October 11, 2024 | 16:30
Science
Conferences
International cooperation
YSU conference aimed at fostering the esteem of French language and literature
A three-day conference titled "Days of French Literature" was held at YSU, dedicated to elevating the scholarly understanding of French language and literature through presentations, lectures, and film screenings.
Այս տարի «Ֆրանսիական գրականության օրեր» գիտաժողովը նվիրված էր ականավոր գրող, թատերագիր Ժան Կոկտոյին, որի ստեղծագործությունները մեծ արժեք ունեն ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաշխարհային գրականության համար։
Գիտաժողովի բացման ժամանակ ելույթով հանդես եկավ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը: Նա կարևորեց գիտաժողովի կազմակերպումը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման տեսանկյունից:
«Հենց Ֆրանսիայում են ի հայտ եկել համաշխարհային մշակույթի և գրականության բազմաթիվ ուղղություններ, որոնք էական ազդեցություն են ունեցել պատմության ընթացքի, արվեստի, համաշխարհային գիտության զարգացման վրա: Կարծում եմ, որ համաշխարհային արվեստի կենտրոն Ֆրանսիայի մշակութային ժառանգությունը չափելի չէ: Այո՛, Ֆրանսիան մեծագույն երկիր է, երբ խոսքը գնում է գրականության, արվեստի, փիլիսոփայության, գիտության և գրականության մասին: Բոլորս մեր սոցիալիզացիայի գործընթացում առնչվել ենք ֆրանսիական գրականության հետ, ինչը նպաստել է մեր աշխարհայացքի ձևավորմանը: Ժան Կոկտոն 20-րդ դարի առեղծվածային արվեստագետներից մեկն է, ֆրանսիական գրականության յուրահատուկ և ամենավառ կերպարներից, որին դեռ պետք է բացահայտել, ինչին էլ միտված է այս գիտաժողովը»,- ասաց պրոռեկտորը:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ Գայանե Սարգսյանը այսօրինակ գիտաժողովների անցկացումը կարևորեց հատկապես ուսանողների համար։ Նա ընդգծեց, որ ուսանողները, շփվելով գիտնական լեզվակիրների հետ, ընդլայնում են իրենց մտահորիզոնն ու աշխարհայացքը, ամրապնդում մասնագիտական գիտելիքները։
«Գիտաժողովը հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու ֆրանսիացի մասնագետների հետ, լսելու նրանց տեսակետները մասնագիտական հարցերի վերաբերյալ։ Հրավիրյալ դասախոսները, հեղինակի և նրա գրական-մշակութային գործունեությունից բացի, ներկայացնում են նաև թե՛ դարաշրջանը, թե՛ այդ դարաշրջանում տեղի ունեցած շրջադարձային երևույթները»,- նշեց Գ. Սարգսյանը՝ հավելելով, որ ընտրված ձևաչափը հետաքրքիր է, և յուրաքանչյուր տարի գիտաժողովը նվիրվում է ֆրանսիացի հայտնի գրողներից որևէ մեկին:
Նախորդ տարի գիտաժողովը նվիրված էր ֆրանսիացի գրող, փիլիսոփա Ալբեր Քամյուին:
Դասախոսություններից, զեկուցումներից զատ՝ «Ֆրանսիական գրականության օրեր»-ի շրջանակում ԵՊՀ-ում տեղի ունեցավ նաև կլոր սեղան-քննարկում՝ «Կոկտոն իմ աչքերով» խորագրով. ուսանողները ֆրանսերենով ներկայացրին իրենց պատկերացրած Ժան Կոկտոյին, որից հետո ծավալվեց քննարկում:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերի գծով խորհրդական Քսավիե Ռիշարը նշեց. «Այսօրինակ միջոցառումները հիանալի միջոց են ֆրանսիական գրականության և լեզվի տարածման համար։ Գիտաժողովը նաև նպաստում է բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցությունների ստեղծմանն ու զարգացմանը»:
Գիտաժողովի կազմակերպիչներից Աիդա Կառնիկյանը, ԵՊՀ-ն կամրջելով ֆրանսիական տարբեր համալսարանների հետ, աջակցում է ուսանողներին՝ ուսումնասիրելու ֆրանսիական գրականությունն ու լեզուն:
«Տարիներ առաջ Ֆրանսիայի ազգային արխիվների կենտրոնի հետ մենք սկսեցինք պատրաստել այս գիտաժողովների շարքը՝ նպատակ ունենալով տարածելու ֆրանսիական մշակույթը, լեզուն, գրականությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ «Ֆրանսիական գրականության օրեր» գիտաժողովը առիթ հանդիսացավ զարգացնելու երկկողմ հարաբերությունները, ընդլայնելու համագործակցության շրջանակը, կազմակերպելու դասախոսություններ, նախանշելու ապագայի համատեղ ծրագրեր։
Սորբոնի համալսարանի (Ֆրանսիա) համեմատական գրականության պրոֆեսոր Բերնար Ֆրանկոն, անդրադառնալով ԵՊՀ-ի հետ շարունակական համագործակցությանը, հույս հայտնեց, որ առաջիկայում այն է՛լ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:
Նշենք, որ գիտաժողովն անցկացվեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, «Ֆրանսիական գրականության օրեր» ասոցիացիայի և «Ազնավուր» հիմնադրամի համագործակցության շրջանակում: