October 26, 2023 | 13:54
Science
Education
International cooperation
A new educational course at YSU in cooperation with the world-famous microbiologist Karapet Andranikyan
ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, գործակցելով Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ, կատարելագործում է ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերը. ուսումնական պլաններում ներդրվել է նոր դասընթաց, կիրառվում են դասավանդման նոր մեթոդներ:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը գործակցում է Կարապետ Անդրանիկյանի հետ 2020 թվականից «FAST» հիմնադրամի «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ տարբեր գիտակարգերի մասնագետների հետ իրագործելով նորարարական գաղափարներ և հետազոտական նախագծեր:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Աննա Փոլադյանը, անդրադառնալով պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ գործակցությանը, շեշտեց. «Հաշվի առնելով Կ. Անդրանիկյանի ներդրած մեծ ավանդը գիտության բնագավառում և պրոֆեսորի հետ հետազոտական նախագծերի կատարման մեր արդյունավետ փորձը՝ որոշեցինք շարունակել համագործակցությունը: Պրոֆեսորի մասնակցությունը արդյունավետ կլինի մագիստրոսական ծրագրերի զարգացման և բարելավման համար»:
Գիտական խումբն աշխատանքները սկսել է դեռևս մեկ տարի առաջ՝ մշակելով «Հիմնարար հետազոտությունից մինչև արդյունաբերություն. պրակտիկա և հեռանկարներ» դասընթացի բաղադրիչները և բովանդակությունը: Դասընթացը սեպտեմբերից ներդրվել է Կենսաբանության ֆակուլտետի «Կիրառական մանրէաբանություն», «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագրերում, որը մեկ ամիս դասախոսել է հենց Կ. Անդրանիկյանը:
Մագիստրոսական կրթական ծրագրերի 1-ին կուրսերում պարտադիր դասավանդվող դասընթացը ներառում է ինչպես դասախոսություններ, այնպես էլ լաբորատոր աշխատանքներ և գործնական դասընթացներ: Դասավանդման ընթացքում պրոֆեսորը Հայաստանում ներդրել է նոր մեթոդ. ուսանողները լուծել են իրենց առջև դրված խնդիրները՝ կիրառելով լեգոյի հատիկներ: Այս մեթոդն ամբողջ աշխարհում հայտնի է 10 տարի, և կարող է օգտագործվել ուսուցման գործընթացում՝ նպատակ ունենալով խթանելու ուսանողների երևակայությունը և թիմային աշխատանքը:
Աննա Փոլադյանը շեշտեց, որ մեթոդը միանշանակ կկիրառեն հետագայում, քանի որ ուսանողները մեծ ոգևորություն են ցուցաբերել՝ արտահայտելով գաղափարներ, որոնք կարող են զարգացնել համալսարանական միջավայրը:
«FAST»-ի խորհրդատուների խորհրդի նախագահ, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի (Գերմանիա) Կենսալուծումների կենտրոնի (CBBS) տնօրեն, մանրէաբան Կարապետ Անդրանիկյանը, կարևորելով Հայաստանում նորարարական գիտական նախագծերի կատարումը, նշեց. «Վերջին տարիներին Հայաստանի գիտությունը մեծ առաջընթաց է գրանցում: Տարեցտարի բարելավվում են բուհերի կրթական ծրագրերը, տեխնիկական հագեցվածությունն ու լաբորատոր սարքավորումները, ինչպես նաև ունենք գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ, որոնք կարող են փոփոխություն բերել գիտական ասպարեզում»:
Պրոֆեսորն ընդգծեց, որ ինքը Հայաստանում չի ապրել, և տարիներ անց հայրենիքում գիտական համագործակցություններ ունենալն իր համար չափազանց կարևոր է: Նա նաև պատրաստակամություն հայտնեց ԵՊՀ կենսաբաններին ծանոթացնելու հայ և օտարերկրացի այլ գիտնականների ու հետազոտողների հետ՝ համատեղ նոր գիտական նախագծեր կյանքի կոչելու և գիտական նոր ուղղություններ զարգացնելու նպատակով:
Մինչև դրամաշնորհի ավարտը գիտական խումբը կշարունակի ակտիվ համագործակցությունը և դասընթացի լավարկումը: Դրամաշնորհի ավարտից հետո դասավանդումը կշարունակի գիտական խմբի անդամ, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի երիտասարդ գիտնական Հեղինե Գևորգյանը, որը վերապատրաստվելու է գիտական ծրագրի ընթացքում:
Նշենք, որ ԵՊՀ կատարած այցի ընթացքում, բացի դասընթացի դասավանդումից, պրոֆեսորը նաև կազմակերպել է օտարերկրացի այլ գիտնականների հետ առցանց դասախոսություններ մոլեկուլային կենսաբանության, կենսաինֆորմատիկայի, սպիտակուցների և այլ թեմաների վերաբերյալ, որոնք ունկնդրել են ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ասպիրանտներն ու ուսանողները։