February 26, 2024 | 17:30
Education
International cooperation
Events
Event dedicated to the strengthening of Armenian-Chinese relations
The YSU Faculty of International Relations held an open class dedicated to the Chinese New Year and the Lantern Festival, aimed at introducing students learning Chinese and people interested in China and Chinese culture to traditional Chinese holidays.
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի խորհրդական Չեն Մինը։ Ընդգծելով ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայ-չինական բարեկամության կարևորությունը՝ նա նշեց․ «Այսօրինակ միջոցառումների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը շատ ուրախացնող է։ Չինարենի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն Երևանում, այլև մարզերում․ մարզերի դպրոցները ևս դիմում են դեսպանատուն՝ չինարենի դասարաններ բացելու գործում աջակցություն ստանալու համար։ Մենք կարևորում ենք նաև այն, որ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը կստեղծի բոլոր պայմանները, որ ուսանողները շարունակեն փոխանակման ծրագրերով այցելել Չինաստան, ինչպես նաև մասնակցեն զանազան հետաքրքիր նախագծերի՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ Չինաստանի մասին»։
Դեսպանի խորհրդականն ընդգծեց, որ հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերից էր նաև առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմի սահմանումը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց խոչընդոտի այցելելու Չինաստան։ Նա հույս հայտնեց, որ դրանով պայմանավորված՝ հետագայում ավելի շատ երիտասարդներ կայցելեն Չինաստան և կսովորեն չինարեն։
«Այսօր Երևանի պետական համալսարանում ներկայացվում են չինական Ամանորի ավանդույթները, իսկ Ամանորը Չինաստանի ամենակարևոր տոներից մեկն է։ Այդ տոնն ուղեկցվում է մոտ երկու շաբաթ տևող տոնակատարություններով, որոնք եզրափակվում են Լապտերների տոնով։ Այս տոներին ընտանիքի այն անդամները, որոնք հեռու են գտնվում, անպայման վերադառնում են տուն և իրենց ընտանիքի հետ նշում Ամանորը»,- ասաց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի խորհրդականը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն, դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը նշեց, որ այս միջոցառումը Չինաստանի ավանդույթների մասին առավել խոր գիտելիքներ ձեռք բերելու լավ հնարավորություն է, ինչը կնպաստի նաև Չինաստանի մշակույթի նկատմամբ ուսանողների հետաքրքրության մեծացմանը։
«Հայ-չինական մշակութային համագործակցության դրսևորումներից է 2015 թ․ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի ստեղծումը։ Կենտրոնը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում ՉԺՀ դեսպանության, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ, ինչի վառ օրինակն է վերջերս կենտրոնի կազմակերպած «Բացահայտելով հեռավոր Արևելքը՝ հայ-չինական հարաբերությունների արդի հեռանկարները» խորագրով գիտագործնական սեմինար-քննարկումը»,- ասաց Սյուզաննա Նավասարդյանը՝ հավելելով, որ կենտրոնում դասավանդել և շարունակում են դասավանդել ինչպես չին դասախոսներ, այնպես էլ Չինաստանում վերապատրաստված մասնագետներ։
Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրենն այս համատեքստում ընդգծեց, որ պարբերական դասընթացներից բացի՝ կենտրոնն իրականացնում է թեմատիկ դասընթացներ, կազմակերպում կինոդիտումներ, ցուցահանդեսներ՝ ներկայացնելով չինական մշակույթը, կրոնը, պատմությունը։
«ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնը կարևոր դերակատարում ունի ինչպես հայ-չինական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ գիտակրթական ոլորտի զարգացման համար»,- ասաց Սյուզաննա Նավասարդյանը։
Միջոցառման շրջանակում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսներ Կաո Հանը և Դավիթ Գրիցենկոն ուսանողների հետ միասին ներկայացրին չինական Նոր տարվա ավանդույթները, այդ թվում՝ տոնական ուտեստները, զարդարանքին, նվերներին վերաբերող սովորույթները, խոսեցին Լապտերների տոնի մասին՝ ընդգծելով, որ տոնն առանձնահատուկ է նաև հանելուկների գուշակություններով։ Ուսանողների հետ զրույց-քննարկումների ընթացքում համեմատականներ անցկացվեցին չինական և հայկական ավանդական տոների միջև։ Ուսանողները մասնակցեցին նաև խաղ-մրցույթի՝ գուշակելով չինական ավանդական հանելուկները։ Ցերեկույթը եզրափակվեց երաժշտական համարով։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Հան Մինծիեն, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ներկայացուցիչները։