October 30, 2023 | 14:38
Partners
Education
New educational methods introduced at YSU STEM school
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշխատակազմը «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» (ATF) նախաձեռնության «STEM կրթության բարելավման նոր մեթոդաբանության կիրառում անդամ համալսարաններին կից դպրոցներում» ծրագրի շրջանակում ծանոթացավ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի առանձնահատկություններին և կիրառման մեխանիզմներին: Ծրագիրը նպատակ ունի խթանելու նոր մեթոդների կիրառումը ՀՀ բուհերին կից STEM ուղղվածությամբ դպրոցներում:
«ԳիտՍԵՐունդ» նախագծի համակարգող Արթուր Խալաթյանը ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ուսուցիչներին ներկայացրեց gitserund.am հարթակից օգտվելու սկզբունքները, բաժիններն ու գործիքները, որոնք ուսուցիչներին հնարավորություն կտան դասավանդելու նոր և ինտերակտիվ մեթոդներով, ինչպես նաև նպաստելու աշակերտների ոչ օրինաչափ մտածողության զարգացմանը և մասնագիտական կողմնորոշմանը:
Կարևորելով հարթակի կիրառությունը՝ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց. «Ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական մեթոդները անհամեմատ արդյունավետ են դարձնում դասավանդման և գիտելիքի պահպանման գործընթացը: «ԳիտՍԵՐունդ»-ը քննություն անցած և մեծ հաջողությամբ կիրառվող մեթոդ է, որը դյուրին կդարձնի նաև ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշակերտների և ուսուցիչների աշխատանքը»:
Արամ Խաչատրյանն ընդգծեց, որ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հագեցած է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և միջոցներով, որոնք հնարավորություն կտան ամբողջությամբ կիրառելու gitserund.am հարթակը:
Անդրադառնալով ուսուցիչների ներգրավվածության մեծացմանը՝ «ԳիտՍԵՐունդ» նախագծի համակարգող Արթուր Խալաթյանն ասաց. «Մենք չենք ուզում ունենալ միայն սպառող ուսուցիչներ, ուզում ենք, որ նրանք մշակեն և զարգացնեն հարթակը, ինչի նպատակով կանցկացնենք քննարկումներ՝ լսելու նրանց առաջարկները ծրագրի տեխնիկական և բովանդակային լավարկման համար»:
«Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության համակարգող Կիմա Ղուլյանը շեշտեց, որ ծրագրում են ATF-ի անդամ մյուս համալսարանների դպրոցներում ևս ներդնել հարթակը:
«Հաջող արդյունք ունենալու պարագայում կփորձենք ընդլայնել մեր նախաձեռնության մասշտաբները՝ ծրագիրը դպրոցից տանելով բուհ՝ STEM կրթությունը բարելավելու նպատակով»,- ասաց Կ. Ղուլյանը:
Նշենք, որ ԵՊՀ-ն «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության համահիմնադիրներից է: Ծրագիրը նպատակ ունի համատեղելու Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի լաբորատոր, մարդկային և ֆինանսական ռեսուրսներն ու ջանքերը և գործակցային կապերի շնորհիվ Հայաստանը տանելու տեխնոլոգիական զարգացման: