February 21, 2024 | 10:13
Science
Education
The Ambassador of Turkmenistan gave a lecture at YSU
The Ambassador Extraordinary and Plenipotentiary of Turkmenistan to Armenia Muhammetgeldy Ayazov gave a lecture at the Faculty of Oriental Studies of Yerevan State University, dedicated to the 300th anniversary of the Turkmen outstanding poet and thinker Magtymguly Fragi, as well as the issues of Turkmenistan's foreign policy.
Դասախոսության շրջանակում դեսպանը հանգամանորեն անդրադարձավ հոբելյանական տարում Թուրքմենստանում և աշխարհի շատ երկրներում նախատեսվող միջոցառումներին, հայ-թուրքմենական ավանդական, մշակութային, հումանիտար կապերին, Երևանի պետական համալսարանի և թուրքմենական առաջատար գիտակրթական կենտրոնների սերտ համագործակցությանը: Նա մասնավորապես ընդգծեց 20-րդ դարում հայ և թուրքմեն գրողների երկերի փոխադարձ թարգմանությունների կարևորությունը և այդ գործում խորհրդահայ պոեզիայի դասականների, հատկապես Սիլվա Կապուտիկյանի բացառիկ ավանդը: Դեսպանը նշեց, որ թուրքմեներեն են թարգմանվել նաև Եղիշե Չարենցի, Գեղամ Սարյանի, Վախթանգ Անանյանի և այլ գրողների ստեղծագործությունները:
Շեշտվեց, որ հենց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի նախաձեռնությամբ և ժամանակակից հայ բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրի հետ գործակցությամբ է իրագործվել Մահթումկուլի Ֆրագիի ընտրանու երրորդ հիմնարար հրատարակությունը՝ Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծավալուն առաջաբանով, թուրքմեն գրականության դասականի՝ հայերեն հրատարակության առթիվ գրված վերջաբանով, մանրամասն աղբյուրագիտական, պատմաբանասիրական ծանոթագրություններով:
Դասախոսության ժամանակ նշվեց, որ անկախության հռչակումից հետո հայ-թուրքմենական մշակութային կապերն աննախադեպ վերելք են ապրում, և այս գործում իրենց ավանդն ունեն հայ թյուրքագետները և մեր համալսարանականները, որոնք արժանացել են Թուրքմենստանի պետական բարձր պարգևների:
Դեսպանի ելույթից հետո դեսպանատան աշխատակիցները միջոցառմանը ներկա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բոլոր ուսանողներին նվիրեցին պատկերազարդ բացիկներ՝ թուրքմենական գեղանկարչության վերատպություններով և Վարուժան Խաստուրի՝ Մահթումկուլի Ֆրագիի բանաստեղծությունների՝ վարպետորեն կատարված թարգամությունների հատվածների տեքստերով: Ուսանողները մեծ ոգևորությամբ կարդացին այդ թարգմանությունները:
Դասախոսության վերջում ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, կարևորելով դեսպանի այցը ԵՊՀ, նշեց, որ նմանօրինակ հանդիպումները նպաստում են մեր ուսանողների մասնագիտական կայացմանը, պատմեց Վարուժան Խաստուրի հետ բազմամյա համագործակցության, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի և Սիլվա Կապուտիկյանի՝ հայ-թուրքմենական մշակութային կապերի պատմության մեջ խաղացած բացառիկ դերի, մեր մշակույթի մեծերի պատվիրանները հայ ժամանակակից գրչեղբայրների ու համալսարանականների կողմից կենսագործելու մասին:
«Մահթումկուլի Ֆրագի» մեդալակիր, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանն իր երախտագիտությունը հայտնեց Թուրքմենստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, մեծարգո հյուրին և թուրքմեն բոլոր գործընկերներին՝ հայ թյուրքագետների և մշակույթի գործիչների համեստ ավանդը բարձր գնահատելու, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հանդեպ մեծ հարգանքի և ուշադրության, երկարամյա համագործակցության համար:
Նշենք, որ ս.թ. մարտի 11-ին ԵՊՀ-ում տեղի կունենա գիտաժողով, որին կմասնակցեն Թուրքմենստանի առաջատար գիտնականներ, ինչպես նաև համերգ՝ հայ և թուրքմեն արվեստի գործիչների մասնակցությամբ: