- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն հյուրընկալեց Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի պատվիրակությանը
Ապրիլ 15, 2025 | 15:49
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն հյուրընկալեց Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի պատվիրակությանը
Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությունը ժամանեց ԵՊՀ՝ ընդլայնելու գիտակրթական ոլորտում գործակցային հարաբերությունները: Հանդիպմանը Ռուսաստանից ժամանած հյուրերը ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի ու Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի հետ հստակեցրին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ընդգծեց, որ համալսարանն ունի մոտ 15000 ուսանող, 54 բակալավրիատի և ավելի քան 200 մագիստրոսական ծրագրեր. «Վերջին տարիներին մեր բոլոր կրթական ծրագրերն անցնում են եվրոպական հավատարմագրում, որպեսզի ուսանողների կրեդիտները ճանաչվեն եվրոպական բուհերում: Արդեն իսկ հավատարմագրվել են Կենսաբանության ֆակուլտետի, Ֆարմացիայի ինստիտուտի կրթական երկուական ծրագրերը, իսկ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական 6 ծրագրեր այժմ հավատարմագրման փուլում են»,- նշեց պրոռեկտորն ու հավելեց, որ ԵՊՀ-ն նաև հետազոտական կառույց է, և բուհում հընթացս իրականացվում են նաև միջգիտակարգային հետազոտություններ:

Էլինա Ասրիյանն այս համատեքստում հիշատակեց համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկերում («Times Higher Education», «Quacquarelli Symonds (QS)») ԵՊՀ-ի ներկայացվածությունն ու ունեցած բարձր դիրքը:
Պրոռեկտորը, հյուրերին ներկայացնելով ԵՊՀ-ի հետ համագործակցության հեռանկարները, մատնանշեց Բիզնես ինկուբատորի գործունեությունը, որն ուղղված է նպաստելու նորարարական գաղափարների զարգացմանն ու առևտրայնացմանը:
Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովն էլ հիշատակեց, որ դեռևս 2023 թվականին ԵՊՀ-ի հետ կնքվել է հուշագիր, որի շրջանակում կազմակերպվել են ԵՊՀ ուսանողների այցեր Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարան՝ երիտասարդական միջոցառումներին մասնակցելու նպատակով. «Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի համար ԵՊՀ-ի հետ համագործակցության պահպանումն ու ընդլայնումը մեր առաջնահերթություններից է: Մեր համալսարանում այս պահին սովորում են ավելի քան 25000 ուսանողներ, ինչպես նաև ունենք 60 երկրներից ժամանած շուրջ 2000 ուսանողներ: Կարծում եմ՝ կրթական ծրագրերի կազմակերպման տեսանկյունից բավական նմանություններ ունենք: Առաջիկայում կարող ենք «Միջազգային հարաբերություններ», «Հոգեբանություն», «Մանկավարժություն» մասնագիտությունների գծով երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող նախաձեռնություններով հանդես գալ»:

Էլինա Ասրիյանը, արձագանքելով առաջարկին, մատնանշեց՝ ԵՊՀ-ում գործում են նաև երկու հոգեբանական կենտրոններ, որոնցից մեկը մատուցում է առևտրային (կոմերցիոն) ծառայություններ՝ գեներացնելով բավական մեծ ֆինանսական միջոցներ, իսկ երկրորդն ամբողջությամբ անվճար է և գործում է ուսանողների համար. «Այս ձևաչափի հեղինակը մենք ենք. մեր մագիստրոսները, անցնելով երկու ամսվա վերապատրաստման դասընթացներ, իրենք են ընդունում ուսանող-հաճախորդներին: Այս ձևաչափը հետաքրքրել է նաև եվրոպական բազմաթիվ բուհերի, որոնք այն ներդնելու նպատակ ունեն: Մենք ունենք նաև բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքների պատվերներ հոգեբանության ոլորտում թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Եվրոպայից»,- ասաց պրոռեկտորն ու նշեց, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ևս լայն համագործակցային կապեր ունի եվրոպական բուհերի հետ, որոնց մի մասի շնորհիվ ուսանողներին հաջողվում է մասանկցել կրկնակի դիպլոմով ծրագրերին:
Ալեքսանդր Մարգարովը հիշատակեց, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ այս տարվա հոկտեմբերին կկազմակերպվի հերթական միջազգային գիտաժողովը, որին ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեծ հետաքրքություն են ցուցաբերում արտերկրի բազմաթիվ հետազոտողներ:
Խոսելով գործակցային կապերի ընդլայնումից՝ Ա. Մարգարովն ընդգծեց, որ կարող են նաև հեռավար դասախոսություններ կազմակերպել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներով: Նա պատրաստակամություն հայտնեց նաև ընդունելու հրավիրյալ դասախոսներ, որոնք թե՛ հիբրիդային, թե՛ առկա ձևաչափով կարող են ներկայացնել իրենց թեմաները:

Անդրադառնալով ԵՊՀ-ի և արտերկրի հետազոտողների միջև գործակցային կապերին ու գիտական նախագծերի համատեղ կատարմանը՝ Ալեքսանդր Մարգարովը մատնանշեց, որ դրանք մեծավ մասամբ իրականացվում են ինչպես ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի տրամադրած դրամաշնորհների, այնպես էլ ԵՊՀ-ի տրամադրած ներքին դրամաշնորհների միջոցով. «Ներքին դրամաշնորհներն ուղղվում են ինչպես գիտությանը՝ հետազոտական աշխատանքների կատարմանը, այնպես էլ կրթական ծրագրերի վերանայմանն ու բարելավմանը»:
Հանդիպմանը քննարկվեցին այլ ֆակուլտետների հետ համագործակցության ուղիները ևս: Հետայդու հյուրերի համար կլոր սեղան-հանդիպում կազմակերպվեց մի շարք ֆակուլտետների ու Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ներկայացուցիչների հետ: