January 24, 2025 | 14:49
Educational programs
Education
Student
Modernizing the content and methodology of education: Innovative solutions in YSU educational system
Yerevan State University continues to firmly maintain its leading position among higher education institutions in Armenia, combining the best traditions with educational innovations. Elina Asriyan, the Vice-Rector for Academic Affairs, has shared insights on the university's innovative programs, student-centered approach, and strategic vision.
Էլինա Ասրիյանն ընդգծում է՝ համալսարանի կրթական կառուցամասի գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ուսանողը ոչ միայն ստանում է բարձրորակ կրթություն, այլև լիարժեքորեն ներգրավվում է համալսարանական ակտիվ կյանքում և հետագայում հաջողում է իր ընտրած մասնագիտական ոլորտում։
Ուսանողակենտրոնությունը՝ կրթական գործընթացի հիմքում
Խոսելով ուսանողակենտրոն մոտեցման՝ որպես ԵՊՀ-ում գործունեության հիմնական սկզբունքի մասին՝ Է. Ասրիյանը նշում է. «Ուսանողակենտրոնությունն այն առանցքն է, որի շուրջ «պտտվում են» մեր բոլոր նախաձեռնությունները։ Այս մոտեցման հիմքում են ուսանողի հաջողությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև դասապրոցեսի արդյունավետությունը։ Արդյունքում մենք մշակում ենք այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն համապատասխանում են ուսանողների ակնկալիքներին, այլև խթանում են նրանց ստեղծագործական և մասնագիտական զարգացումը»։
Այս սկզբունքի վառ օրինակներից մեկը «Շարժունության պատուհան» նախաձեռնությունն է, որը, լինելով առաջինը Հայաստանում, հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց հետաքրքրությունների շրջանակում ընտրելու հարակից կրթական ծրագրերից ցանկացած դասընթաց։
«Այս ծրագիրը խթանում է ուսանողների ակադեմիական հետաքրքրասիրությունն ու բազմակողմանի զարգացումը»,- հավելում է պրոռեկտորը։
Միջազգային համագործակցություն և նոր հնարավորություններ
ԵՊՀ-ն մեծ կարևորություն է տալիս կրթական ծրագրերի միջազգայնացմանը։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ 2023 թ. համալսարանում հյուրընկալվել են բարձր վարկանիշ ունեցող 25 պրոֆեսորներ աշխարհի տարբեր երկրներից։
«Հրավիրյալ պրոֆեսորների մասնակցությունն ուսումնական գործընթացին կարևոր է մի շարք առումներով։ Նրանց շնորհիվ մեր ուսանողները հնարավորություն են ստանում սովորելու նոր մեթոդաբանություններ և ձեռք բերելու միջազգային մակարդակի գիտելիքներ։ Սա նաև հիանալի հնարավորություն է օտար լեզվով հաղորդակցվելու և մասնագիտական նոր կապեր ստեղծելու համար»,- մատնանշում է Էլինա Ասրիյանը։
ԵՊՀ-ն շարունակում է զարգացնել նաև համատեղ և կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերը։ Անդրադառնալով այսօրինակ կրթական ծրագրերին՝ ԵՊՀ պրոռեկտորն ընդգծում է. «Այս պահին ունենք միջազգային հավատարմագրում ստացած 4 կրթական ծրագիր. ևս 6-ը գտնվում է հավատարմագրման փուլում։ Սա բարձրացնում է համալսարանի հեղինակությունն ու ճանաչելիությունը միջազգային կրթական դաշտում»։
Թվայնացում և հեռավար կրթություն
Երևանի պետական համալսարանը Հայաստանի կրթական համակարգի թվայնացման առաջատարներից է։
«Այսօր համալսարանում ուսումնական գործընթացի բոլոր փուլերը (դասընթացների ընտրությունից մինչև գնահատում) իրականացվում են «Registrar» համակարգի միջոցով։ Յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի համակարգում տեսնելու իր առաջադիմությունը, գրանցվելու դասընթացների և մշտապես կապ պահպանելու դասախոսների հետ»,- նշում է պրոռեկտորը։
ԵՊՀ-ն արդեն մշակել է երկու հեռավար դասընթաց, որոնցից մեկը՝ «Հոգեբանության հիմունքներ» դասընթացը, արդեն հասանելի է ուսանողներին։
«Հեռավար կրթությունը կխթանի ուսանողների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք»,- ասում է Էլինա Ասրիյանը։
Հոգեբանական աջակցություն և ուսանողների բարեկեցություն
Համալսարանի կարևորագույն նախաձեռնություններից մեկը ուսանողների հոգեբանական աջակցության կազմակերպումն է։ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գործող հոգեբանական կլինիկայի ստեղծմամբ կյանքի է կոչվել բեկումնային գաղափարներից մեկը։ Ֆակուլտետի մագիստրանտները հոգեբանական անվճար ծառայություններ են տրամադրում այլ ուսանողների։
«Այս ծրագիրը ոչ միայն օգնում է մեր մագիստրանտներին կատարելագործելու իրենց մասնագիտական հմտությունները, այլև ապահովում է ուսանողներին հոգեբանական աջակցության տրամադրմանը՝ մատուցելով որակյալ թերապևտիկ ծառայություն։ Այս մոտեցումն արտացոլում է մեր թիմի մշտական հետաքրքրությունը ուսանողի բարեկեցության նկատմամբ», - շեշտում է Էլինա Ասրիյանը։
ԵՊՀ-ն մշակել է նաև աջակցման նոր ձևեր, որոնք առնչվում են ուսանողների հոգեբանական և մասնագիտական աջակցության տրամադրմանը։
«Մենք իրականացնում ենք պիլոտային ծրագրեր, որոնք աստիճանաբար ընդլայնվելու են։ Մասնավորապես, ուսանողների հարմարվողականության ապահովման համար նախատեսվում է հոգեբանական աջակցություն, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն՝ նրանց կարիքները բավարարելու նպատակով»,- ավելացնում է պրոռեկտորը։
Նոր ռազմավարության շրջանակում նախատեսվող առաջիկա քայլերը
Ապագայի կրթական տեսլականի մաս կազմող նոր ռազմավարությունն ընդգծում է լեզուների կենտրոնի ստեղծման կարևորությունը։
«ԵՊՀ-ն մշտապես հետևում է ուսանողների կարիքներին։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք, թե մեր ուսանողներին ինչ է անհրաժեշտ, և ինչպես կարող ենք ապահովել այդ անհրաժեշտ պայմանները։ Լեզուների կենտրոնը լինելու է այն լուծումը, որը կբարելավի լեզուների կրթության ոլորտը՝ համապատասխանեցնելով այն մեր ուսանողների պահանջներին»,- նշում է Ասրիյանը։
Այսպիսով, ԵՊՀ-ն չի սահմանափակվում միայն կրթական ծրագրերի բարելավմամբ, այլև փորձում է բարձրացնել ուսանողների ինտերակտիվությունը՝ համատեղելով դասավանդման նորագույն մեթոդներն ու գործիքները, ինչպես նաև գործատուների հետ մշտական կապի պահպանման աշխատանքները։
«Մենք ձգտում ենք ապահովելու այնպիսի կրթություն և հնարավորություններ, որոնց շնորհիվ մեր շրջանավարտները կդառնան լիարժեք պատրաստված և մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում»,- մատնանշում է պրոռեկտորը։
Թվայնացումը՝ ուսումնական գործընթացի ժամանակակից մոտեցում
ԵՊՀ-ն շարունակում է զարգացնել թվային գործիքները, որոնք աջակցում են կրթության գործընթացի ամբողջական թվայնացմանը։ Այս առումով Է. Ասրիյանը կրկին ընդգծում է «Registrar» համակարգի ընձեռած հնարավորությունները։ Նա կարևորում է նաև այն, որ համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում կրթության թվայնացմանը և ապահովվում են ուսանողների՝ ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները։
«Դասախոսությունների առցանց հասանելիությունը, կրթական ծրագրերի մշակումն ու ուսանողների տարբեր պահանջներին համապատասխան նոր մոտեցումների ներդրումը մեր հիմնական ռազմավարության ամբողջությունն են կազմում։ Սրանով մենք փորձում ենք խթանել ուսանողների ներգրավվածությունը կրթական ամբողջ գործընթացում, իսկ մեր դասախոսներն իրենց հերթին հնարավորություն են ստանում առավել արդյունավետ կազմակերպելու դասընթացները»,- հավելում է նա։
Կրթական ծրագրերը և նախաձեռնությունները՝ միջազգային համագործակցության հենասյուն
Միջազգային համագործակցությունը ևս մեծ դերակատարում ունի համալսարանի զարգացման գործում։
«Միջազգային գործընկերությունը մեր ռազմավարության անբաժանելի մասն է։ Մենք զարգացնում ենք համատեղ և կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մեր ուսանողներին ստանալու բարձրագույն կրթություն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի լավագույն համալսարաններում»,- ասում է Էլինա Ասրիյանը։
Համալսարանը նաև մեծ ջանքեր է գործադրում՝ ապահովելու ԵՊՀ կրթական ծրագրերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին։
«Միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի առկայությունը կարևոր է ոչ միայն համալսարանի, այլև մեր ուսանողների համար՝ հնարավորություն տալով նրանց դառնալու մրցունակ մասնագետ նաև միջազգային աշխատաշուկայում»,- նշում է նա։
ԵՊՀ-ն՝ առաջատար կրթական հաստատություն
Համալսարանը շարունակաբար բարելավում է կրթական գործընթացը։ Միջգիտակարգային մագիստրոսական թեզերի մշակում, լեզուների կենտրոնի ստեղծում և հեռավար ուսուցման դասընթացների ներդրում. այս բոլոր քայլերն ուղղված են կրթական նորարարությանը։
«Մենք ունենք երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, որը հիմնված է մշտական կատարելագործման վրա։ Մեր առաջնային նպատակը ուսանողների բարեկեցությունն ու հաջողությունն ապահովելն է։ Հուսով եմ, որ ԵՊՀ-ն միշտ կմնա այն կառույցը, որտեղ յուրաքանչյուր ուսանող կհասնի իր նպատակներին և կկարողանա կատարելագործել իր ներուժը»,- եզրափակում է Էլինա Ասրիյանը։