February 22, 2024 | 09:20
Research centers and institutes
Research
Publications and scientific journals
Research on developing waste-free method for desalination of whey and qualitative analysis of valuable compounds
The researchers of Yerevan State University, in collaboration with the researchers of "Armbiotechnology" Scientific and Production Center of NAS RA, studied the effective method of obtaining lactose and lactulose from milk whey and published the results of the research in a high-ranking international scientific journal.
ԵՊՀ-ն և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը տարիների համագործակցության փորձ ունեն, որի շրջանակում էլ կատարում են համատեղ տարբեր ուսումնասիրություններ։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիայի վարիչ, ք․գ․թ․, դոցենտ Ավետիս Ծատուրյանը, որը նաև «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենն է, նշեց, որ իր համահեղինակությամբ լույս տեսած «Կաթի շիճուկից լակտոզի և լակտուլոզի ստացման արդյունավետ մեթոդի մշակում» վերտառությամբ հոդվածում ներկայացվում են կաթնամթերքի արտադրության ընթացքում առաջացած թափոններում արժեքավոր միացությունների առկայության, ինչպես նաև թափոններից արժեքավոր միացությունների անջատման արդյունավետ տեխնոլոգիաների մշակման եղանակների ուսումնասիրությունները։ Այս հետազոտության արդյունքները գիտական հոդվածի տեսքով տպագրվել են Բուլղարիայում լույս տեսնող Q2 վարկանիշ ունեցող «Ֆարմացիա» ամսագրում։
Ավետիս Ծատուրյանը, անդրադառնալով կատարված հետազոտությանը, ընդգծեց, որ այն վերաբերում է պանրի և կաթնաշոռի արտադրության ընթացքում որպես թափոն առաջացող կաթի շիճուկի աղազրկման արդյունավետ, քիչ ծախսատար և համեմատաբար անթափոն եղանակի մշակմանը և դրանում արժեքավոր միացությունների, մասնավորապես մոն- և դիշաքարների, ամինոթթուների, ինչպես նաև լակտոզի քանակական և որակական որոշմանը:
«Ներկայում համաշխարհային տնտեսության գլոբալիզացիայի, զարգացման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարևոր նպատակներից է անթափոն արտադրության կազմակերպումը: Մեր հետազոտության նպատակն էր մշակել որպես մայրական կաթի փոխարինիչ հանդես եկող և մանկական կերերում լայնորեն կիրառվող կաթի շիճուկից լակտոզի անջատման արդյունավետ, քիչ ծախսատար եղանակ, ինչպես նաև ստանալ դրա իզոմեր լակտուլոզը, որը որպես սննդային հավելում օգտագործում են կաթի նկատմամբ «անտանելիություն» ունեցող մարդիկ»,- նշեց նա՝ հավելելով, որ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են:
Ավետիս Ծատուրյանը ևս 5 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում։
«2023 թ. միջազգային գրախոսվող գիտական հանդեսներում տպագրված աշխատանքները մասնավորապես վերաբերում են ոչ սպիտակուցային ամինոթթուների քիրալային ԲԱՀՔ անալիզի մեթոդների մշակմանը և էնանտիոմերային մաքրության գնահատմանը, բուսական որոշ հումքերում կենսաբանորեն ակտիվ միացությունների քանակական և որակական նույնականացմանը ժամանակակից վերլուծական գործիքային մեթոդներով՝ գազային քրոմատոգրաֆիա, բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆիա և այլն»,- ասաց Ավետիս Ծատուրյանը:
Նա ընդգծեց, որ հետազոտություններ են կատարվել բուսական հումքի թափոններից մելանինի անջատման, նույնականացման և դրա հակաօքսիդանտային, հակառադիկալային ակտիվությունների գնահատման ուղղությամբ և այլն:
Նշենք, որ հետազոտությունների արդյունքները հրապարակվել են միջազգային այնպիսի հանդեսներում, ինչպիսիք են «Pharmacia»-ն, «Applied Microbiology and Biotechnology»-ն, «Molecules»-ը, «Farmacia»-ն, «Indian journal of microbiolojy»-ն և այլն։