November 21, 2023 | 16:30
Education
Events
Culture
The book "By the Faith of the Stars" is in the domain of discussion between the reader and the author
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, գրող Վիգէն Յովսէփեանի «Աստղերու հաւատքով» գրքի քննարկումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան գրքից ստացած իրենց տպավորություններն արտահայտելու և հետաքրքրող հարցերն ուղղելու հեղինակին։
«Աստղերու հաւատքով» գիրքն արձակ բանաստեղծությունների ժողովածու է, որտեղ ամփոփված են հեղինակի՝ տարբեր տարիների գրած շուրջ հիսուն ստեղծագործությունները, որոնք գեղարվեստորեն արտահայտում են նրա հույզերը, ապրումները և համոզմունքները հայրենիքի, մարդու և ճշմարիտ արժեքների վերաբերյալ։ Այն հեղինակի առաջին գիրքն է, որը գրել է արևմտահայերենով, ինչը յուրահատուկ ներդրում է արևմտահայերենի պահպանման և ամրապնդման գործում։
Գրողի հետ հանդիպումը մեկնարկեց մշակույթի կենտրոնի թատրոն-ստուդիայի ուսանողների ասմունքով. նրանք արևմտահայերենով ներկայացրին հեղինակի ստեղծագործություններից:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ հեղինակի գրքի էլեկտրոնային տարբերակին ծանոթանալուց հետո որոշել է ուսանողների հետ գրական-գեղարվեստական միջոցառում կազմակերպել։
«Բանաստեղծությունների առանցքում ժամանակակից մարդն է, նրա կամքի ուժը։ Հեղինակն իր ստեղծագործությունների միջոցով ընթերցողների շրջանում փորձում է որպես արժեք սերմանել հավատարմությունը, սերը, փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու կամքը»,- ընդգծեց Կարինե Դավթյանը:
Քննարկման ժամանակ գրքի հեղինակ Վիգէն Յովսէփեանը, խոսելով բանաստեղծությունների թեմատիկ ընդգրկումների մասին, ասաց, որ դրանք լայն են և բազմազան, սակայն հիմքում հույսը, հավատն ու լավատեսությունն են, որոնց շնորհիվ մարդը դիմակայում է մարտահրավերներին և հաղթահարում խոչընդոտները։
«Երբեմն ամպամած կլինի երկինքը, երբեմն աստղերը տեսանելի չեն լինի, բայց պետք է հավատանք, որ աստղերն այնտեղ են»,- ասաց հեղինակը, որն իր գրքի խորհուրդն է դարձրել հավատը, իսկ աստղերը՝ խորհրդանիշ՝ պատգամելով երբեք չհուսահատվել և մշտապես հավատալ սեփական ուժերին:
Խոսելով գրքի հրատարակման շարժառիթներից՝ հեղինակը փաստեց, որ սկզբնական շրջանում իր ստեղծագործությունները հրապարակել էր սոցիալական տարբեր հարթակներում, որոնք լայն տարածում են գտել ու մեծ հետաքրքրություն առաջացրել Սփյուռքի և Հայաստանի ընթերցողների շրջանում, իսկ հայրենիքին նվիրված որոշ ստեղծագործություններ էլ երգերի են վերածվել:
Բանաստեղծությունների ժողովածուն ս․թ․ հոկտեմբերին հրատարակվել էր Լոս Անջելեսում, որտեղ կայացել էր գրքի առաջին շնորհանդեսը, սակայն հեղինակի ցանկությունն էր, որ գիրքն անպայման ներկայացվի նաև Հայաստանի ընթերցողներին: Գրքի հրատարակման ու այն հանրությանը ներկայացնելու կազմակերպչական աշխատանքներում հեղինակին օգնել է ԱՄՆ-ում բնակվող լրագրող Վրույր Թադևոսյանը, որը նաև ԵՊՀ շրջանավարտ է։ Նրա անմիջական օգնությամբ էլ Հայաստանում կայացավ Վիգէն Յովսէփեանի գրքի շնորհանդեսը, ինչպես նաև քննարկումը ԵՊՀ-ում:
Հավելենք, որ բանաստեղծությունների քննարկմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ և հյուրեր, որոնք ավարտին հեղինակից ընծայագրով նվեր ստացան «Աստղերու հաւատքով» գրքից: