July 03, 2024 | 11:48
Education
Events
Graduates
Embarking on a professional journey: YSU Economics and Management Faculty graduates receive diplomas
YSU celebrated the graduation of its 100th cohort from one of its ancient faculties, the Faculty of Economics and Management, sending them off on an auspicious professional journey with a memorable, festive event.
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2023-2024 ուստարվա շրջանավարտներին իր շնորհավորական խոսքը հղեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Երևանի պետական համալսարանի գլխավոր նպատակը որակյալ կրթության ապահովումն է, քանի որ այն ուղղակիորեն կապված է մեր երկրի տնտեսության, բիզնեսի, կառավարման և պետական համակարգի հետ: Նա նաշեց, որ այս առումով շրջանավարտները կարող են վստահ լինել, որ ստացել են անհրաժեշտ գիտելիքներ՝ ճիշտ շարունակելու և զարգացնելու մասնագիտական ուղին:
«Որքան հարուստ կլինեն ձեր գիտելիքները, այնքան կնպաստեք մեր երկրի զարգացմանը: Հիշե՛ք՝ կրթությունը չի ավարտվում համալսարանական ուսումնառությամբ: Ամբողջ կյանքը սովորելու գործընթաց է, հետևաբար՝ միշտ պետք է կարդալ նոր տեսություններ, ծանոթանալ նոր ծրագրերի, որ հնարավորություն ունենաք շարժվելու ժամանակին համընթաց»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտները դարձել են պետական և մասնավոր ոլորտների առաջադեմ մասնագետներ: Նրանցից մի քանիսի անցած մասնագիտական ուղուն համառոտ անդրադարձավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Կառլեն Խաչատրյանը:
«Ուզում եմ ձեզ պատմել ֆակուլտետի 2000 թ. շրջանավարտների՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանի և ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանի մասնագիտական հաջողությունների մասին: Նրանք լավագույն շրջանավարտների օրինակ են, որոնք ֆակուլտետն ավարտելուց հետո ընտրել են մասնագիտական տարբեր ուղիներ՝ հաջողելով պետական, մասնավոր ու գիտակրթական ոլորտներում: Վստահ եմ, որ ձեր շարքերում են նրանց գործը շարունակողներն ու նրանց ապագա փոխարինողները, վաղվա նախարարները, գործարարներն ու կառավարիչները, պրոֆեսորներն ու գիտնականները»,- նշեց Կ. Խաչատրյանը:
Խոսելով համալսարանի՝ ուսանողների կյանքում ունեցած ավանդի և դերի մասին՝ նա շեշտեց, որ համալսարանական լինելը պարտավորեցնող է, և ցանկացած միջավայրում ԵՊՀ ներկայացուցիչներից սպասելիքներն ու ակնկալիքները մեծ են:
«Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարիները եղել են մասնագիտական կերտման և զարգացման ամենակարևոր շրջանը: Դուք հաղթահարել եք բազմաթիվ դժվարություններ և մարտահրավերներ: Վստա՛հ եղեք, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն արել է ամեն բան մրցունակ կրթություն ապահովելու համար: Հիշե՛ք, որ հարափոփոխ աշխարհում հաղթում է նա, ով չի վհատվում դժվարություններից, չի խուսափում պատասխանատվությունից և կարողանում է սահմանել հստակ առաջնահերթություններ, լուծել խնդիրներ: Ուրեմն, հպարտորեն կրե՛ք համալսարանական լինելու կոչումը և միշտ բա՛րձր պահեք ԵՊՀ-ի և ձեր հարազատ ֆակուլտետի անունը: Շարունակե՛ք կրթվել ու վստա՛հ եղեք, որ աշխատաշուկայում կգտնեք ձեր տեղը»:
Ինչո՞ւ և ինչո՞վ է կարևորվում շրջանավարտների դերը. շնորհավորական իր խոսքում այս հարցերին անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այսօր չափազանց կարևոր օր է ոչ միայն ձեզ, այլև պետության համար, քանի որ մարդու ծնունդից սկսած՝ պետությունն իր անընդհատական ներդրումն է ունենում քաղաքացու կյանքում: Հետո, երբ քաղաքացին ավարտում է ուսումը, սկսվում է հակառակ գործընթացը. անհատն է ներդրում կատարում պետության զարգացման գործում: Ուստի, ձեզնից յուրաքանչյուրը խիստ կարևոր է մեզ համար, և դուք մեծ արժեք եք ներկայացնում պետության ապագայի համար»:
Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներ Արթուր Սահակյանը («Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն), Անդրանիկ Գրիգորյանը («Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն), Սերգեյ Խաչատրյանը («Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն), ինչից հետո անցկացվեց ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հավելենք, որ 1934 թվականից ի վեր՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ավարտել են հազարավոր բարձրակարգ մասնագետներ, որոնք, գերազանց տիրապետելով իրենց մասնագիտությանը, հաջողությամբ և բարձր արդյունավետությամբ աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, պետական կառավարման համակարգում, գիտահետազոտական կենտրոններում և համալսարաններում:
Տարբեր կրթական ծրագրերով շուրջ 1300 ուսանողներ (առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ և հայցորդներ) այսօր մասնագիտական կրթություն են ստանում համալսարանում: