November 13, 2024 | 16:40
Career
Education
Perceptual crossing experiment at the core of research
The perceptual crossing experiment reveals the characteristics of interaction among individuals, which can help in understanding the phenomenological nature of communication disorders, as well as improving methods of human-to-human communication mediated by artificial intelligence. The topic has been investigated by Ani Grigoryan, a researcher at Yerevan State University.
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գործող Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի անձի և սոցիալական միջավայրի լաբորատորիայի գիտաշխատող Անի Գրիգորյանը Օկինավայի գիտության և տեխնոլոգիայի դոկտորական համալսարանում (Ճապոնիա) մասնակցել է վեցամսյա վերապատրաստման։ ԵՊՀ գիտաշխատողը վերապատրաստման շրջանակում աշխատել է ոչ միայն Ճապոնիայի, այլև տարբեր երկրների մասնագետների հետ՝ ուղեգծելով նոր նախագծերի և համատեղ հետազոտությունների հեռանկարներ։
Վերապատրաստման ընթացքում Անի Գրիգորյանն աշխատել է «Սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրություն» թեմայի շուրջ՝ ուսումնասիրելով վարքային տվյալների քանակական և որակական վերլուծության նոր մեթոդների կիրառումը։
Կատարած ուսումնասիրության, ձեռք բերած հմտությունների և փորձի մասին պատմել է Անի Գրիգորյանը։
Ճապոնիայում գիտահետազոտական վերապատրաստում անցնելու ուղիները
Օկինավայի գիտության և տեխնոլոգիայի դոկտորական համալսարանը (OIST) բավական բարձր վարկանիշ ունի գիտական արտադրանքի ստեղծման տեսանկյունից, ուստի այնտեղ ընդունվելը բարդ է։ Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար պահանջվում էր ներկայացնել գիտական կենսագրություն՝ ձեռքբերումներ, ծրագրեր, հրապարակումներ․ կարևոր նշանակություն ուներ նաև մոտիվացիոն նամակը։ Հաշվի առնելով, որ անմիջական գիտահետազոտական գործունեությունս կոգնիտիվ գիտության ոլորտում չէ, ու ես գրեթե փորձառություն չունեմ այս ոլորտում, կասկածում էի՝ կանցնե՞մ, թե՞ ոչ։ Բայց ցանկությունս և հետաքրքրվածությունս մեծ էին, և դա նպաստեց երազելի գիտական միջավայրում հայտնվելուն։ Նախորդ տարվա աշնանը դիմել եմ Օկինավայի գիտության և տեխնոլոգիայի դոկտորական համալսարանի վերապատրաստման ծրագրին («OIST internship program») և ստացել կոգնիտիվ գիտության լաբորատորիայում («Embodied Cognitive Science») վեցամսյա վերապատրաստման հնարավորություն՝ ճանապարհածախսի և կեցության բոլոր ծախսերի ֆինանսական աջակցությամբ։ Այս ծրագիրն ու լաբորատորիան եմ ընտրել, քանի որ Ճապոնիան դեռ վաղուց իմ երազանքների երկիրն էր, իսկ լաբորատորիայում հետազոտություններ են կատարում գիտական այն թեմաներով, որոնք իմ հետաքրքրության տիրույթում են դեռ մագիստրատուրայում սովորելու տարիներից։
Ուսումնասիրությունների առանցքում են․․․
Վերապատրաստման ընթացքում իմ աշխատանքի հիմնական ուղղությունը վարքային և ինքնահաշվետվողական տվյալների քանակական և որակական վերլուծությունն էր սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրության շրջանակում («Perceptual Crossing Experiment»)։ Հետազոտության շրջանակում սովորեցի տվյալների վերլուծության նորարարական մեթոդներ և տեխնիկաներ, օրինակ՝ «Dyadic data Analysis», «Multilevel Modeling», «Time Series Analysis»։ Սեփական նախաձեռնությամբ մշակել և առաջարկել եմ մեթոդաբանական նոր մոտեցում այս գիտափորձի վարքային տվյալների վերլուծության համար, ինչի շնորհիվ հետազոտական հայեցակարգի շրջանակում ստացել ենք նորարարական արդյունքներ. այս ամենն ի մի բերելու և հոդված գրելու նպատակով առաջարկվել է երկարաձգել վերապատրաստումս մոտ մեկուկես ամսով (նախապես սահմանված ժամկետը լրանում էր սեպտեմբերին)։
Հոդվածի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են. այն շուտով կուղարկվի տպագրության միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում։ Այս հոդվածի մշակման փուլում համագործակցել եմ ոչ միայն Ճապոնիայի լաբորատորիայի գիտնականների, այլև լաբորատորիայի միջազգային գործընկերների հետ Մեքսիկայից և Իսպանիայից։
Հմտությունների զարգացումը՝ առաջնահերթություն
Վերապատրաստման ընթացքում մի շարք ելույթներ եմ ունեցել՝ ներկայացնելով ինչպես Ճապոնիայում իմ աշխատանքի առաջընթացը, այնպես էլ ԵՊՀ-ում՝ մեր լաբորատորիայում, կատարած աշխատանքը։ Հնարավորություն եմ ունեցել մասնակցելու համալսարանում կազմակերպված միջբնագավառային մի շարք սեմինարների, աշխատաժողովների՝ աշխարհի այլ համալսարաններից հրավիրված մասնագետների մասնակցությամբ։
Սա հրաշալի հնարավորություն էր՝ ծանոթանալու գիտության զարգացման միտումներին, տեխնոլոգիական առաջընթացին։ Բացի դրանից՝ մասնակցել եմ «Մարդու մասնակցությամբ հետազոտությունների էթիկան և հետազոտական ազնվություն և թափանցիկություն» սերտիֆիկացված դասընթացին։ Լաբորատորիայում ներդրում եմ ունեցել ընթացիկ պիլոտային հետազոտական նախագծերում՝ սովորելով աշխատել էլեկտրաուղեղագրական սարքավորումներով։
Ոչ միայն կարողացել եմ սովորել այս միջավայրում, այլև առաջարկել նոր մոտեցում ու ստանալ նոր արդյունքներ մի հայեցակարգի շրջանակում, որն ինձ համար միանգամայն նոր էր։ Կարևոր ձեռքբերում եմ համարում համահեղինակությամբ հոդված ունենալու հեռանկարը: Այն կնպաստի իմ՝ որպես հետազոտողի հետագա զարգացմանը՝ է՛լ ավելի համարձակ հետազոտական խնդիրներ առաջադրելու և ուսումնասիրելու համար։
Համալսարանի բազմամշակութային այդ միջավայրը սովորեցրել է տեսնել ու ընդունել բազմազանությունը, բազմակարծությունն ու տարբերվողը: Սա, կարծում եմ, չափազանց կարևոր է սեփական աշխարհայացքի ընդլայնման համար, հատկապես երբ ցանկանում ես լինել միջազգային գիտական ցանցում։
Իմ ցանկությամբ հաճախում էի ճապոներենի դասերի։ Շատ հետաքրքիր էր սովորել իմացածս լեզուներից թե՛ քերականորեն, թե՛ շարահյուսորեն միանգամայն տարբեր, յուրահատուկ կառուցվածք ունեցող լեզու: Ճապոներենը, ինչ խոսք, բավականին բարդ է սովորելու համար, սակայն շատ լավ միջոց է ճապոնական մշակույթին մոտիկից ծանոթանալու, այդպիսով նաև աշխարհայացքն ընդլայնելու տեսանկյունից: Այս փաստը ևս նպաստել է նոր մտահղացումներին, որոնք ունեցել եմ հենց հետազոտական աշխատանք կատարելիս։
Ճապոնիայի կրթական համակարգը և գիտահետազոտական միջավայրը
Ճապոնիայում կատարվում են աշխարհում ամենաառաջատար ու նորարարական հետազոտությունները՝ ընդլայնելու մարդու, շրջապատող միջավայրի, կենսաբազմազանության, էվոլյուցիայի, տիեզերական օրինաչափությունների վերաբերյալ մեր գիտելիքները, նաև ստեղծելու, մշակելու տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք կբարելավեն մարդու կյանքը։ Համալսարանում չկային կոնկրետ բնագավառներով բաժանված լաբորատորիաներ, բաժիններ. այնտեղ բոլորը բազմաբնագավառային են, ուր սովորում ու աշխատում են մասնագետներ աշխարհի ամենատարբեր երկրներից։ Հենց այս բազմաբնագավառայնությունն ու բազմամշակութայնությունն էլ յուրահատուկ են դարձնում այդ միջավայրը: Այս իմաստով անընդհատ նորը բացահայտելու, սովորելու, տարբեր տեսանկյուններից նույն խնդիրն ուսումնասիրելու բազում հնարավորություններ կային։
Նոր մոտեցումներ, գաղափարներ և մտածողություն
Ինչպես նշեցի, վերապատրաստման շրջանակում սովորել եմ տվյալների վերլուծության նորարարական մեթոդներ և տեխնիկաներ, որոնք կկիրառեմ նաև մեր լաբորատորիայի ընթացիկ աշխատանքներում հետազոտական խնդիրների նորովի ուսումնասիրության համար։ Առնչվել եմ այնպիսի թեմաների, որոնք մեր հետազոտական ուղղությունների զարգացման համար նոր գաղափարներ կարող են ծնել։
Ճապոնիայում մասնակցել եմ նաև հետազոտությունների էթիկական չափանիշների և գիտական ազնվության վերաբերյալ դասընթացների: Այս առումով ևս կարևորում եմ այնտեղի փորձի ու հաստատված ընթացակարգերի կիրառումը մեզ մոտ։
Ի դեպ՝ հեռավար ծանոթացել եմ Կանադայում գործունեություն ծավալող հայ հոգեբանի հետ, որը հետաքրքրված է Հայաստանում մեր լաբորատորիայի գործունեությամբ: Առաջիկայում նախատեսում ենք լաբորատորիայի թիմով առցանց հանդիպում կազմակերպել։ Վստահ եմ՝ հետաքրքիր նախագծերն առջևում են։
Այս վերապատրաստումը Անի Գրիգորյանի համար դարձել է գիտական աճի կարևոր խթան՝ հնարավորություն ընձեռելով խորությամբ ուսումնասիրելու բնագավառի նոր մոտեցումները և զարգացնելու իր հետազոտական կարողությունները։