- Գլխավոր
- Նորություններ
- «Չինաստան և Հայաստան. ընդհանուր զարգացում և արդիականացում». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Ապրիլ 01, 2024 | 15:17
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
«Չինաստան և Հայաստան. ընդհանուր զարգացում և արդիականացում». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Հայ-չինական գիտակրթական կապերի ամրապնդման, կրթության և գիտության զարգացման, ինչպես նաև համալսարանի միջազգային գործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և գործակցության զարգացման հեռանկարներ։
Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Երևանի պետական համալսարանը Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ գործընկերային հարաբերություններ էր հաստատել դեռ մինչքովիդյան ժամանակահատվածում: Համաճարակի պատճառով նախանշված ծրագրերի իրականացումը դանդաղել էր, այժմ ուղենշվում է գործակցության ակտիվացում:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով երկու երկրների գիտակրթական հաստատությունների կապերի կարևորությունը, նշեց, որ չինարենը միշտ հետաքրքրել է ուսանողներին և օր օրի ավելի գրավիչ է դառնում նրանց համար:
«Մեր ուսանողները կարևորում են չինարենը՝ հաշվի առնելով երկու երկրների՝ օրեցօր խորացող տնտեսական կապերը: Իհարկե, անհնար է պատկերացնել լեզուն առանց մշակույթի, այդ պատճառով կարևոր է լեզվի և մշակույթի միաժամանակ ուսումնասիրությունը, ինչը կատարվում է ԵՊՀ-ում»,- ասաց ռեկտորը:
Բարձր գնահատելով Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի դերը՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ լավագույն կրթական հաստատությունների հետ գործակցությունը առանցքային է գիտական մտքի զարգացման համար: Նա հավելեց, որ ԵՊՀ ներուժը մեծ է ոչ միայն սոցիալական և հումանիտար, այլև ճշգրիտ գիտությունների բնագավառում:
«Պետք է ուրախությամբ փաստեմ, որ ԵՊՀ-ն Հայաստանի առաջատար կրթական, իսկ այսօր նաև գիտական հաստատություններից է: Մենք հրապարակում ենք մեծաթիվ գիտական հոդվածներ միջազգային ամսագրերում։ Ունենք մեծ թվով պրոֆեսորներ և ուսանողներ, բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկկողմ հետաքրքրությունների զարգացմանը»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ գործակցությունը կդառնա կրթության և գիտության ոլորտում հայ-չինական հարաբերությունները զարգացնելու լավագույն միջոցներից մեկը։
«Մենք վերսկսում ենք մեր գործակցությունը և պատրաստվում ենք մի քանի ուղղություններով ծրագրեր իրականացնելու, այդ թվում՝ միջոցառումների, գիտաժողովների, համատեղ հետազոտությունների ձևաչափերով»,- ներկայացրեց նա:
ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, խոսելով հայ-չինական հարաբերությունների մասին, կարևորեց համատեղ կատարվող և նախատեսվող ծրագրերը՝ որպես գիտական մտքի զարգացման և արդիականացման խթան:
«Համատեղ կատարվող ծրագրերը, արդիական տարբեր մեթոդների կիրառումը հնարավորություն կընձեռեն հասնելու տնտեսական արագ զարգացման և սոցիալական երկարաժամկետ կայունության: Գլոբալ արդիականացումը պետք է ուղղված լինի բոլոր երկրների խաղաղ զարգացմանը, փոխշահավետ համագործակցությանը և բարգավաճման ամրապնդմանը: Մենք ուզում ենք ունենալ համաշխարհային խաղաղության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված արդիականացում»,- նշեց դեսպանը:
«Չինաստան և Հայաստան. ընդհանուր զարգացում և արդիականացում» խորագրով գիտաժողովի ժամանակ ուղենշվեցին համատեղ ծրագրեր, որոնք միտված են կրթության ու գիտության զարգացմանը, միմյանց մշակույթն ու լեզուն ճանաչելուն, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Գիտաժողովին մասնակցեցին ԵՊՀ-ի, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչներ: