April 01, 2024 | 15:17
Partners
International cooperation
Events
International conference "China and Armenia: General Development and Modernization" at YSU
With the purpose of strengthening Armenian-China scientific and educational ties, developing education and science, as well as expanding the scope of international cooperation of the university, an international conference was held at YSU, as part of which programs of bilateral interest and prospects for the development of cooperation were discussed.
Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Երևանի պետական համալսարանը Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ գործընկերային հարաբերություններ էր հաստատել դեռ մինչքովիդյան ժամանակահատվածում: Համաճարակի պատճառով նախանշված ծրագրերի իրականացումը դանդաղել էր, այժմ ուղենշվում է գործակցության ակտիվացում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով երկու երկրների գիտակրթական հաստատությունների կապերի կարևորությունը, նշեց, որ չինարենը միշտ հետաքրքրել է ուսանողներին և օր օրի ավելի գրավիչ է դառնում նրանց համար:
«Մեր ուսանողները կարևորում են չինարենը՝ հաշվի առնելով երկու երկրների՝ օրեցօր խորացող տնտեսական կապերը: Իհարկե, անհնար է պատկերացնել լեզուն առանց մշակույթի, այդ պատճառով կարևոր է լեզվի և մշակույթի միաժամանակ ուսումնասիրությունը, ինչը կատարվում է ԵՊՀ-ում»,- ասաց ռեկտորը:
Բարձր գնահատելով Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի դերը՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ լավագույն կրթական հաստատությունների հետ գործակցությունը առանցքային է գիտական մտքի զարգացման համար: Նա հավելեց, որ ԵՊՀ ներուժը մեծ է ոչ միայն սոցիալական և հումանիտար, այլև ճշգրիտ գիտությունների բնագավառում:
«Պետք է ուրախությամբ փաստեմ, որ ԵՊՀ-ն Հայաստանի առաջատար կրթական, իսկ այսօր նաև գիտական հաստատություններից է: Մենք հրապարակում ենք մեծաթիվ գիտական հոդվածներ միջազգային ամսագրերում։ Ունենք մեծ թվով պրոֆեսորներ և ուսանողներ, բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկկողմ հետաքրքրությունների զարգացմանը»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ գործակցությունը կդառնա կրթության և գիտության ոլորտում հայ-չինական հարաբերությունները զարգացնելու լավագույն միջոցներից մեկը։
«Մենք վերսկսում ենք մեր գործակցությունը և պատրաստվում ենք մի քանի ուղղություններով ծրագրեր իրականացնելու, այդ թվում՝ միջոցառումների, գիտաժողովների, համատեղ հետազոտությունների ձևաչափերով»,- ներկայացրեց նա:
ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, խոսելով հայ-չինական հարաբերությունների մասին, կարևորեց համատեղ կատարվող և նախատեսվող ծրագրերը՝ որպես գիտական մտքի զարգացման և արդիականացման խթան:
«Համատեղ կատարվող ծրագրերը, արդիական տարբեր մեթոդների կիրառումը հնարավորություն կընձեռեն հասնելու տնտեսական արագ զարգացման և սոցիալական երկարաժամկետ կայունության: Գլոբալ արդիականացումը պետք է ուղղված լինի բոլոր երկրների խաղաղ զարգացմանը, փոխշահավետ համագործակցությանը և բարգավաճման ամրապնդմանը: Մենք ուզում ենք ունենալ համաշխարհային խաղաղության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված արդիականացում»,- նշեց դեսպանը:
«Չինաստան և Հայաստան. ընդհանուր զարգացում և արդիականացում» խորագրով գիտաժողովի ժամանակ ուղենշվեցին համատեղ ծրագրեր, որոնք միտված են կրթության ու գիտության զարգացմանը, միմյանց մշակույթն ու լեզուն ճանաչելուն, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Գիտաժողովին մասնակցեցին ԵՊՀ-ի, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչներ: