February 13, 2025 | 15:37
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ-ում կգործարկվի բացառիկ սարքավորում՝ նոր հորիզոններ բացելով նյութագիտության ոլորտում
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը ձեռք է բերել բացառիկ սարքավորում՝ ռենտգենյան ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետր (XRS)։ Գիտական այս սարքը նյութագիտության ոլորտում կբացի լայն հնարավորություններ՝ նոր հետազոտությունների և նորարարությունների իրականացման համար։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/ysul7200_0.jpg?h=b6484c81&itok=MIj9WMF_)
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/ սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի» շրջանակում ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը վերազինվել է բացառիկ և հզորագույն սարքավորմամբ, որը հնարավորություն է տալիս լուծելու մի շարք խնդիրներ։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Ալեքսանյանը պատմում է, որ «Thermo fisher scientific» ընկերությունից գնված սարքավորումը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հետազոտվող նմուշը՝ գրեթե առանց վնասելու դրա բյուրեղային և կառուցվածքային այլ բաղադրիչներ: Սարքավորման շնորհիվ հնարավոր է հայտնաբերել նմուշում գրեթե բոլոր տարրերի առկայությունը, գրանցել էլեկտրոնների կապի էներգիաների աննշան փոփոխությունը և այդպիսով ստանալ անհրաժեշտ տեղեկություն նյութի տարրերի ատոմական կապերի վիճակների մասին:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/ysul7167.jpg?itok=fkxB8jj3)
Այն թույլ է տալիս որոշել նյութի մակերևույթի բաղադրությունը (անհրաժեշտության դեպքում հետազոտվող նմուշի մակերևույթը)՝ իոնիզացված արգոնի հոսքերի միջոցով մաքրելով անցանկալի աղտոտվածություններից: Կարելի է իրականացնել նաև նյութի մակերևույթի տարրերի քանակական գնահատում և նանոթաղանթի պրոֆիլի չափում՝ գնահատելով դրա իրական հաստությունը: Սարքավորումը չի պահանջում հետազոտվող նմուշի հատուկ ու բարդ նախապատրաստում և հնարավորություն է տալիս որոշելու նյութի ելքի աշխատանքը: Չափման խցիկում պահանջվում է գերբարձր վակուումային միջավայր. այդ իսկ պատճառով սարքը մշտապես պետք է միացված լինի:
Նմանօրինակ հետազոտությունները նախկինում իրականացվում էին այլ կազմակերպությունների և կենտրոնների հետ համագործակցությամբ: Հայաստանում նման հնարավորություններ չլինելու պարագայում գիտական խումբը խնդիրը լուծել է արտերկրի՝ Չեխիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի և այլ երկրների գործընկերների հետ համագործակցության և ունեցած ամուր կապերի շնորհիվ:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/ysul7148.jpg?itok=yV1ArxfI)
«Հայաստանում նմանօրինակ համակարգ գոյություն չունի։ Մենք երկար ճանապարհ ենք անցել մինչև կարողացել ենք սարքը հաջողությամբ հասցնել Երևանի պետական համալսարան։ «Thermo fisher scientific» ընկերության հետ բանակցությունների արդյունքում ընկերությունն անմիջական մասնակցություն ունեցավ սարքի գնման տենդերային գործընթացին, որի շնորհիվ տնտեսվեց բավական մեծ գումար: Սարքի տեղադրման և գործարկման աշխատանքների իրականացման նպատակով ընկերությունն այժմ իր մասնագետին՝ Օմար Ալշուվայիին (Omar Alshuwayi), գործուղել է Հայաստան։ Աշխատանքների ավարտից հետո մասնագետը 2-3 օր վերապատրաստում կանցկացնի մեր երիտասարդ հետազոտողների համար»,- նշեց Ալեքսանյանը։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում գործող գիտական խմբերը սինթեզում են տարբեր տեսակի նանոկառուցվածքներ, ապա դրանց հիման վրա պատրաստում սենսորներ, նոր սերնդի օպտիկական սարքավորումներ և այլ նանոհամակարգեր։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/ysul7178.jpg?itok=0TV_UY0x)
«Որպեսզի կարողանանք մեր սարքավորումների պարամետրերը լավարկել, անպայման պետք է իրականացնենք մի շարք խորքային նյութագիտական հետազոտություններ, որոնք ներառում են ստացված նանոկառուցվածքի ձևը, բաղադրությունը, ատոմական կապերը, բյուրեղական կառուցվածքը, նանոթաղանթի հաստությունը և այլն։ Եթե մենք գիտության առաջընթացին զուգընթաց չունեցանք նյութագիտական հետազոտություններ, ոչ ոք լուրջ չի ընդունի այդ գիտական ուսումնասիրությունը, որը ներկայացվում է հոդվածների տպագրման, գիտաժողովների նյութերի և արտոնագրերի ձեռքբերման նպատակով։ Մեր ստեղծած նանոհամակարգերն անհրաժեշտ է ենթարկել բազմաֆունկցիոնալ հետազոտման, իսկ դրա համար անհրաժեշտ են այսպիսի լրջագույն կայանքներ»,- շեշտում է կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ սարքը ոչ միայն կենտրոնինն է, այլև Ֆիզիկայի ինստիտուտինը, Հայաստանինը։ Առաջիկայում մշակվելու են այնպիսի մեխանիզմներ, որ հետազոտողները կարողանան օգտվել գիտական սարքավորման ընձեռած հնարավորություններից։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/ysul7155_0.jpg?itok=LKCZUfoI)
Այս սարքը կծառայի ոչ միայն որպես հետազոտության գլխավոր գործիք, այլև կդառնա ուսանողների համար հրաշալի հնարավորություն՝ ներգրավվելու գիտական աշխատանքներում։ Հետագայում բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները հնարավորություն կունենան մասնակցելու կարևոր նախագծերին՝ խորացնելով իրենց գիտելիքները։
Սարքավորման վերջնական փորձարկումներից, ինչպես նաև հետազոտողների վերապատրաստումներից հետո գիտական խմբերը կսկսեն համապատասխան գիտահետազոտական աշխատանքներ։
Սարքավորումները մեծ նշանակություն ունեն ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ Հայաստանի գիտական համայնքի համար, քանի որ ստեղծում են բարենպաստ պայմաններ նոր նախագծերի և գիտական խորքային հետազոտությունների համար։