March 21, 2023 | 14:35
Education
Science
YSU Faculty of Sociology: organizer of the conference dedicated to the International day of the Social worker
Սոցիալական աշխատողի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ գործակցության շրջանակում կազմակերպել էր «Սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենտության երաշխավորման հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ընդգծել է քննարկվող թեմայի կարևորությունն ու արդիականությունը:
Սոցիալական աշխատողների՝ արդի ճգնաժամերին արձագանքելու համար անհրաժեշտ հմտություններ զարգացնելու կարևորությանն է անդրադարձել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: Նրա խոսքով՝ սոցիալական աշխատողները էական դեր ունեն ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու գործում, ուստի՝ շատ կարևոր է նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործումը:
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը, արժևորելով սոցիալական աշխատողի դերը հասարակության մեջ, նշել է, որ սոցիոլոգիա մասնագիտությունը ստեղծվել է ճգնաժամի պայմաններում և էական ներդրում է ունեցել այդ ճգնաժամերի հետևանքների հաղթահարման կամ մեղմացման գործում: Ա. Խաչատրյանը ներկայացրել է նաև առկա ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողներին անհրաժեշտ մասնագիտական հմտությունների ձևավորման գործընթացը:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանն անդրադարձել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ընթացքում սոցիալական աշխատողներին անհրաժեշտ հոգեբանական գիտելիքների և կարողությունների կարևորությանը, ինչպես ներկայացրել, թե որքանով է կրթական ծրագիրը (այդ թվում՝ մասնագիտական պրակտիկան) նպաստում այդ գիտելիքների և կարողությունների զարգացմանը:
Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների մասին է խոսել սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի փորձագետ Եվգինե Վարդանյանը:
Գիտաժողովի շրջանակում ստեղծված հանձնախմբերում քննարկվել են նաև սոցիալական աշխատողների կրթության կազմակերպման, մասնագիտական հմտությունների զարգացման, աշխատաշուկայում շրջանավարտների ներգրավման խնդիրներին առնչվող թեմաներ:
Գիտաժողովին մասնակցել են ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնի ուսանողներ, որոնք երիտասարդական հանձնախմբի շրջանակում ներկայացրել են սոցիալական աշխատողի կրթության կազմակերպման վերաբերյալ իրենց տեսակետը:
Նշենք, որ գիտաժողովին, բացի ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներից և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի անդամներից, մասնակցել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան», «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: