March 05, 2024 | 12:32
Science
Education
Research
Experience of COVID-19 in Armenia: presentation of collective monograph took place at YSU
YSU Publishing House published the collective monograph titled "Experience of COVID-19 in Armenia: The Response and Psychological Consequences", which touches upon the issue of psychological well-being under the condition of COVID-19 and demonstrates the conditioning role of healthcare beliefs and preventive, helping behaviors in the above-mentioned issue.
Վերլուծական առանձին ուղղություն է կազմել մարդկանց՝ Քովիդ-19-ի դեմ (չ)պատվաստման վարքի հիմքում ընկած համոզմունքների, հույզերի և սոցիալ-ժողովրդագրական տարբեր գործոնների դերի ուսումնասիրությունը։ Որակական տվյալների հիման վրա անդրադարձ է կատարվել անհատների՝ Քովիդ-19-ի սուբյեկտիվ փորձառությանը՝ ուրվագծելով համավարակի սոցիալ-հոգեբանական հետևանքները։
2020-2023 թթ․ կատարված հետազոտությունն ամփոփում է եռամյա ուսումնասիրության արդյունքները, որը կատարվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական դրամաշնորհի շրջանակում։
Հետազոտական նախագծի իրականացման ժամանակ գրքի համահեղինակները մասնակցել են 2 միջմշակութային ուսումնասիրության, համագործակցել միջազգային գործընկերների՝ պրոֆեսորներ Ջուլիա Անդրիգետոյի (Institute of Cognitive Sciences and Technologies, National Research Council of Italy and Senior Researcher at the Institute for Future Studies, Stockholm, Sweden), Մագդալենա Ժեմոյտել Պիոտրովկսայի (Cardinal Stefan Wyszynski University Warsaw Institute of Psychology) և Ահարոն Սզեկելիի (Collegio Carlo Alberto, Italy) հետ:
Գրքի հինգ համահեղինակները մեզ հետ զրույցում պատմել են արծարծված խնդիրների, հետազոտության ընթացքի, ուսումնասիրության արդյունքների, համավարակային փորձառության մասին՝ ուրվագծելով համավարակի սոցիալ-հոգեբանական հետևանքները:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը շեշտեց, որ գրքում հանրային սպառնալիքի օրինակով անդրադարձ է կատարվել մեր հասարակության՝ ճգնաժամերին արձագանքելու առանձնահատկություններին և հասարակական խնդիրներին։
«Խնդիրներից մեկը Քովիդ-19-ի ժամանակ մարդկանց հոգեբանական բարեկեցությանը նպաստող գործոններն են՝ վարքաձևերը, համոզմունքները, որոնք առավել կանխորոշիչ դեր են ունեցել հոգեբանական բարեկեցության պահպանման համար։ Քանի որ համավարակը տևեց մի քանի տարի, շատ կարևոր էր հասկանալ՝ մարդիկ ինչպես էին դիմակայում, ինչպես էին պահպանում ներքին հավասարակշռությունը և այլն: Մյուս խնդիրն առնչվում էր պատվաստվելու երկմտանքին: Մենք ուսումնասիրել ենք պատվաստումների և վարակների հետ կապված մարդկանց վախի արտահայտվածությունը, ինչպես նաև դուրս բերել տարածված համոզմունքների 2 խումբ․ մեկը՝ մարդկանց մտահոգությունն էր պատվաստումների ապահով լինելու, մյուսը՝ դավադրապաշտական դատողությունների հետ կապված»,- նշեց Ն. Խաչատրյանը:
Նա հավելեց, որ տարածվող դավադրության տեսություններն իրենց ազդեցությունն էին թողնում նաև մարդկանց համոզմունքների, հետևաբար նաև վարքի վրա՝ հակված լինելով մերժել պատվաստումը՝ որպես համավարակի հաղթահարման միջոց: Պարզվել է, որ վարակի հանդեպ վախը չի նպաստում դավադրապաշտական համոզմունքների արտահայտմանն այն պարագայում, եթե մարդիկ վստահում են գիտությանը, գիտահեն կրթությանը և դրական վերաբերմունք ունեն ընդհանուր առմամբ պատվաստման նկատմամբ: Միևնույն ժամանակ պատվաստանյութի հանդեպ վախը հանգեցնում է դավադրապաշտական համոզմունքների արտահայտմանն այն պարագայում, եթե մարդիկ չեն վստահում գիտությանը, գիտահեն կրթությանը և բացասական վերաբերմունք ունեն պատվաստման նկատմամբ։
ԵՊՀ անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Անի Գրիգորյանը, պատմելով իր կատարած հետազոտության մասին, ասաց, որ ուսումնասիրությունը վերաբերում է համավարակի պայմաններում վստահության հիմնախնդրին․ «Իմ ներդրումն, ընդհանուր առմամբ, եղել է տվյալների հետ աշխատանքը, ինձ հետաքրքրել էր միջանձնային և ինստիտուցիոնալ վստահության դերի ուսումնասիրությունը համավարակի պայմաններում: Անորոշ իրավիճակում, երբ չգիտենք՝ ինչ է լինելու այսօր և վաղը, տարբեր ինստիտուտներից հորդորում են տանը մնալ, դիմակ կրել, դուրս չգալ, այսինքն՝ մեզ առաջարկում են վարքի ցուցումներ, որոնք էապես ազդում են մեր կյանքի կազմակերպմանը: Այս ցուցումներին հետևելու համար կարևոր գործոն է դառնում վստահությունը նրանում, որ դրանք արդյունավետ են, որ ուրիշներն էլ են հետևում դրանց»։
Գիտաշխատողն ընդգծեց, որ համավարակն ուսումնասիրելիս իրենք եղել են և՛ իրավիճակի մասնակիցը, և՛ ապրողը, և՛ վարակվողը, և՛ հետազոտողը՝ այդ ամենը բնութագրելով որպես հետաքրքիր փորձառություն իրենց համար:
«Մենք ձևավորեցինք գիտահեն և տվյալահեն գիտելիք, որը ճիշտ ժամանակին իրավիճակի արձագանքն էր, իսկ նման գիտելիքը հասարակական վտանգ ներկայացնող խնդիրների պարագայում շատ քիչ է»,- ասաց Գրիգորյանը:
ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Անի Պողոսյանն անդրադարձել է սոցիալ-հոգեբանական այն գործոններին, մասնավորապես՝ վարակի և պատվաստանյութերի հանդեպ վախերին և համոզմունքներին, որոնք նշանակություն են ունեցել պատվաստվելու կամ չպատվաստվելու դեպքում: Համեմատական վերլուծություն է կատարվել նաև ըստ ժողովրդագրական գործոնների։
«Դուրս բերված ժողովրդագրական տվյալները եղել են շատ հետաքրքիր: Օրինակ՝ սեռը, տարիքը և կրթությունն այն նշանակալի գործոններն են, որոնք պայմանավորում են մարդկանց պատվաստվելու կամ չպատվաստվելու վարքաձևերը: Երբ մենք ռազմավարություններ մշակելիս գործ ենք ունենում արտակարգ, ճգնաժամային իրավիճակների կամ առոողջության ցանկացած տիպի վարքաձևերի հետ, կարևոր է հաշվի առնել, թե բնակչության որ սեգմենտն է խոցելի: Այդ դեպքում անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի ռազմավարություն է գործածելի, որպեսզի բնակչության մոտ փոխենք այն վերաբերմունքը, որն առնվազն չի նպաստում հասարակական իմունիտետի ձևավորմանը»,- նշեց Ա. Պողոսյանը:
Հետազոտության ժամանակ ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ, անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Աննա Հակոբջանյանի խնդիրը եղել է արտակարգ իրավիճակում հոգեբանական բարեկեցությունը պայմանավորող գործոնների դուրսբերումը:
«Մենք շատ կարևոր արդյունք ստացանք, օրինակ՝ փոխօգնությունը էական նշանակություն ունի նմանօրինակ իրավիճակում մարդկանց հոգեբանական բարեկեցությունը պահպանելու համար: Համավարակի սկզբում և երկու տարի անց մեր կատարած հետազոտությունից ստացած արդյունքները փաստեցին, որ այլ մարդկանց օգնելը, մարդկանցից օգնություն ստանալը պայմանավորող նշանակություն ունեն հոգեբանական բարեկեցության համար: Ամփոփելով՝ փաստեմ, որ հետազոտել ենք հասարակության արձագանքը համավարակին, և այն հասցեագրվում է՝ հետագա մարտահրավերներին դիմակայելու համար»:
ԵՊՀ անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, հ.գ.թ. Սոնա Մանուսյանի կատարած աշխատանքը հիմնված է հետազոտական նախագծի որակական տվյալների՝ անցկացված խորքային և փորձագիտական հարցազրույցների արդյունքների վերլուծության վրա:
«Մենք հարցազրույցներ ենք անցկացրել համավարակին տարբեր կերպ առնչված, տարբեր փորձառություն ունեցող մարդկանց հետ, այդ թվում՝ ընտանիքում կորուստ ունեցածների հետ։ Ուսումնասիրել ենք, թե մարդիկ ինչպես «դիմավորեցին» համավարակը, ինչ ընկալումներ, իմաստավորումներ, դիմադրություններ եղան, ինչպես հաղթահարեցին դրա բերած հոգեբանական դժվարությունները, որոնք էին ընկալվող սոցիալ-հոգեբանական հետևանքները: Կարևոր էր դիտարկել համավարակը՝ որպես ապրված փորձ»,- ասաց Ս. Մանուսյանը:
Նշենք, որ ուսումնասիրությունները գրքում ներկայացված են յոթ հոդվածի տեսքով։ Աշխատությունը կարող է հետաքրքիր լինել հոգեբանների, սոցիալական ոլորտի հետազոտողների, ինչպես նաև հանրային առողջության ոլորտի մասնագետների համար: