March 01, 2024 | 14:18
Science
Education
Research
YSU Faculty of Biology applicant's research in favor of solving environmental issues
Jemma Manoyan, an applicant at the Chair of Biochemistry, Microbiology and Biotechnology, the YSU Faculty of Biology, conducts research on a relevant topic, which includes environmental objectives.
Աճող բնակչությանը անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու խնդրի հետ մեկտեղ ավելանում է ևս մեկ խնդիր՝ տարբեր տեսակի թափոնների կուտակումը ջրում, հողում և մթնոլորտում: Տվյալ խնդրի լուծման համար կանաչ ջրիմուռների կիրառումը խոստումնալից է այդ օրգանիզմների մեծ բազմազանության, արևային էներգիայի և սուբստրատների լայն տեսականի օգտագործելու ունակության շնորհիվ: Հաշվի առնելով ներկայիս գլոբալ բնապահպանական մարտահրավերները՝ այդ խնդիրների լուծման նպատակով երիտասարդ հետազոտող Ջեմման կատարում է «Արդյունաբերական և կենցաղային թափոնների կիրառությունը կանաչ ջրիմուռներում կենսազանգվածի և կենսաջրածնի ստացման համար» թեմայով գիտահետազոտական աշխատանք: Մեզ հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթող երիտասարդ հետազոտողը պատմեց աշխատանքի արդիականության և կարևորության, նպատակի, ակնկալվող արդյունքների, առաջիկա ծրագրերի մասին:
Ընտրված թեման կարևոր է…
Ես իմ աշխատանքում արդյունաբերական թափոններից ընտրել եմ գարեջրի թափոնը, իսկ կենցաղային թափոններից՝ կարտոֆիլի թափոնը: Գարեջրի արտադրության թափոնը (ԳԱԹ) ալկոհոլի արտադրության կողմնակի արգասիք է, որը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական նյութեր: Ամբողջ աշխարհում միայն գարեջրագործության ոլորտում ԳԱԹ տարեկան արտադրությունը գնահատվում է 40 միլիոն տոննա, իսկ ջրիմուռների կիրառումը ԳԱԹ վերամշակման համար առաջարկում է խոստումնալից լուծում թափոնների հեռացման և միջավայրը աղտոտող արդյունաբերության կայունության ապահովման համար: Իսկ ինչ վերաբերում է կարտոֆիլին, այն աշխարհում ամենից շատ սպառվող սննդամթերքից մեկն է։ Կարտոֆիլի թափոնը առաջանում է տնային տնտեսություններում և սննդի արդյունաբերության մեջ, երբ հեռացնում են կարտոֆիլի պալարի կեղևը: Կարտոֆիլի պալարների մոտավորապես 15-ից 40 %-ը հեռացվում է որպես թափոն: Կենցաղային թափոնները բարձր կենսաքայքայման շնորհիվ նույնպես կարող են օգտագործվել որպես էժան և արժեքավոր սուբստրատ կենսազանգվածի և կենսավառելիքի արտադրության ապահովման համար: Ջրիմուռները, թափոնները վերածելով օգտակար պրոդուկտների, ինչպիսիք են կենսավառելիքը և օգտակար երկրորդային մետաբոլիտները, կարող են օգնել նվազեցնել թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և ապահովել արդյունաբերությունը արժեքավոր միացություններով:
Ակնկալվող արդյունքները հնարավորություն կընձեռեն…
Ստացված արդյունքները ցույց կտան գարեջրի և կարտոֆիլի թափոնների՝ որպես կենսաջրածնի արտադրության արժեքավոր հումքի օգտագործման հնարավորությունը: Տվյալ հետազոտությունը նաև թույլ կտա լուծել թափոնների վերամշակման խնդիրը։ Նախագծի ընթացքում կմշակվեն մոտեցումներ, որոնք թույլ կտան աճեցնել արժեքավոր ջրիմուռներ՝ կենսազանգվածի և կենսաջրածնի բարձր ելքով, ինչպես նաև կնպաստեն Հայաստանում կենսատեխնոլոգիայի զարգացմանը:
Երբ ամփոփեմ հետազոտության արդյունքները, պատրաստվում եմ դրանք տպագրել բարձր ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում: Նշեմ, որ այս տարի պատրաստվում եմ մասնակցել Եվրոպական Կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS- 2024) կազմակերպած գիտաժողովին՝ ներկայացնելու տվյալ նախագծի շրջանակում կատարված հետազոտական աշխատանքը:
Քանի որ հետազոտական աշխատանքի կատարման համար նախատեսված է երեք տարի, ընտրված թափոնները հետազոտելուց հետո ես պլանավորել եմ նաև ուսումնասիրել այլ թափոններ ևս՝ համեմատական վերլուծություն կատարելու նպատակով:
ԵՊՀ-ն՝ գիտությամբ զբաղվելու խթան…
Իմ հետազոտությունները ես ամբողջությամբ կատարում եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: Համալսարանում բոլոր պայմաններն ու հնարավորություններն առկա են գիտությամբ զբաղվելու համար: Գիտական ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք կարողանում ենք հասնել ցանկալի արդյունքի: Իմ հետազոտական աշխատանքի գիտական ղեկավարը Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանն է, որը միշտ աջակցում և ոգևորում է ինձ:
Կարծում եմ, որ գիտական բարձրորակ աշխատանք կատարելու համար, ակադեմիական միջավայրից բացի, անհրաժեշտ է նաև նպատակի սահմանում և մեծ սեր գիտության հանդեպ: