November 05, 2024 | 17:25
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Գերմաներենի դերը բազմալեզու աշխարհում. համաժողով ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային համատեքստում» խորագրով երկօրյա համաժողով։ Այն նպատակ ուներ ներկայացնելու գերմաներենի դերը ժամանակակից փոփոխվող աշխարհում, ինչպես նաև ստեղծելու մասնագիտական համայնք, որը կաջակցի ուսուցիչներին և լեզվաբաններին՝ մշակելու նորարարական լուծումներ ու ռազմավարություններ՝ համապատասխան գերմաներենի ուսուցման ժամանակակից պահանջներին։
Համաժողովի շրջանակում քննարկվեցին գերմաներենի տարածմանն ուղղված և գերմանագիտության ոլորտում արդյունավետ դասավանդմանն առնչվող թեմաներ, ներկայացվեց գերմաներենի դերն աշխարհում, որտեղ այն՝ որպես միջազգային լեզու, մրցակցության մեջ է անգլերենի հետ։ Բանախոսներն անդրադարձան գերմաներենի դերին բազմալեզու աշխարհում՝ ներկայացնելով այն մարտահրավերները, որոնց բախվում են մասնագետները, երբ գերմաներենը դասավանդվում է որպես երկրորդ կամ երրորդ լեզու։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ասաց․ «Այս նշանակալի միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-գերմանական գիտակրթական կապերի կարևորությունը։ ԵՊՀ-ն բարձր է գնահատում մեր երկրում գերմաներենի, գերմանական մշակույթի տարածմանը և կրթության զարգացմանը նպաստող ծրագրերը։ Համալսարանում արժևորվում է միջազգային համագործակցությունը, հատկապես՝ գերմանական բուհերի և կազմակերպությունների հետ գործընկերային կապերի հաստատումը։ Հայ-գերմանական կրթական փոխանակման ծրագրերն ու գիտական համատեղ նախագծերը հարստացնում են մեր ուսանողների և դասախոսների փորձն ու գիտելիքները՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու նոր հորիզոններ գիտության և կրթության ոլորտում։ Համոզված եմ, որ այս միջոցառումը կնպաստի հայ-գերմանական գործակցային կապերի հետագա ամրապնդմանը»։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, կարևորելով ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված այս գիտական միջոցառումը, նշեց․ «Համոզված եմ, որ այս հարթակը կնպաստի ոլորտի մասնագետների ուսումնասիրությունների ու նորարարական մոտեցումների հանրայնացմանը։ Համաժողովի հիմնական նպատակներից է ուսումնասիրել համաշխարհայնացումը և դրա ազդեցությունը բազմալեզվության ու միջմշակութային հաղորդակցության վրա՝ առանձնացնելով գերմաներենի կարևոր դերը։ Գերմաներենը տարածված լեզու է ակադեմիական միջավայրում, միջազգային բիզնեսում, դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում, ուստի մենք մեծապես կարևորում ենք գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցումը»։
ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, համաժողովի կազմակերպիչ Գայանե Սավոյանը, խոսելով ուսանողների շրջանում գերմաներենի իմացությունից, մատնանշեց․ «Մեր կրթական ծրագիրը կոչվում է «Անգլերեն-գերմաներեն հաղորդակցություն», և մենք մշտապես մրցակցության մեջ ենք անգլերենի հետ, քանի որ այն միջազգային լեզու է։ Ամբիոնի համար մեծ մարտահրավեր է գերմաներենի իմացության մակարդակը բարձրացնելը, քանի որ նոր ընդունվող ուսանողները հիմնականում լավ տիրապետում են անգլերենին, սակայն գերմաներենի հետ հաճախ խնդիրներ են ունենում։ Չնայած գերմաներենի շուրջ տարածված կարծրատիպերին՝ ձգտում ենք խրախուսել լեզվի ուսուցումը՝ առաջարկելով փոխանակման ծրագրեր։ Օրինակ՝ տարեկան միջինում 10 ուսանող «Էրազմուս+» ծրագրով մեկնում է Գերմանիա, որտեղ նրանք զարգացնում են ոչ միայն գերմաներենի, այլև անգլերենի իմացությունը»։
Անդրադառնալով գերմաներենի մասնագետների ներգրավվածությանը համաժողովին՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի դասախոս Մերի Նավասարդյանն ընդգծեց․ «Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ և գերմաներենի մասնագետներ, որոնք մշտապես հետաքրքրվում են համալսարանում անցկացվող այսօրինակ գիտական միջոցառումներով։ Մասնակցելով ներամբիոնական վերապատրաստումներին՝ ուսուցիչները միշտ ցանկություն են ունենում խորացնելու իրենց գիտելիքները և գործընկերային նոր կապեր հաստատելու գերմանացի մասնագետների հետ։ Համաժողովի շրջանակում նրանք հնարավորություն ունեցան մասնագիտական խորհուրդներ ստանալու Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցիչներից»։
Վերջին տարիներին նոր մակարդակի է բարձրացվել ամբիոնի համագործակցությունը գերմանական բուհերի հետ, ինչի արդյունքում պարբերաբար անցկացվում են այսօրինակ գիտաժողովներ, հյուրընկալվում են ոլորտի պրոֆեսորներ և դասախոսներ, կազմակերպվում են ուսանողների, դասախոսների, հետազոտողների և երիտասարդ գիտնականների կրթագիտական այցելություններ՝ նպաստելով գերմաներենի տարածմանն ու զարգացմանը։
Հատկանշական է, որ համաժողովի մասնակից գերմանացի մասնագետները տպավորված էին համալսարանի ուսանողների գերմաներենի գիտելիքներով։
Համաժողովի երկրորդ օրը անցկացվեցին վերապատրաստումներ դասախոսների և ուսուցիչների համար: Հայաստանում գերմաներենի դասավանդման փորձագետ (Գյոթե ինստիտուտ) Իվ-Օլիվեր Թաուշվիցը անցկացրեց սեմինար՝ «Խմբակային խաղեր գերմաներենի դասավանդման ընթացքում» թեմայով, իսկ Յոհաննես Գերեոնսը ներկայացրեց «Բազմալեզվությունը և գերմաներենի դիդակտիկան որպես երկրորդ օտար լեզու» դասընթացը: Այս սեմինարների նպատակն էր ներկայացնել նոր մեթոդներ, որոնք աջակցում են աշակերտակենտրոն ուսուցմանը և սովորողների ակտիվ ներգրավմանը դասընթացներում:
Նշենք, որ համաժողովին մասնակցում էին նաև Երևանում Գյոթե կենտրոնի ղեկավար Յան-Թագե Քյուլինգը, Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի (ZfA) մասնագետ-խորհրդատու Բենիամին Շպեթը և ոլորտի այլ մասնագետներ։