February 26, 2024 | 16:51
Partners
Volunteering, practice and internship
Education
Memorandum of understanding signed: new opportunities to apply knowledge of tourism gained at university in practice
The YSU Faculty of Geography and Geology and the "Trails for Change" NGO signed a memorandum of understanding on joint implementation of academic and cognitive programs, provision of experience exchange, and organization of events related to the tourism sector.
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու Սարգիս Քելյանը, կարևորելով հուշագրի ստորագրումը, նշեց, որ համագործակցության ևս մեկ հնարավորություն է ընձեռվում ֆակուլտետի ուսանողներին՝ ստացած հիմնարար գիտելիքները գործնականում կիրառելու, մասնավորապես՝ դաշտային ճամբարների անցկացման, համատեղ ուսումնասիրություններ կատարելու միջոցով։
«Շուկայում բավականին բարձր դիրք ունեցող, նորարարական գաղափարներով առաջնորդվող կազմակերպություններից է «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ն։ Հուշագրի ստորագրումը թույլ կտա մասնակից դառնալու այս կազմակերպության աշխատանքներին՝ նպաստելով էկոտուրիզմի զարգացմանը՝ լավագույնս կիրառելով մեր ուսանողների գիտելիքները»,- ասաց Ս. Քելյանը և ընդգծեց, որ ֆակուլտետի ուսանողները մեծ ներուժ են հետազոտական աշխատանքներով զբաղվող տարբեր կազմակերպությունների համար:
«Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի գործառնական տնօրեն Աշոտ Դավթյանը ԵՊՀ-ի հետ հուշագրի ստորագրումը համարեց մեծ ձեռքբերում և հետագա համատեղ ծրագրերի ու գործակցության հաջող պատմության առաջին քայլ:
«Գործող ծրագրերում արդեն ընդգրկված են երիտասարդներ, սակայն համալսարանական ուսանողների ներգրավումը չափազանց կարևոր է, քանի որ նրանք ոչ միայն պարզապես հետաքրքրված անձինք են, այլև մասնագիտական գիտելիքների մեծ պաշար ունեցող երիտասարդներ»,- ասաց Ա. Դավթյանը՝ հավելելով, որ «Սերվիս» կրթական ծրագրում ուսանողները ստանում են բազմակողմանի գիտելիքներ, որոնք լավագույնս կարող են կիրառել ՀԿ-ի ծրագրերի շրջանակում, ինչն էլ կնպաստի մասնագիտական աճին։
«Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ն, կարևորելով ԵՊՀ-ի հետ գործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու դաշտային պրակտիկաներ՝ ներառելով մեծ թվով ուսանողների։
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ, որոնք հետաքրքրված էին հուշագրի ընձեռած հնարավորություններով։
Ուսումնական պրակտիկան կկազմակերպվի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար: Նրանք հնարավորություն կունենան ամռանը մասնակցելու ճամբարների։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Աննա Բեգլարյանը, ծանոթ լինելով ՀԿ-ի գործունեությանը, նշեց, որ այն բացառիկ հնարավորություն է դաշտային պայմաններում մասնագիտական գիտելիքները կիրառելու, գործնական կարողությունները զարգացնելու և նոր փորձառություն ստանալու համար։
«Սերվիս» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Անահիտ Հակոբյանին հետաքրքրեց հուշագրի ընձեռած հնարավորությունը:
«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ այս հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրերից օգտվելու։
Էկոտուրիզմը ու նոր արահետների բացահայտումն ինձ միշտ է գրավել։ Դաշտային պրակտիկայի և ամառային ճամբարներին մասնակցելը կնպաստեն ոլորտի վերաբերյալ ստացած մեր տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելուն»,- ասաց Անահիտը:
Հուշագրի ստորագրումն ամփոփվեց թեմատիկ դասախոսությամբ՝ «Արահետները՝ որպես զբոսաշրջության զարգացման միջոց» խորագրով: Աշոտ Դավթյանը ուսանողներին ներկայացրեց էկոտուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը, աշխարհում հայտնի փորձի կիրառումը: