July 24, 2024 | 12:54
Educational programs
Competitions
Student
Choosing profession with purpose to serve the motherland
Irina Badalyan, a graduate of the "Caucasus Studies" master’s program at the YSU History Faculty, has been honored as one of the winners of this year’s YSU Best Student Competition. She earned this recognition for her high academic performance, her dedication to applying her knowledge for the public good, and her active involvement in social activities at the university.
Իրինան՝ որպես ԵՊՀ լավագույն ուսանող, պատմել է իր մասին:
Կամավորական աշխատանք՝ հանուն կրթության բարելավման
Մինչ ԵՊՀ ընդունվելն արդեն ունեի այն գիտակցությունը, որ ոլորտում պետք է լինեմ լավագույններից մեկը, ուստի փորձել եմ առավելագույնս զարգացնել և դրսևորել իմ մասնագիտական ներուժը։ Լինելով ՈՒԳԸ-ի արտաքին կապերի պատասխանատուն՝ նաև ՈւԽ-ի ակտիվ անդամներից մեկն էի։ Իմ պարտականություններից էր ԵՊՀ-ում և համագործակցող համալսարաններում գործող կրթական ու գիտական ծրագրերը Պատմության ֆակուլտետի ուսանողներին ներկայացնելը։ Թե՛ համալսարանում, թե՛ համալսարանից դուրս զբաղվել եմ կամավորական բազմաթիվ աշխատանքներով։
Մասնագիտության ընտրությունը՝ հայրենիքին ծառայելու նպատակ
Մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմն ինձ համար վճռորոշ էր: Մտածում էի՝ ինչով կարող եմ օգնել պատերազմի դաշտում մարտնչող ընկերներիս: Որոշեցի դիմել «Կովկասագիտություն» կրթական ծրագրին, որը, նախապատրաստելով հայագիտական-կովկասագիտական հիմնարար գիտելիքներով զինված, միջազգային գիտական ասպարեզներում մրցունակ մասնագետներ, ի թիվս մեկ եվրոպական լեզվի և վրացերենի, հնարավորություն է տալիս սովորելու նաև ադրբեջաներեն՝ խորացված ուսուցմամբ:
Ադրբեջանագիտությունը՝ պահանջված մասնագիտություն
Իհարկե կողմ եմ արտասահմանում կրթական ծրագրերի մասնակցելուն, բայց իմ ապագան պատկերացնում եմ միայն Հայաստանում։ Մասնավորապես՝ 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրավացիորեն առաջ է մղվել ադրբեջանագիտությունը. մեզ պետք են հմուտ մասնագետներ՝ Ադրբեջանը համակողմանիորեն ուսումնասիրելու և ճանաչելու տեսանկյունից։
Գիտական հոդվածներ՝ հայերի ու ադրբեջանցիների ժողովրդագրական գործընթացների վերաբերյալ
Այս վեց տարիների ընթացքում կատարել եմ մի շարք ուսումնասիրություններ։ Ունեմ հրատարակված հոդվածներ, որոնցում ներկայացրել եմ նաև Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների մասին իմ հետազոտությունները։ Ուսումնասիրելով տեղի կրթամշակութային կյանքը, հայրենիք-սփյուռք հարաբերությունները՝ ցանկացել եմ հասկանալ և բացահայտել այն կրթամշակութային խնդիրները, որոնց բախվում է հայրենիքից կտրված, հաճախ ադրբեջանական բնակավայրերով շրջապատված հայկական սփյուռքի այդ հատվածը:
Ուսումնասիրել եմ նաև Հյուսիսային Կովկասում հայերի ու ադրբեջանցիների ժողովրդագրական գործընթացները, հայկական ու ադրբեջանական սփյուռքների ձևավորման պատմական ընթացքը, երկու համայնքների փոխառնչությունները, հնարավոր երկխոսության հիմքերը՝ փորձելով հասկանալ համայնքների զարգացման հետագա միտումները:
Հետազոտությունների մաս են կազմել նաև դաշտային աշխատանքները. կազմակերպվել են հարցազրույցներ հիմնականում հոգևորականների հետ, որոնք առաջինն են կապ հաստատում տեղի հայաշատ համայնքների հետ ու բավականին իրազեկված են։
Գիտական հոդվածներիցս երկուսը հրատարակվել են միջազգային ամսագրերում. «Կրթամշակութային կյանքը Հյուսիսային Կովկասի հայկական համայնքներում 21-րդ դարում» վերտառությամբ հոդվածը՝ Թբիլիսիի պետական համալսարանի «Mermisi» ամսագրում, իսկ «Սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայրենասիրական կրթության տարածումը «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի օրինակով» վերնագրով հոդվածը՝ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի ամսագրում։
Համատեղելով ուսումն ու մասնագիտական աշխատանքը
Այժմ աշխատում եմ Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնում՝ որպես գիտաշխատող-հետազոտող։ Իմ ուսումնասիրության շրջանակում է արցախյան պատերազմը, թանգարանի հետազոտողների հետ փորձում ենք վերհանել ու հանրությանը ներկայացնել արցախյան թեմային վերաբերող այն ֆոնդային նյութերը, որոնք մինչ այս շատերին հասու չեն եղել։
Նախատեսում եմ ասպիրանտուրայում կրթությունս շարունակել «Հյուսիսային Կովկաս», «Ադրբեջանագիտություն» կամ «Վրացագիտություն» մասնագիտացումներից որևէ մեկով։