February 15, 2024 | 11:32
Science
International cooperation
Under sponsorship of UNESCO, Chair on Education and Prevention of Genocide and Other Atrocity Crimes to continue its activities at YSU
The Chair on Education and Prevention of Genocide and Other Atrocity Crimes at YSU Institute for Armenian Studies will continue to operate under the sponsorship of the United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO, until 2028.
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը խթանում է ցեղասպանագիտական կրթությունը ֆորմալ և ոչ ֆորմալ մակարդակներում, տարբեր միջոցառումների, տեղեկատվական արշավների, հրապարակումների, սեմինարների միջոցով հասարակության շրջանում բարձրացնում ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև համագործակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ ամբիոնների և այլ կազմակերպությունների հետ՝ ոլորտին առնչվող տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն մրցույթ է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում գործող ամբիոնների միջև, ապա, իր սահմանած առաջնահերթություններին համապատասխան, ընտրում է որոշ թվով նախագծեր՝ դրանց շնորհելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կարգավիճակ։ 2020 թ. հունիսին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում հիմնադրվել է Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը՝ 2020-2024 թթ․ գործելու ժամկետով։ Ժամկետի ավարտից կես տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ամբիոնները իրավունք ունեն դիմելու՝ նախասահմանված կարգավիճակը երկարացնելու համար։
«2023 թ. մենք ներկայացրել էինք մեր կատարած աշխատանքի հաշվետությունը, որը գնահատելով՝ ՅՈՒՆԵՍԿՕ֊ն որոշում է կայացրել առնվազն մինչև 2028 թ. երկարացնելու ԵՊՀ-ում գործող Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի գործունեությունը։ Ամբողջ աշխարհում ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ամբիոնները համարվում են կրթության և գիտության մեջ գերազանցության ցուցանիշներ, և ԵՊՀ֊ն՝ որպես Հայաստանի առաջատար բուհ, նման ամբիոն ունենալու անհրաժեշտություն ուներ»,- նշեց Ս. Մանուկյանը:
Նա ընդգծեց նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն լինելով պայմանավորված՝ ԵՊՀ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ամբիոնը հնարավորություն է ունեցել ներկայացված լինելու գիտական և կրթական բազմաթիվ ցանցերում: Նման արդյունքի հասնելու համար ամբիոնի դասախոսները բազմաթիվ հետազոտություններ են կատարել՝ ուսումնասիրելով ցեղասպանությունների տարբեր հայեցակետերը:
«Ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» (նոյեմբերի 5-7, 2020 թ․) և «Ցեղասպանություններ․ պատմություն և արդիականություն» (ապրիլի 26-27, 2023 թ.) խորագրերով միջազգային երկու գիտաժողովներ, որոնց մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, ինչպես նաև ցեղասպանագետներ Հայաստանից։ Այս գիտաժողովները լավ հարթակ էին գիտական կապերի հաստատման, ինչպես նաև հետազոտական արդյունքներն ամրապնդելու համար»,- ասաց Սուրեն Մանուկյանը՝ հավելելով, որ պարբերաբար կազմակերպվում են ոլորտի հայտնի մասնագետների հանրային դասախոսություններ։
Խոսելով ամբիոնի շարունակական գործունեության մասին՝ Ս. Մանուկյանն ընդգծեց, որ գործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ ամբիոնի հիմնական գործունեությունը միտված է լինելու գիտաժողովների, քննարկումների և հանրային դասախոսությունների կազմակերպմանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների, միջազգային կապերի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին:
«ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի հետ միասին լրագրողների և պետական ծառայողների համար կազմակերպվելու են դասընթացներ ցեղասպանության երևույթի, վերջինիս հետ կապակցված և հարակից բառապաշարի, հիմնական գիտելիքների և իրավական բովանդակության վերաբերյալ։ Թեման հանրայնացնելու նպատակով բարձրացվելու է տեսանելիությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև ակտիվ աշխատանքներն են տարվելու ամբիոնի կայքէջում»,- ասաց Ս. Մանուկյանը:
Անդրադառնալով ամբիոնի միջազգային կապերի ամրապնդմանն ուղղված գործունեությանը՝ Ս. Մանուկյանն ընդգծեց, որ 2022 թ․ նոյեմբերի 3-4-ին Փարիզում տեղի ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ֊ի հովանավորությամբ գործող ամբիոնների՝ ցեղասպանության կանխարգելման թեմայով հանդիպումը, որին մասնակցել են աշխարհում գործող ՅՈՒՆԵՍԿՕ֊ի հինգ ամբիոնների վարիչները:
Այս տարվա մայիսին կայանալու է հերթական հանդիպումը Վաշինգտոնում, որտեղ մշակվելու են ամբիոնների միջև առավել բազմակողմանի և երկարաժամկետ համագործակցության ծրագրեր։
Նշենք, որ ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնն իր գործունեությամբ խթանում է ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ամբողջ աշխարհում` նպաստելով ցեղասպանությունների դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված միջազգային քաղաքականությանը։