside". international conference at YSU
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ակադեմիական ազատությունը ներսում և դրսում․ հասարակական և հումանիտար գիտությունները աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես է ակադեմիական համայնքն արձագանքում աշխարհում տիրող աշխարհաքաղաքական ճգնաժամերին և քաղաքական շարժումներին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Հայաստանի օրինակը ակադեմիական ազատության համատեքստում։
«Ակադեմիական ազատության վրա ազդում են երկրի անվտանգության խնդիրներին և դրանցից բխող սպառնալիքներին վերաբերող մարտահրավերները, որոնք գիտնականների և հետազոտողների համար առաջ են բերում լրացուցիչ պատասխանատվություն»,- ընդգծեց Մ. Հովհաննիսյանը։
Գիտաժողովի համակազմակերպիչ, ԵՊՀ ՀՀԻ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Աղաջանյանը, անդրադառնալով ակադեմիական ազատության մարտահրավերներին, շեշտեց, որ միջազգային գիտաժողովի շրջանակում քննարկվող թեման աշխարհի գրեթե բոլոր համալսարանների առանցքային հարցերից է:
«Գիտաժողովի ժամանակ աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկումների միջոցով փորձել ենք պատկերացնել, թե ինչպես կարող են վերոնշյալ հաստատությունները պահպանել ակադեմիական ճշմարտության և օբյեկտիվության իրենց ձգտումն այն իրավիճակներում, երբ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք ազդում են ակադեմիական ազատության վրա, այդ թվում՝ քաղաքական իրադարձությունները, հակամարտությունները, կառավարության կողմից գործադրվող ճնշումը և այլն»,- ներկայացրեց գիտաժողովի համակազմակերպիչը։
Ալեքսանդր Աղաջանյանը, ընդգծելով գիտաժողովների դերը ԵՊՀ-ի միջազգայնացման գործում, նշեց, որ այն կարող է նպաստել համալսարանն աշխարհի լավագույն գիտակրթական հաստատությունների ցանկում ներառելու ընթացակարգին։
Գիտաժողովի համակազմակերպիչ, ԱՄՆ սոցիալական անկախ հետազոտությունների կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Իրինա Օլիմպիևան, ընդգծելով գիտաժողովի թեմայի կարևորությունը, նշեց․«Թեմայի արդիականությունը պայմանավորված է աշխարհում տեղի ունեցող պատերազմներով, որոնց ազդեցությունից չի կարող անմասն մնալ նաև ակադեմիական ոլորտը, մասնավորապես՝ սոցիալական և հումանիտար ուղղությունները, որոնք այս համատեքստում ամենաշատն են տուժել։ Գիտաժողովի միջոցով միավորում ենք աշխարհի առաջատար գիտակրթական հաստատությունների այն գիտնականներին, որոնք ռազմական հակամարտությունների պատճառով սփռվել են տարբեր երկրներում»։
Անդրադառնալով երկու հաստատությունների գործակցությանը՝ Ի․ Օլիմպիևան հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական՝ փաստելով, որ համատեղ կազմակերպվող միջազգային գիտաժողովները նպաստում են գործակցային կապերի ամրապնդմանը։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը, ներկայացնելով ակադեմիական ազատության դրսևորումները Հայաստանում, վստահեցրեց, որ կառավարման և ակադեմիական հետազոտության դաշտի ներկայացուցիչների միջև երկխոսության ամրապնդմանն ուղղված քայլերը կնպաստեն ակադեմիական ազատությանը։
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի, ԱՄՆ սոցիալական անկախ հետազոտությունների կենտրոնի, Ջորջ Վաշինգտոն համալսարանի և «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: