November 07, 2024 | 15:18
Culture
Student
YSU students and cultural engagement
YSU Charles Aznavour Cultural Center plays an important role in the university community; it organizes various events: concerts, stage performances, exhibitions, debates, master classes, contributing to the development of students' creative minds and expanding their skills. The cultural center is also an important platform for cultural dialogue, where students have the opportunity to learn about the cultures of different countries and exchange ideas.
ԵՊՀ-ում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատանքները միտված են զարգացնելու համալսարանի մշակութային կյանքը, ապահովելու ուսանողների ակտիվ մասնակցությունը մշակութային կյանքին՝ արվեստի, երաժշտության, թատրոնի և այլ ոլորտներում։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը՝ ուսանողական կյանքի մշակութային կարևոր բաղադրիչ
Արդյո՞ք տարիների ընթացքում փոխվել են ուսանողների հետաքրքրությունները մշակույթի նկատմամբ, որքանո՞վ են ԵՊՀ ուսանողները ներգրավված մշակութային նախաձեռնություններում. այս և բազմաթիվ այլ հարցերի մասին զրուցել ենք ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հետ, որը տարիներ շարունակ զբաղվում է համալսարանի մշակութային կյանքի կազմակերպմամբ։
«Մենք 2006 թվականից մինչ այժմ ամեն տարի հանդիպում ենք առաջինկուրսեցիների հետ և պատմում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մասին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներգրավվելու մշակույթի կենտրոնում գործող խմբերում։ Պատրաստում ենք հայտադիմումներ և բաժանում բոլորին, ուսանողներն էլ, ըստ ցանկության, հետաքրքրության, ընտրում են խմբերը և անդամակցում։ Նախորդ տարի մենք ունեցել ենք 250, իսկ այս տարի՝ 270 հայտադիմում։ Կարծում եմ, որ ներկայում սա նորմայի մեջ գտնվող ցուցանիշ է, քանի որ մշակութային հակումներ, հետաքրքրություններ բոլորը չէ, որ ունենում են․ հետաքրքրվում են այն մարդիկ, որոնք ունեն հակումներ, նախասիրություններ։ Ամեն տարի կենտրոնը համալրվում է շուրջ 270-300 առաջինկուրսեցիներով, ինչը, կարծում եմ, լավ ցուցանիշ է։ Ճիշտ է, մինչև 2017 թվականը երիտասարդներն է՛լ ավելի շատ էին մասնակցություն ցուցաբերում մշակութային կյանքին, սակայն տարիների ընթացքում մի շարք գործոններ (համավարակ, պատերազմ) իրենց ազդեցությունն ունեցան երիտասարդների՝ կենտրոնի աշխատանքներում ընդգրկվածության վրա։ Ամեն տարի ցուցանիշը փոխվում է, և մենք՝ որպես մշակույթի կենտրոն, շարունակում ենք կատարել մեր հիմնական գործառույթն ուսանողների ստեղծագործական և մշակութային հակումները զարգացնելու համար»,- նշեց Կարինե Դավթյանը։
Ներդնել եվրոպական լավագույն համալսարանների փորձը
Պատմելով Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գործունեության, կատարվող աշխատանքների մասին՝ կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը շեշտեց, որ կարևոր է պարբերաբար նորամուծություններ ներդնել՝ համապատասխանեցնելով դրանք ուսանողների ներկայիս պահանջներին։ Նա նաև առաջարկեց մի շարք տարբերակներ, որոնք կօգնեն է՛լ ավելի ակտիվացնելու ուսանողների ներգրավվածությունը մշակութային ոլորտում․ «Ես առաջարկում եմ ուսումնասիրել եվրոպական առաջատար համալսարանների փորձը, որտեղ մշակութային խմբերի աշխատանքներին մասնակցելը պարտադիր է։ Օրինակ՝ մի շարք համալսարաններում ուսանողները, մասնակցելով մշակութային կենտրոնների ծրագրերին, ստանում են կրեդիտներ։ Արտերկրի մի շարք առաջատար բուհերում մշակութային դաստիարակությունը շատ կարևորում են, քանի որ համոզված են, որ արվեստին ու մշակույթին ներգրավվածությունը օգնում է զարգացնելու ստեղծագործական մտածողությունը, ինչն իր հերթին բարձրացնում է նաև մասնագիտական կարողությունները։ Երբ ուսանողը մասնակցում է մշակութային խմբերի, նրա մտածելակերպը դառնում է ավելի լայն ու ստեղծագործական, ինչը շատ կարևոր է կրթական գործընթացում։ Ես կարծում եմ, որ սա մեծ մոտիվացիա կլինի մեր ուսանողների համար, և եթե նմանօրինակ մոտեցումը կիրառվի, դա կնպաստի նաև մեր հասարակության մշակութային ու մտավոր մակարդակի բարձրացմանը»։
Հմտությունների ձեռքբերում՝ երգչախմբից մինչև ուսանողական թատրոն
Հետևողական և համակարգված գործընթացի արդյունքում հայտերը ստանալուց հետո սկսվում է քասթինգի կամ նախնական ընտրության փուլը, որի ընթացքում ուսանողները ներկայացնում են ստեղծագործություններ՝ բանաստեղծություն, երգ, պար կամ էտյուդ, որտեղ հաշվի են առնվում ուսանողների ցանկությունները և ստեղծագործական հնարավորությունները։
«Մենք չենք պահանջում որևէ խիստ չափանիշ, որովհետև ուսանողը գալիս է սովորելու»,– նշում է Կարինե Դավթյանը։ Մշակույթի կենտրոնում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ անհատական մոտեցում է կիրառվում, ինչը թույլ է տալիս տարբեր խմբերում գտնվող ուսանողների համար ստեղծել անհրաժեշտ միջավայր՝ զարգացնելու իրենց ունակությունները։ Բացի մասնագիտական հմտություններից՝ Կարինե Դավթյանն աշխատում է հարստացնել ուսանողների գիտելիքները մշակույթի, արվեստի, գրականության ոլորտներից։ Նա տրամադրում է գրքեր, որոնք նախատեսված են հայ և համաշխարհային թատրոնի, կինոյի զարգացման պատմությունը սովորելու համար։ Ուսանողները կարող են ծանոթանալ հայտնի դերասանների, ռեժիսորների գործունեությանն ու ֆիլմերին՝ ընդլայնելով իրենց մտահորիզոնը և ստանալով համաշխարհային մշակութային ժառանգության մասին արժեքավոր գիտելիքներ։
«Անկախ ընտրված մշակութային խմբից՝ մենք աշխատում ենք խոսքային և արտասանական խնդիրների շտկմամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվում հենց խոսքային թերություններին՝ ձայնային թերությունները վերացնելու և խոսքի առանձին սխալները շտկելու ուղղությամբ»,– ասաց կենտրոնի տնօրենը։
Մշակութային երկխոսություն
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, բացի ստեղծագործական խմբերի աշխատանքներ և միջոցառումներ կազմակերպելուց, նաև նպաստում է ուսանողների միջև մշակութային երկխոսության զարգացմանը։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գործունեությամբ հետաքրքրված է ֆրանսիացի ուսանող Տիֆեն Վեսելլան, որը «Էրազմուս+» ծրագրով է ժամանել Հայաստան՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կրթությունը շարունակելու։ Ուսանողը 6 տարի է սովորում է հայերեն, «սիրահարված» է հայոց լեզվին, մշակույթին. անգամ մկրտվել է հայկական եկեղեցում և ստացել Գայանե անունը։ Նա նպատակ ունի հայկական մշակույթը տարածելու Ֆրանսիայում։
«Կենտրոնի մասին իմացել եմ դեռ Ֆրանսիայում. իմ ծանոթը՝ այս կենտրոնի սաներից Մարիամը, ինձ պատմել է կենտրոնի գործունեության մասին։ Երբ եկա այստեղ, Կարինե Դավթյանի իրազեկումների ժամանակ մոտեցա նրան և հարցրի, թե կարող եմ ընդգրկվել կենտրոնի խմբում։ Արդեն մի քանի ամիս է՝ երգում եմ երգչախմբում։ Մեծ ցանկություն ունեմ շարունակելու ապրեցնել հայկական մշակույթը, սովորել և տարածել այն Ֆրանսիայում, քանի որ ինձ համար մշակույթը հետաքրքիր է։ Ամենակարևոր բանն այն է, որ մենք սովորեցնենք մարդկանց սիրել մշակույթը և ապրեցնել այն»,- ասաց Տիֆենը՝ հավելելով, որ շատ է սիրել ԵՊՀ օրհներգը և Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը։
ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հասմիկ Սարգսյանի համար թատերական ներկայացումներում ընդգրկվելը եղել է թաքուն երազանք։ Հասմիկն ի սկզբանե ցանկացել է ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սակայն հանգամանքների բերումով չի ստացվել։ Որոշել է ընդունվել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ և միանալ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիային (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Դավթյան)՝ ստանալով երազանքի իրականացման հնարավորություն։
«Այստեղ ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Թատրոնը ինձ ոչ միայն նոր հմտություններ ու գիտելիքներ է տալիս, այլ նաև հնարավորություն է ստեղծում ինքս ինձ բացահայտելու, արտահայտվելու և դառնալու մի մասն այն մշակութային միջավայրի, որը ցանկանում եմ»,- նշեց նա։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը միավորում է ուսանողների ստեղծագործական ներուժը և նպաստում է մշակութային արժեքների ձևավորմանը, զարգացմանը՝ ստեղծելով մշակութային, ստեղծագործական և կրթական միջավայր բոլորի համար։