January 30, 2025 | 15:04
Partners
Education
Graduates
YSU launches Partners Club, emphasizing cooperation as key to progress
Strengthening cooperation is a key strategic goal of YSU, serving as a foundation for sustainable progress in education and science. YSU actively cooperates with a range of institutions across educational, scientific, state, and private sectors. Committed to enhancing university-labor market relations and fostering partnerships, YSU plans to establish the Partners Club to promote effective cooperation.
ԵՊՀ-ն գործընկերների հետ իրականացնում է բազմաթիվ նախագծեր, գիտական հետազոտություններ ու կրթական ծրագրեր։ Այս համագործակցությունները նպաստում են ուսանողների և գիտնականների մասնագիտական աճին, նորարարական լուծումների մշակմանը և տարբեր ոլորտներում ավելի խորքային կապերի հաստատմանը։
Կրթության բովանդակության ու մեթոդաբանության արդիականացման, գիտահետազոտական արդյունքի բարելավման, մարդկային ռեսուրսի զարգացման և համալրման, ինչպես նաև արտաքին միջավայրին ինտեգրման և ներդաշնակեցման անհրաժեշտությունից ելնելով՝ գործընկերների հետ փոխգործակցության խորացումն ու արդյունավետ կապը համալսարանի արդիականացման և զարգացման կարևոր նախապայմաններից են։
ԵՊՀ-ն, միջազգայնացման հիմնական առաջնահերթություններին համապատասխան, համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր ունի աշխարհի շուրջ 50 երկրների 270 համալսարանների, հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Բացի այդ՝ ԵՊՀ-ն ակտիվորեն ներգրավված է մի շարք ներքին, արտաքին դրամաշնորհային և միջազգային ծրագրերում, անդամակցում է տարբեր միջազգային ցանցերի, ինչը թույլ է տալիս մշտապես մասնակցելու տարածաշրջանային ու միջազգային խոշոր գիտակրթական կոնսորցիումներին` դրանով իսկ խթանելով միջազգային շարժունակությունն ու փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:
2023-2024 ուստարում կնքվել են 23 նոր պայմանագրեր օտարերկրյա բուհերի հետ, համալսարանն անդամակցել է 34 միջազգային կազմակերպությունների և կոնսորցիումների: Միջազգային գործընկերությունների շրջանակում կազմակերպվում են համալսարանի դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումներ, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։
Կարևորելով բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումն ու համագործակցության միջոցով ԵՊՀ առաջընթացն ապահովելու հանձնառությունը՝ շարունակվում են առկա փոխգործակցային կապերի սերտացման և նոր գործընկերությունների հաստատման գործընթացները։ ԵՊՀ գործընկեր կազմակերպությունների և ձեռնարկությունների միասնական ռեեստրում ներառված են 435 կազմակերպության տվյալներ, որոնց հետ իրականացվում է համագործակցություն տարբեր ձևաչափերով: 2023-2024 ուստարում կնքվել է 18 հուշագիր, ամրապնդվել և զարգացել են գործընկերային կապերը: Նախորդ տարվա ընթացքում անցկացվել է 70-ից ավելի հանդիպում: ԵՊՀ-ի կազմակերպած էքսպոների շնորհիվ ընդլայնվել է գործընկեր կազմակերպությունների շրջանակը: Համալսարանը նաև ակտիվորեն մասնակցում է գործընկերների կազմակերպած էքսպոներին՝ բարձրացնելով ԵՊՀ բրենդի դիտելիությունը և ապահովելով նոր հնարավորություններ շահառու կողմերի համար:
Համագործակցության շրջանակում գործընկեր կազմակերպություններից հրավիրված խոսնակների ներգրավմամբ անցկացվել են չորս տասնյակի հասնող դասընթացներ ու հանդիպումներ: Դրանց մասնակցել են մոտ 1000 ուսանողներ, որոնցից շատերը կարողացել են աշխատանքի ընդունվել այդ կազմակերպություններում: Համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողները մասնագիտական և ուսումնաարտադրական պրակտիկաներ են անցնում գործընկեր կազմակերպություններում: Շուրջ 750 ուսանող է դիմել այդ հնարավորությունից օգտվելու համար: Գործընկերների հետ 189 նման ծրագիր է իրականացվել, որոնց մասնակցած 220 ուսանողի 35-40%-ը, համապատասխանելով գործընկեր-գործատուների պահանջներին, աշխատանքի է ընդունվել այդ կազմակերպություններում:
ԵՊՀ շրջանավարտները՝ լավագույն գործընկերներ
ԵՊՀ գործընկերության զարգացմանը մեծապես նպաստում են շրջանավարտները: Ունենալով շրջանավարտների ամենամեծ ու ընդգրկուն համայնքը Հայաստանում՝ ԵՊՀ-ն ընձեռում է նրանց համալսարանական միջավայրում շարունակական ներգրավման, համալսարանի ու միմյանց հետ հաղորդակցվելու և համագործակցային բազմաթիվ հնարավորություններ։ Գործընկերությունը համալսարանական համայնքի հետ հաղորդակցման փոխշահավետ կարևոր հարթակ է, որը ոչ միայն նպաստում է գիտական ու կրթական առաջընթացին, այլև բարձրացնում է համալսարանի սոցիալական պատասխանատվությունը և նպաստում հասարակության հետ կապի ամրապնդմանն ու խորացմանը։
Համալսարանի շրջանավարտները մշտապես իրենց տեղն են գտել գիտության, կրթության, մշակույթի և տնտեսության տարբեր բնագավառներում, քաղաքական և հասարակական գործունեություն ծավալել Հայաստանում և Հայաստանից դուրս։ Զբաղեցնելով բարձր և պատասխանատու պաշտոններ պետական կառավարման մարմիններում, տեղական և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև հիմնելով ընկերություններ, որոնցից շատերը հասցրել են նաև միջազգային հեղինակություն ձեռք բերել, ԵՊՀ շրջանավարտները պատրաստակամ են աջակցելու հարազատ բուհին զարգացման, որակի բարձրացմանն ուղղված ջանքերում:
ԵՊՀ-ն՝ համագործակցության հարթակ
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորման տեսանկյունից կարևոր քայլ է համարում ԵՊՀ գործընկերների ակումբի ստեղծումը: Այն կծառայի ոչ միայն համագործակցությունը համապարփակ դարձնելուն, այլև կդառնա միմյանց հետ հաղորդակցվելու հարթակ։
Փոխգործակցության այս ձևաչափը կոչված է ապահովելու համագործակցային այնպիսի ինստիտուցիոնալ միջավայր, որտեղ ԵՊՀ գործընկերները հնարավորություն կստանան.
մասնակցելու կրթական և հետազոտական օրակարգերի ձևավորմանը,
ներգրավվելու փոխշահավետ և նորարարական լուծումների մշակման գործընթացներում,
նախաձեռնելու և իրականացնելու համատեղ նախագծեր,
խթանելու միջֆակուլտետային համագործակցությունները,
ձևավորելու գիտաուսումնական կրթական նոր արդյունքներ,
նպաստելու կրթական ծրագրերի արդիականացմանը,
ներգրավվելու գիտակրթական արդյունքների առևտրայնացման գործընթացներում,
քննարկելու միջոլորտային նշանակության հարցեր:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը նպաստելու է ԵՊՀ և գործընկեր կազմակերպությունների համագործակցության առաջընթացին, հնարավորություն է տալու համակարգելու բուհ-աշխատաշուկա գործնական կապերը, կառավարելու տեղեկատվական հոսքերը և նպաստելու գիտության զարգացմանը: Ակումբի արդյունավետ աշխատանքը կբարձրացնի նաև կրթական ծրագրերի ճկունությունը՝ հնարավորություն տալով բուհին արագ արձագանքելու աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին՝ նոր մասնագիտությունների ձևավորման և ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին դիմակայելու համար:
Համագործակցության սոցիալականացման և հաղորդակցման բազմակողմ ձևաչափերի կիրառումը «ԵՊՀ գործընկերների ակումբում» կդառնա այն հիմնական գործիքներից մեկը, որը կխրախուսի ակտիվ փոխգործակցությունը և կստեղծի արդյունավետ համագործակցության միջավայր՝ նպաստելով ինչպես ակումբի անդամների միջև առկա համագործակցության ամրապնդմանը, այնպես էլ նորարարական գաղափարների ձևավորմանը տարբեր ոլորտներում։
Կրթության որակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունն արդիական է դարձրել բուհ-ուսանող-գործատու եռանկյունու արդյունավետ կապի ապահովումը: ԵՊՀ-ում համագործակցային կրթության ինտեգրացված մոդելի (ՀԿԻՄ) զարգացման հիմնախնդիրը նաև համալսարանի գիտական հետազոտությունների ուսումնասիրության տիրույթում է:
Պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների խորացումը դիտարկելով զարգացման կարևոր ուղղություն՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում 2021-2024 թթ․ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման շրջանակում իրականացվել է «Բուհ-կազմակերպություն համագործակցության զարգացման խնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով գիտական հետազոտություն։ Վերջինիս շրջանակում գիտական խմբի նախաձեռնությամբ անցկացվել են մի շարք բազմակողմ ֆոկուսխմբային քննարկումներ, կատարվել են աշխատաշուկայի ոլորտային վերլուծություններ՝ պարզելու շահառու կողմերի միջև ներկայիս կապի առանձնահատկությունները, գործընկեր կազմակերպությունների հետ երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանը նպաստող շարժառիթները, ինչպես նաև մտահոգությունները՝ բուհերի միջև փոխգործակցության տարբեր ձևաչափերի զարգացման առնչությամբ: Հետազոտությունների շրջանակներում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել են նաև «Բուհ-աշխատաշուկա համագործակցության խնդիրները և հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկումներ:
ԵՊՀ գործընկերային կապերը շարունակում են ընդլայնվել և խորանալ՝ ընդգրկելով թե՛ տեղական, թե՛ միջազգային նոր ուղղություններ: Համալսարանը շարունակում է գործընկերային կապերի խորացման իր ջանքերը՝ հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին ու ռազմավարական նպատակներին: