October 26, 2023 | 16:53
Science
Education
The goal is to contribute increasing the efficiency of the educational process
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում ԱՄՆ Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ալինա Մալոյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հանդես եկավ «Առողջության և հիվանդության զարգացման հիմնական սկզբնաղբյուրները» թեմայով դասախոսությամբ։ Դասախոսության ավարտին պրոֆեսորը «Մալոյան-Խաչատրյան» անվանական կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց ԵՊՀ երկու ուսանողների։
Ալինա Մալոյանի դասախոսությունը վերաբերում էր հղիության ժամանակ ճարպակալման պատճառով առաջացող վտանգներին և դրա հետևանքներին։ Դասախոսությունը միտված էր թեմայի վերաբերյալ ուսանողների ունեցած գիտելիքների խորացմանը։
«Ոչ առողջ հղիությունից ծնված երեխան գտնվում է մետաբոլիկ, սրտանոթային և այլ հիվանդություններ ձեռք բերելու բարձր ռիսկի գոտում»,- բացատրեց Ա․ Մալոյանը։ Նա նշեց, որ նմանօրինակ հղիությունների հետևանքով երեխայի մոտ առաջացած հիվանդությունները տեսանելի են դառնում միայն հասուն տարիքում։
Դասախոսության ավարտին ամփոփվեցին 2023 թվականի հունիսի 1-ին հայտարարված «Մալոյան-Խաչատրյան» անվանական կրթաթոշակի մրցույթի արդյունքները։ Կրթաթոշակին դիմած ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ֆիզիկայի ինստիտուտի 20 ուսանողներից ընտրվել էին երկուսը։ Ընտրությունը կատարվել է ուսանողների մոտիվացիոն նամակների, ինքնակենսագրականների և միջին որակական գնահատականի հիման վրա։
Ալինա Մալոյանը նշեց, որ ծրագրի միջոցով նպատակ ունեն բարձրացնելու ուսանողների հետաքրքրվածությունը գիտության հանդեպ։
«Տրամադրված կրթաթոշակը կարող է մոտիվացնել ուսանողներին՝ գիտության բնագավառում ունեցած իրենց հմտություններն ու իմացությունները խորացնելու գործում։ Կրթաթոշակի միջոցով փորձում ենք ուսանողներին վստահեցնել, որ գիտությունը կարող է նպաստել և՛ հոգևոր, և՛ նյութական ապահովվածությանը»,- ասաց նա։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, կ․գ․թ․ Նիկոլայ Ավթանդիլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրթաթոշակն առաջին անգամ է տրամադրվում, սակայն Ա․ Մալոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն շարունակական դարձնելու, ինչպես նաև շահառուների թիվն ավելացնելու։
Ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Վռամ Մարտիրոսյանը կրթաթոշակին դիմելու հնարավորության մասին իմացել է համալսարանական էլհասցեով ստացած հայտարարության միջոցով։ Նա վստահեցրեց, որ ստացած կրթաթոշակն ուղղելու է անգլերենի բնագավառում ունեցած գիտելիքները խորացնելուն։
Կենսաբանության ֆակուլտետից կրթաթոշակի արժանացավ Արփինե Գրիգորյանը։
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության հեղինակներին՝ վստահեցնելով, որ նմանօրինակ ծրագրերը նպաստում են ուսումնառության արդյունավետության բարձրացմանը։