January 30, 2025 | 14:05
Infrastructure
Modernized setting for high-quality education ensuring inclusive education, safe environment, and auditoriums with practical solutions
At Yerevan State University, alongside aligning educational programs with modern demands and ensuring students are better positioned in the labor market, efforts are also underway to modernize building facilities and improve infrastructure with practical solutions. Inclusive education, a safe environment, laboratories equipped with state-of-the-art technology, and newly renovated and furnished auditoriums—much of this work has already been completed, and large-scale projects lie ahead.
ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը ներկայացրել է 2024 թ. կատարված ԵՊՀ միջավայրի բարեփոխումներն ու անդրադարձել համալսարանի 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական նոր ծրագրով նախատեսված աշխատանքներին:
Անվտանգ միջավայր
2024 թ. համալսարանում բոլոր լաբորատորիաները, գրադարանը, այդ թվում՝ գրապահոցը, բոլոր հրավտանգ տարածքները զինվել են նոր հակահրդեհային համակարգերով, որոնք միացված են «SOS» համակարգին: Դրա շնորհիվ վտանգի մասին ազդանշան են ստանում ԵՊՀ-ն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Համալսարանի զարգացման նոր ռազմավարական ծրագրով նախատեսել ենք արդիականացնել նաև տեսահսկման համակարգերը, քանի որ դրանք տեղադրվել էին ավելի քան 12 տարի առաջ և այլևս չեն ապահովում անհրաժեշտ որակը:
Ներկայում ԵՊՀ բոլոր մասնաշենքերում և բակային տարածքներում տեսահսկման նոր համակարգ տեղադրելու նախագծման աշխատանքներն են ընթանում: Տեսախցիկներ կտեղադրվեն նաև համալսարանի 550 լսարաններից 50-ում:
Նորագույն լուծումներով լաբորատորիաներ՝ ժամանակակից գիտափորձերի համար
ԵՊՀ ֆինանսական միջոցներով վերանորոգվել և կահավորվել է հիմնականում Ֆիզիկայի ինստիտուտի, Կենսաբանության ու Քիմիայի ֆակուլտետների լաբորատորիաների մեծ մասը, որտեղ նաև արտերկրից ժամանած հետազոտողների հետ համատեղ նոր գիտափորձեր են կատարվում:
Գործընկերների աջակցությամբ հիմնանորոգվել է Մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետի առաջին հարկը, որտեղ գործում է նաև Գենտի համալսարանի (Բելգիա) մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների կենտրոնի հեռավար լաբորատորիան: Ներկայում ԵՊՀ միջոցներով վերանորոգվում է ֆակուլտետի երկրորդ հարկը, որն առաջիկայում ամբողջությամբ կկահավորվի:
Վերանորոգվել է Կենսաբանության ֆակուլտետի «Վիվարիումը», որտեղ տեղադրվել են նոր սերնդի սարքավորումներ՝ կենդանիների պատշաճ պահման ու ճշգրիտ փորձերի կատարման համար:
Քիմիայի ֆակուլտետից գրեթե 90 տոկոսով տեղափոխվել են պայթյունավտանգ նյութերը և տեղադրվել հատուկ կառուցված պահեստում: Իսկ ֆակուլտետի լաբորատորիաներում ու ամբիոններում հիմնականում պահվում է փորձարկվող նյութերի այն քանակությունը, որն անհրաժեշտ է տվյալ օրվա կրթական ծրագրի շրջանակում:
Նոր ռազմավարությամբ նախատեսվում է վերանորոգել 6 ուսումնական լաբորատորիա Ֆիզիկայի ինստիտուտում և Քիմիայի ֆակուլտետում: Ի դեպ, այս աշխատանքների ավարտից հետո Քիմիայի ֆակուլտետում արդեն իսկ չվերանորոգված ուսումնական լաբորատորիա չենք ունենա:
Կրթություն՝ բոլորի համար
Փոխարինվել են ԵՊՀ գրադարանի և կենտրոնական մասնաշենքի երկուական վերելակները, որոնք փորձաքննություն են անցել և առաջիկայում կգործեն: Այդ վերելակները հարմարավետ են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:
Համալսարանում ներառական կրթություն ապահովելու և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներին աջակցելու նպատակով շարունակաբար իրականացվում են տարբեր ծրագրեր։ Հավաքագրելով կարիքներն ու խնդիրները՝ արդեն իսկ իրականացվել են տարբեր ծրագրեր։ ԵՊՀ տարբեր մասնաշենքերում տեղադրվել են էլեկտրոնային ու մեխանիկական վերելակներ, թեքահարթակներ՝ հնարավորություն ընձեռելով հաշմանդամություն ունեցող ուսանողներին ազատորեն տեղաշարժվելու և լիարժեքորեն մասնակցելու համալսարանական կյանքին։ Մասնավորապես՝ էլեկտրոնային վերելակներ են տեղադրվել կենտրոնական, 3-րդ և 7-րդ (տեղակայված են համապատասխանաբար Ֆիզիկայի ինստիտուտում, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ժուռնալիստիկայի, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում) մասնաշենքերում, իսկ ներսում տեղադրվել են թեքահարթակներ։ Առաջիկայում մեխանիկական վերելակ կտեղադրվի նաև 5-րդ մասնաշենքում (Կենսաբանության ֆակուլտետ)։ Կկատարվեն նաև հստակ գծանշումներ ու անհրաժեշտ կահավորում։
Ինչ վերաբերում է Աբովյան 52ա հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքին, ապա պետք է նշել, որ այն պատմամշակութային հուշարձան է, և որևէ փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է իրավասու մարմինների համաձայնությունը: Սակայն, այս հարցում ևս լուծում գտնելու եզրին ենք՝ հաշվի առնելով, որ թեքահարթակներ տեղադրելու համար աստիճանները չափազանց նեղ են, քննարկում ենք վերելակ տեղադրելու հարցը:
Ընթերցանության տրամադրող միջավայր, հարմարավետ լսարաններ
«Իզմիրլյան» հիմնադրամի ջանքերով հիմնանորոգվել է ԵՊՀ գրադարանի մեծ ընթերցասրահը և կահավորվել ԵՊՀ միջոցներով: Արդիականացված ու հարմարավետ միջավայրն ուսանողներին տրամադրում է մասնագիտական ընթերցանությանը հատկացնելու ավելի երկար ժամանակ:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է Իրանագիտության ամբիոնի Ֆիրդուսու անվան լսարանը:
2024 թ. շարունակվել է նաև խելացի գրատախտակների ձեռքբերումը՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաներով կրթությունը կազմակերպելու մեծ պահանջարկը:
Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքերում վերանորոգվել են համընդհանուր օգտագործման տարածքներ՝ միջանցքներ, լսարաններ, սանհանգույցներ:
Համալսարանի զարգացման նոր ռազմավարական ծրագրով նախատեսվում է նաև անհրաժեշտ գույքով կահավորել տասը լսարաններ, ինչպես նաև ապահովել ներկառուցվող պահարաններով՝ վերնահագուստի և այլ անհրաժեշտ կարիքների համար: Այս տարի կնորոգենք ու կկահավորենք նաև 5 քննական լսարաններ:
Արտալսարանային ժամանց՝ ուսանողների համար
ԵՊՀ 8-րդ մասնաշենքի հարակից տարածքում ուսանողների համար կկառուցվի ինքնազարգացման ու ինտելեկտուալ ժամանցի կենտրոն:
Ինչ վերաբերում է ԵՊՀ տարածքում ուսանողների սննդի ապահովմանը, ապա պետք է նշեմ, որ ԵՊՀ 7-րդ մասնաշենքին կից գործող ուսանողական սրճարանը 2024 թ. վերաբացվեց՝ առանձնանալով իր ուրույն դիզայնով ու գույների յուրատեսակ համադրությամբ: Երիտասարդական այդ միջավայրն արդեն իսկ ունի բազմաթիվ այցելուներ:
Կառուցվածքային փոփոխություններ համալսարանում
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ներսում գործող երկու սրճարանների տարածքները կվերանորոգվեն և կծառայեն արդեն որպես աշխատանքային տարածքներ:
Ռազմավարությամբ նախատեսված է նաև բարեկարգել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարակից այգին: Հույս ունենք, որ այս տարի կսկսվեն նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի կառուցման աշխատանքները՝ Կիևյան 1 հասցեում։
Նշեմ, որ 2024 թ. ԵՊՀ-ում բավականին ակտիվ ընթացող հիմնանորոգման աշխատանքներում ներառվել են նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տարածքի վերանորոգումն ու կահավորումը: Կատարվել են Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքի արտաքին լուսավորության աշխատանքները։ Վերակառուցվել ու նորոգվել են դրսում գտնվող պահեստները:
ԵՊՀ գույքի դուրսգրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ավտոկայանատեղիի տարածքում կառուցվել է նոր պահեստային տարածք, որտեղ մինչև վաճառք իրականացնելը կուտակվում է դուրս գրված գույքը:
Հիշատակի պուրակ
ԵՊՀ-ն գործընկերների աջակցությամբ կառուցում է պատերազմներում նահատակվածների հիշատակին նվիրված պուրակ: Անմահացած հերոսների հիշատակին հարգանքի տուրք խորհրդանշելուց բացի՝ պուրակը նաև նախատեսված է լինելու ուսանողների հանգստի և զբոսանքի համար: