February 21, 2024 | 16:16
Education
Society
Events
Event dedicated to International Mother Language Day at YSU
A lesson-event dedicated to International Mother Language Day was held in the meeting hall of the Academic Council of the university with the participation of YSU STEM high school students and at the initiative of teachers Mery Hovhannisyan and Luiza Melkonyan.
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը, կարևորելով նմանօրինակ միջոցառումների դերն ուսումնական գործընթացում, նշեց. «Մեր մայրենի լեզուն յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է մեր ինքնության, ինքնաճանաչման տեսանկյունից։ Համոզված եմ, որ Մայրենի լեզվի օրվան նվիրված այս դասին պատրաստվելիս աշակերտների ստացած գիտելիքներն ուղեկցելու են նրանց ամբողջ կյանքի ընթացքում, և հուսով եմ, որ նրանց՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը կլինի շարունակական»։
ԵՊՀ գիտական քարտուղար, բ․գ․թ․, դոցենտ, ՍԹԵՄ դպրոցի ուսուցիչ, Մերի Հովհաննիսյանն ընդգծեց մայրենի լեզվի առանցքային դերը սովորողների ընդհանուր առաջադիմության, գրագիտության գործում: Շնորհավորելով բոլոր ներկաներին այս հիշարժան օրվա առթիվ՝ Մ. Հովհաննիսյանն ընդգծեց. «Մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչ նշանակություն ունի մայրենի լեզուն մեր բոլորի կյանքում: Սիրելի՛ աշակերտներ, վստահ եմ՝ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, կփայլեք այդ ոլորտում ՍԹԵՄ դպրոցում ձեռք բերած հարուստ գիտելիքների շնորհիվ: Մենք կհպարտանանք ոչ միայն ձեր մասնագիտական հաջողություններով, այլև մայրենի լեզվի ձեր գերազանց իմացությամբ»։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար, բ․գ․թ․ ՍԹԵՄ դպրոցի ուսուցիչ Լուիզա Մելքոնյանը սովորողներին պատգամեց սիրել մայրենի լեզուն. «Առօրյա հաղորդակցության ժամանակ էլ մենք պետք է աշխատենք խոսել մաքուր հայերենով, քանի որ խոսքը մարդու «այցեքարտն է»՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է աշխատում»։
Երկու մասից բաղկացած միջոցառումն անցկացվեց հետաքրքիր ձևաչափով․ 11-րդ դասարանի աշակերտները ներկայացրին օրվա խորհուրդը և հետաքրքիր փաստեր լեզուների մասին։ Նրանք, ներկայացնելով աշխարհի ամենակիրառական լեզուները, նշեցին, որ առաջին տեղում չինարենի բարբառներից մեկն է՝ մանդարինը, և այդ լեզվով խոսում է մոտ 885 մլն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն լեզվակիրներով, երրորդ տեղում՝ անգլերենը՝ 322 մլն լեզվակիրներով, այնուհետև ռուսերենը, որով խոսում է շուրջ 170 մլն մարդ։
Աշակերտները կարևորեցին մայրենի լեզվի դերը ինքնության պահպանման գործում՝ անդրադառնալով հայոց լեզվի առանձնահատկություններին։ Նրանք մատնանշեցին, որ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ աշխարհում գոյություն ունեցող լեզուներից մեկն անհետանում է՝ իր հետ տանելով նաև խոսքի մշակույթը: Այս համատեքստում սովորողները մեջբերեցին հայ մեծանուն գրողներից Ստեփան Զորյանի մտքերից․ «Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն ոչ միայն պետք է սիրել աչքի լույսի պես, այլև այն իմանալ անսխալ, խորապես։ Ամեն մի սերունդ իր ժողովրդի լեզուն՝ որպես գործիք, որպես զենք, հղկում է, կատարելագործում և հարստացնելով՝ փոխանցում հաջորդ սերնդին։ Այդպես անենք և մենք, սիրենք, կատարելագործենք և հարստացնենք մեր հայրենի գանձը՝ մեր լեզուն»։
10-րդ դասարանի աշակերտները սահիկաշարերի միջոցով ներկայացրին հայոց լեզվի զարգացման ողջ ընթացքը՝ սկսած կազմավորման շրջանից մինչև աշխարհաբարի ներկա փուլը՝ նշելով, որ հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է: Աշակերտները հանգամանորեն ներկայացրին, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ, Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դարձել Ք.ա. 8-7-րդ դարերից։ Իսկ հայերենի ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորման հետ և փաստում է հայերենի՝ վաղնջական ժամանակներում ձևավորված լինելու մասին:
Աշակերտները մեջբերեցին նաև բանաստեղծ Համո Սահյանի տողերը՝ ձոնված մայրենի լեզվին․ «Մեր լեզուն ծուխն է մեր տան, // Մեր կշիռն աշխարհի մեջ, // Նա աղն է մեր ինքնության, // Էության խորհուրդը մեր»...
Միջոցառման երրորդ մասում աշակերտներին առաջադրվեցին հայոց լեզվին առնչվող հարցեր, և անցկացվեց հետաքրքիր քննարկում:
Աշակերտները, օգտվելով գիտական տարբեր աղբյուրներից, հավաքագրել էին անհրաժեշտ նյութեր, համեմատել տարբեր հեղինակների տեսակետները, ի մի բերել գիտական փաստերը և համառոտ, սակայն բովանդակալից ներկայացրել հայերենի զարգացման ընթացքը:
Մայրենի լեզվի օրվան նվիրված այս գեղեցիկ միջոցառումը առիթ էր ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու հայոց լեզուն, որը, բացի հաղորդակցման գլխավոր միջոց լինելուց, յուրաքանչյուր հայի համար նաև սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու գրավականն է, մեր մշակույթի և պատմության «պահապանը»։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունել է 1999 թ․ նոյեմբերին, իսկ 2000 թ․ փետրվարի 21-ից այն նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը Հայաստանում նշվում է 2005 թ․ սկսած։
Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ՍԹԵՄ դպրոցի փոխտնօրեն Արմենուհի Մխիթարյանը։