- Գլխավոր
- Նորություններ
- Կրթության բովանդակության ու մեթոդաբանության արդիականացում. նորարարական լուծումներ ԵՊՀ կրթական համակարգում
Հունվար 24, 2025 | 14:49
Կրթական ծրագրեր
Կրթություն
Ուսանողական
Կրթության բովանդակության ու մեթոդաբանության արդիականացում. նորարարական լուծումներ ԵՊՀ կրթական համակարգում
Երևանի պետական համալսարանը շարունակում է հաստատուն պահել իր առաջատար դիրքը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում՝ լավագույն ավանդույթները զուգակցելով կրթական նորարարություններին։ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը պատմել է համալսարանի նորարարական ծրագրերի, ուսանողակենտրոն մոտեցման և ռազմավարական տեսլականի մասին։
Էլինա Ասրիյանն ընդգծում է՝ համալսարանի կրթական կառուցամասի գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ուսանողը ոչ միայն ստանում է բարձրորակ կրթություն, այլև լիարժեքորեն ներգրավվում է համալսարանական ակտիվ կյանքում և հետագայում հաջողում է իր ընտրած մասնագիտական ոլորտում։
Ուսանողակենտրոնությունը՝ կրթական գործընթացի հիմքում
Խոսելով ուսանողակենտրոն մոտեցման՝ որպես ԵՊՀ-ում գործունեության հիմնական սկզբունքի մասին՝ Է. Ասրիյանը նշում է. «Ուսանողակենտրոնությունն այն առանցքն է, որի շուրջ «պտտվում են» մեր բոլոր նախաձեռնությունները։ Մենք կարևորում ենք հաջողությունն ու ակադեմիական ներգրավվածությունը»։
Այս մոտեցման վառ օրինակներից մեկը «Շարժունության պատուհան» նախաձեռնությունն է, որը, լինելով առաջինը Հայաստանում, հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց հետաքրքրությունների շրջանակում ընտրելու հարակից կրթական ծրագրերից ցանկացած դասընթաց։
«Այս ծրագիրը խթանում է ուսանողների ակադեմիական նախասիրությունն ու բազմակողմանի զարգացումը»,- հավելում է պրոռեկտորը։
Միջազգային համագործակցություն և նոր հնարավորություններ
Միջազգայնացման գործընթացը խթանելու համար ԵՊՀ-ն շարունակում է զարգացնել նաև համատեղ և կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերը, ինչպես նաև ծրագրային միջազգային հավատարմագրումը։
«Միջազգային գործընկերությունը մեր ռազմավարության անբաժանելի մասն է։ Մենք զարգացնում ենք համատեղ և կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մեր ուսանողներին ստանալու բարձրագույն կրթություն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի լավագույն համալսարաններում»,- ասում է Էլինա Ասրիյանը։
Համալսարանը նաև մեծ ջանքեր է գործադրում՝ ապահովելու ԵՊՀ կրթական ծրագրերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին։ «Միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի առկայությունը կարևոր է օտարերկրյա ուսանողների ներգրավման և համալսարանի տեսանելիության բարձրացման համար։ Այս պահին ունենք միջազգային հավատարմագրում ստացած 4 կրթական ծրագիր. ևս 6-ը գտնվում է հավատարմագրման փուլում։ Սա բարձրացնում է համալսարանի հեղինակությունն ու ճանաչելիությունը միջազգային կրթական դաշտում»,- նշում է նա։
Թվայնացում և հեռավար կրթություն
Երևանի պետական համալսարանը կարևորում է նաև կրթական համակարգի թվայնացման գործընթացը։
«Այսօր համալսարանում ուսումնական գործընթացի բոլոր փուլերը իրականացվում են թվայնացված գործիքակազմի միջոցով։ Օրինակ, «Registrar» համակարգում յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի տեսնելու իր առաջադիմությունը, գրանցվելու դասընթացների և կապ պահպանելու դասախոսների հետ»,- նշում է պրոռեկտորը։
ԵՊՀ-ն արդեն մշակել է երկու հեռավար դասընթաց, որոնցից մեկը՝ «Հոգեբանության հիմունքներ» դասընթացը, արդեն հասանելի է ուսանողներին։
Հոգեբանական աջակցություն և ուսանողների բարեկեցություն
Համալսարանի կարևորագույն նախաձեռնություններից մեկը ուսանողների հոգեբանական աջակցության կազմակերպումն է։ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գործող հոգեբանական կլինիկայի ստեղծմամբ կյանքի է կոչվել գաղափարներից մեկը։ Ֆակուլտետի մագիստրանտները հոգեբանական անվճար ծառայություններ են տրամադրում այլ ուսանողների։
«Այս ծրագիրը ոչ միայն օգնում է մեր մագիստրանտներին կատարելագործելու իրենց մասնագիտական հմտությունները, այլև ապահովում է ուսանողներին հոգեբանական աջակցության տրամադրումը՝ մատուցելով որակյալ խորհրդատվական ծառայություն», - շեշտում է Էլինա Ասրիյանը։
ԵՊՀ-ն մշակելու է նաև աջակցման նոր ձևեր, որոնք առնչվում են ուսանողների հոգեբանական և մասնագիտական աջակցության տրամադրմանը։
ԵՊՀ-ն՝ առաջատար կրթական հաստատություն
Համալսարանը շարունակաբար բարելավում է կրթական գործընթացը։ Միջգիտակարգային մագիստրոսական թեզերի մշակում, լեզուների կենտրոնի ստեղծում և հեռավար ուսուցման դասընթացների ներդրում. այս բոլոր քայլերն ուղղված են կրթական նորարարությանը։
«Մենք ունենք երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, որի նպատակներից մեկը կրթության որակի մշտական բարելավումն է։ Մեր առաջնային նպատակներից է ուսանողների բարեկեցությունն ու հաջողությունն ապահովելն է»,- եզրափակում է Էլինա Ասրիյանը։