December 17, 2024 | 16:00
Science
Education
Persistence and willingness are crucial when working on scientific projects- YSU PhD student Naira Gasparyan
Naira Gasparyan, a PhD student at YSU Institute of Physics, is delving into the study of nonlinear systems. She believes that leveraging SC-DSB signals holds significant potential for advancing radio equipment, modulation techniques, and communication systems.
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթում Նաիրան ներկայացրել է «Էլեկտրոնային շղթաների ոչ գծային երևույթների հետազոտումը SC-DSB ազդանշանների միջոցով» խորագրով գիտական նախագիծը և հաղթող ճանաչվել։
Նաիրա Գասպարյանը ներկայում դասավանդում է, կատարում հետազոտական աշխատանքներ, մասնակցում գիտական ծրագրերի և աջակցում ուսանողներին հետազոտական նախագծերի շուրջ աշխատելիս։ Նրա այս հետազոտությունն ուղղված է ոչ գծային երևույթների ուսումնասիրմանը SC-DSB ազդանշանների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու ժամանակակից էլեկտրոնային համակարգերի աշխատանքը: Ասպիրանտի խոսքով՝ այս մեթոդները կարող են նորարարական լուծումներ առաջարկել բարձր հաճախականությունների ռադիոսարքավորումների, մոդուլյացիոն տեխնոլոգիաների և հաղորդակցական համակարգերի կատարելագործման համար:
- Ի՞նչ գիտական հարցերի լուծումներ եք առաջարկելու հետազոտության ընթացքում։
- SC-DSB ազդանշանները (երկակի կողմնային շերտով կառավարվող ազդանշաններ) հաճախ չեն օգտագործվում ոչ գծային երևույթների ուսումնասիրության ժամանակ, ինչն էլ այն դարձնում է քիչ ուսումնասիրված և ավելի հետաքրքիր ու խոստումնալից․ հենց սա է թեմայի առանձնահատկությունը։ Այս մոտեցումն առաջարկում է նոր տեսություններ և գործիքներ՝ էլեկտրոնային համակարգերում էներգիայի խնայողության, ճշգրտության և արդյունավետության բարձրացման համար: Հետազոտության ընթացքում մենք գտնելու ենք մի շարք հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝
Ինչպե՞ս են ոչ գծային երևույթները ազդում SC-DSB ազդանշանների վարքի վրա։
Կարո՞ղ ենք ոչ գծային մոդելներով բարելավել համակարգերի աշխատանքի արդյունավետությունը։
- Ի՞նչ նոր մեթոդներ կարող են կիրառվել SC-DSB ազդանշանների միջոցով ոչ գծային համակարգերի մոդելավորման և վերլուծության համար։
- Ի՞նչ են իրենցից ներկայացնում SC-DSB ազդանշանները, և ի՞նչ դեր ունեն դրանք ուսումնասիրություններում։
- SC-DSB (Suppressed Carrier Double Sideband) ազդանշանները մոդուլյացիայի տեսակ են, որտեղ կրող հաճախականությունը ճնշված է, և փոխանցվող էներգիան բաժանված է կողմնային շերտերի միջև: Դրանք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ օգտագործելու ռեսուրսները, հատկապես, երբ էներգիայի խնայողությունը և հաճախականության սպեկտրի օպտիմալացումը կարևոր են: Այս ազդանշանները փորձերի համար ապահովում են կատարյալ հիմք՝ ցույց տալու ոչ գծային համակարգերի վարքի յուրահատկությունները: Ոչ գծային երևույթները հիմնականում առկա են բարդ համակարգերում, սակայն հաճախ դրանք անտեսվում են պարզեցված մոդելներում: SC-DSB ազդանշաններն ունեն յուրօրինակ հատկություններ, որոնք հնարավորություն են տալիս առավել մանրակրկիտ բացահայտելու այդ երևույթները՝ ռադիոհաղորդման համակարգերի կատարելագործման և նորարարական լուծումների մշակման համար:
- Ի՞նչ նոր մեթոդներ կամ գործիքներ եք կիրառելու հետազոտությունը կատարելիս։
- Այո՛, թեման արդեն ուսումնասիրման փուլում է։ Հիմնականում կիրառելու եմ հետևյալ մեթոդները՝ մաթեմատիկական մոդելավորում (ոչ գծային դինամիկ համակարգերի վերլուծության համար), համակարգչային սիմուլյացիաներ («MATLAB» և «Python» ծրագրերով՝ ազդանշանների և համակարգերի վարքի փորձարկման նպատակով), լաբորատոր փորձեր (ժամանակակից օսցիլոսկոպների և սիգնալ գեներատորների կիրառմամբ)։
- Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ստանալ հետազոտական աշխատանքի ավարտին։
- Վերջնարդյունքը կլինի այն, որ մենք կկարողանանք խորապես հասկանալ ոչ գծային համակարգերը և դրանցում SC-DSB ազդանշանների կիրառման առավելությունները։ Սա հնարավորություն կտա բացահայտելու դրանց պոտենցիալը և կիրառման նոր հնարավորությունները, որոնք էական դեր կունենան հաղորդակցման ոլորտում։ Ավելին, աշխատանքը կնպաստի նոր մոդելների և մոտեցումների մշակմանը, որոնք կարող են արդյունավետ կերպով օգտագործվել հաղորդակցման տարբեր տեխնոլոգիաներում։ Արդյունքում մենք ակնկալում ենք գիտական հոդվածների հրապարակում, որոնք կբացահայտեն ձեռք բերված արդյունքները և կներկայացնեն նորարարական լուծումներ այս բնագավառի զարգացմանը նպաստելու համար։
Նշեմ, որ աշխատանքների ընթացքում նախատեսվում են հնարավոր համագործակցություններ ինչպես տեղի համալսարանների, այնպես էլ միջազգային հետազոտական կենտրոնների հետ։ Այս թեման ունի կիրառական մեծ հեռանկարներ, ինչը կարող է հետաքրքրել կազմակերպություններին, որոնք զբաղվում են ռադիոհաղորդման կամ սենսորային տեխնոլոգիաներով։
- Ձեր կարծիքով՝ գիտության այս ոլորտը մոտ ապագայում ի՞նչ զարգացում կունենա։
- Ոչ գծային համակարգերի և SC-DSB ազդանշանների ուսումնասիրությունը մոտ ապագայում կարող է հանգեցնել մի շարք կարևոր զարգացումների։ Առաջին հերթին այս ոլորտը կնպաստի առավել արդյունավետ հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք կհանգեցնեն տվյալների փոխանցման արագության և վստահության բարձրացմանը։ Բացի դրանից՝ ոչ գծային մոդելների կիրառման ընդլայնումը կծառայի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտների առաջխաղացմանը՝ բացահայտելով նոր հնարավորություններ այս տեխնոլոգիաների կիրառման համար։ Վերջապես, այս ուսումնասիրությունները կարող են հանգեցնել նոր մոդուլյացիոն տեխնիկաների ստեղծմանը ռադիոհաճախականությունների օգտագործման առավելագույն արդյունավետություն ապահովելու համար, ինչը մեծապես կբարձրացնի հաղորդակցման համակարգերի կարողությունները և կիրառելիությունը։
- Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել մասնագիտական ոլորտում։
- Մասնագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ եմ ունեցել, որոնք ինձ համար մեծ նշանակություն ունեն, սակայն կառանձնացնեմ վերջին մեկ տարվա ընթացքում գրանցած մի քանի կարևոր ձեռքբերումներ։ Այս տարի ներկայացնելով ԵՊՀ-ն՝ արժանացել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակի «Լավագույն ասպիրանտ» անվանակարգում։
Բացի դրանից՝ մեր գիտական թիմը ստեղծել է ստարտափ (թեման՝ «Future post-quantum protocol»), և այս տարի մեզ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու մեր ստարտափը ԱՄԷ-ում։ Այս իրադարձությունը բացեց համագործակցության նոր ուղիներ, ինչը շատ կարևոր է ստարտափների զարգացման համար։ Երրորդ ձեռքբերումս կապված է մասնագիտական օլիմպիադաներին և մրցույթներին մասնակցության հետ։ Օրինակ՝ «Armenian Technological Innovation Semiconductor Olympiad (ATISO 2024)»-ում ունեցածս մասնակցությունը։ Նշեմ նաև, որ ինձ հաջողվել է մի քանի գիտական հոդված տպագրել բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում։
- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։
- Պատրաստվում եմ շարունակել իմ հետազոտական գործունեությունը, ամրապնդել օտարերկրյա գործընկերներիս հետ միջազգային համագործակցությունը՝ խորացնելով ինչպես իմ գիտելիքները, այնպես էլ ներդնելով դասավանդման նոր մեթոդներ։
Այն երիտասարդներին, որոնք ցանկանում են խորանալ գիտության այս ոլորտում, խորհուրդ կտամ առաջին հերթին սկսել ուսումնասիրել հիմնական մաթեմատիկական և ֆիզիկական սկզբունքները, քանի որ դրանք գիտության հիմնաքարերն են։ Դրանից բացի՝ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ծրագրավորման հմտությունների զարգացմանը։
Համառությունը և պատրաստակամությունը շատ կարևոր են այս ոլորտում, հատկապես երկարաժամկետ նախագծերի շուրջ աշխատելիս։