May 03, 2024 | 10:53
Partners
Education
International cooperation
New cooperation prospects with Complutense University of Madrid
Ishkhan Dadyan, Associate Professor at the Chair of Translation Theory and Practice, YSU Faculty of European Languages and Communication, Candidate of Philological Sciences, delivered an eight-hour lecture series at the Complutense University of Madrid (Spain) within the framework of the Erasmus+ Exchange Programme. We talked with him about this experience and his further plans.
- Գիտենք, որ վերջերս եք վերադարձել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանից: Խնդրում ենք պատմել այցի նպատակների և այդ շրջանակում ունեցած ձեռքբերումների մասին:
- Մադրիդում էի «Էրազմուս+» ծրագրի շրջանակում դասախոսություններ կարդալու նպատակով: Դասախոսել եմ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի թարգմանական բաժնում՝ «Համաժամանակյա և հաջորդական թարգմանություն» առարկան: Պետք է նշեմ, որ այս համալսարանում էի արդեն 2-րդ անգամ, և սա կարևոր ու հետաքրքիր փորձառություն էր:
ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում ղեկավարում եմ «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը: Թե՛ մագիստրոսական ծրագրի և թե՛ ամբիոնի կրթական գործընթացի կազմակերպման համատեքստում ես և գործընկերներս մշտապես ուշադրություն ենք դարձնում նոր մեթոդների, գաղափարների ներդրմանը, ինչպես նաև կրթական նոր ծրագրերի մշակմանը: Այս անգամ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Մադրիդ մեկնելու հիմնական նպատակներից էր Կոմպլուտենսե համալսարանի հետ քննարկել համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր ստեղծելու գաղափարը, որը հնարավորություն կտա ունենալու մագիստրոսական համատեղ դիպլոմ: Սա, իհարկե, բավականին երկար գործընթաց է:
- Որքանո՞վ եք կարևորում նմանօրինակ ծրագրերն ու դրանց նշանակությունը։
- Նմանօրինակ ծրագրերը չափազանց կարևոր են, քանի որ դրանք մեծապես նպաստում են երկու համալսարանների միջև համագործակցային կապերի հաստատմանն ու խորացմանը: Մենք այդպիսի փորձ ունեցել ենք նաև Վերոնայի համալսարանի հետ, երբ ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի և Վերոնայի համալսարանի օտար լեզուների և գրականության բաժնի միջև սերտ գործակցությունը վերաճեց երկու համալսարանների միջև գործընկերային կապերի հաստատման:
Կոմպլուտենսեում էի ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ, դոցենտ Ռուզան Ղազարյանի հետ: Նրա հետ հանդիպումներ ունեցանք նաև Կոմպլուտենսե համալսարանի միջազգային վարչության, բանասիրության ֆակուլտետի ներկայացուցիչների, դասախոսական կազմի հետ՝ քննարկելով համատեղ ծրագրեր, վեբինարներ, սեմինարներ, գիտաժողովներ անցկացնելու գաղափարները:
- Խնդրում եմ ներկայացնել, թե ինչ հնարավորություններ են ընձեռում միջազգային փոխանակման ծրագրերը և ինչքանով են դրանք կարևոր գիտական կյանքի զարգացման համար:
- Միանշանակ, մի բան է, երբ գիտությունն ու կրթությունը զարգանում են լոկալ միջավայրում, մեկ այլ, երբ դուրս ես գալիս տեղական շրջանակից, ծանոթանում այլ երկրների օրինակին, արտերկրի գործընկերների աշխատանքին, գաղափարներին ու մոտեցումներին: Այդ իսկ պատճառով խիստ կարևորում եմ փոխանակման նմանօրինակ ծրագրերը ոչ միայն գիտությամբ զբաղվող անձանց, այլև ընդհանրապես համալսարանի զարգացման տեսանկյունից: Օրինակ՝ 2022 թ․ Կոմպլուտենսե համալսարանում լինելը վճռորոշ եղավ ամբիոնում «Եռալեզու թարգմանություն» առարկան ներդնելու տեսանկյունից: Եթե նախկինում ունեինք միայն անգլերեն-հայերեն թարգմանություն, իսկ մյուս լեզուները ուսուցանվում էին պարզապես որպես օտար լեզուներ, ոչ թարգմանական մակարդակում, ապա այժմ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու եռալեզու թարգմանություն. այսպիսով՝ ունենք հայերեն-անգլերեն-իսպաներեն, հայերեն-անգլերեն-ֆրանսերեն, հայերեն-անգլերեն-գերմաներեն և հայերեն-անգլերեն-իտալերեն եռյակները:
Պետք է նշեմ, որ որպես երկրորդ օտար լեզու ուսանողների շրջանում հատկապես մեծ պահանջարկ ունի իսպաներենը, ինչը հավանաբար պայմանավորված է այս լեզվի աշխարհագրական մեծ տարածվածությամբ և իսպանական մշակույթին ծանոթանալու բուռն ցանկությամբ: Այս համատեքստում հատկապես Կոմպլուտենսե համալսարանի հետ գործակցությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է:
- Տեղյակ ենք, որ ամբիոնի «Translation Studies: Theory and Practice» միջազգային գիտական պարբերականը բավականին մեծ հաջողություններ է գրանցում: Կպատմե՞ք պարբերականի անցած ճանապարհի և ծրագրերի մասին:
- Նախ ասեմ, որ մեր պարբերականը վերջերս է ստեղծվել և ընդամենը 3 տարվա ընթացքում կարողացել է զգալի հաջողություններ գրանցել: Շատ ենք լսում կարծիքներ, որ մեր ամսագիրը այս ոլորտում անգերազանցելիներից է: Հասցրել է ինդեքսավորվել «ERIHPlus», «DOAJ», «MIAR», «EBSCO», «Sherpa Romeo» և մի շարք այլ կարևոր միջազգային շտեմարաններում: Վերջերս իտալացի մեր գործընկերներից տեղեկացանք, որ պարբերականն ինդեքսավորվել է նաև Համալսարանների և գիտահետազոտական համակարգերի գնահատման իտալական ազգային գործակալության կողմից (l'Agenzia Nazionale di Valutazione del Sistema Universitario e della Ricerca), որը հիրավի մեծ ձեռքբերում է: Կարծում եմ՝ Հայաստանում դեռևս նախադեպը չի եղել, որ տեղական որևէ պարբերական ընդգրկվի եվրոպական այլ երկրի՝ գիտահետազոտական ոլորտը կարգավորող մարմնի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկում:
Մեր առաջնային նպատակներից է նաև հասնել այն արդյունքին, որ ամսագիրը ինդեքսավորվի «Scopus» և «Web of Science» միջազգային գիտական շտեմարաններում: Պարբերականի շրջանակում գործակցում ենք մի շարք հայտնի գիտակրթական հաստատությունների հետ, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (Մեծ Բրիտանիա), Քենթի պետական համալսարանի (ԱՄՆ), Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի (Իսպանիա), Վերոնայի համալսարանի (Իտալիա), Կիևի Բորիս Գրինչենկոյի անվան համալսարանի (Ուկրաինա), Վիլնյուսի պետական համալսարանի (Լիտվա), Ստոկհոլմի համալսարանի հետ և այլն: Վերջերս մեր ամսագրում տպագրվել են Թեո Հերմանսի, Բրայն Ջեյմս Բեյրի և Փիթր Քաուիի աշխատանքները։ Նրանք այս ոլորտում ժամանակի ամենախոշոր գիտնականներից են, և նրանց հոդվածների տպագրությունը մեր պարբերականում ինքնին մեծ ձեռքբերում է:
- Ամփոփելով հարցազրույցը՝ կխնդրեի խոսել ապագա ծրագրերի և նպատակների մասին:
- Մեր տարածաշրջանում շատ քիչ են ակադեմիական միջավայրերում բացառապես թարգմանություն դասավանդող բաժինները։ ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնն այն եզակի կառույցներից է, որը ստանձնել է թարգմանիչներ պատրաստելու, հատկապես 21-րդ դարում այդքան անհրաժեշտ, մեծ պահանջարկ ունեցող բանավոր թարգմանիչներ պատրաստելու պարտականությունը: Հետևաբար մեր առաջնային նպատակներից է ամրապնդել բանավոր թարգմանության ճյուղը: Հենց այս նպատակով Մադրիդում էի հատկապես բանավոր թարգմանություն դասավանդելու համար, որպեսզի հասկանամ, թե ինչ մոտեցումներ ու նորություններ կան այնտեղ, որոնք կարող ենք ներդնել մեր կրթական համակարգում: Այս համատեքստում կարևոր ցանկություններից ու նպատակներից է աշխատել տեխնիկական հագեցվածության համալրման ուղղությամբ, քանի որ, օրինակ, թարգմանչական խցիկների կամ անհրաժեշտ այլ սարքավորումների առկայությունն առավել մոտիվացնում է ուսանողին, դրդում ավելի սիրով հաճախելու պրակտիկ դասերին և, իհարկե, նպաստում, որ փորձի ավելի մեծ պաշարով մտնի աշխատանքային շուկա:
Խոսքս ուզում եմ եզրափակել՝ ընդգծելով, որ թարգմանությունը մարդկանց և մշակույթներն իրար կապող կամուրջ է և դարեր շարունակ անփոխարինելի դեր է ունեցել մարդկության զարգացման գործում: Այս ոլորտի կենսունակության համար կարևոր գրավական է թե՛ ուսանողի աշխատանքը անհատական մակարդակում, թե՛ գիտակրթական հաստատությունների՝ համակարգային մակարդակում: