March 17, 2023 | 15:37
Education
Society
YSU graduate and Career center continues steps directed to strengthening the university-employer relationship
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում ներկաները առցանց ձևաչափով «շրջել են» «Կոկա-կոլա երջանկության գործարան»-ում: Այնուհետև բանախոսը ներկայացրել է «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որն առաջարկում է կյանքի և բիզնես հմտությունների վերաբերյալ հետաքրքիր և բովանդակալից դասընթացաշարեր՝ ուղղված երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը: Ուսանողներից շատերը, ծանոթանալով ծրագրի մանրամասներին, ցանկություն են հայտնել մասնակցելու դասընթացներին:
Անդրադառնալով «Կոկա-կոլա» ընկերության հետ համագործակցության կարևորությանը՝ կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը փաստել է, որ այս գործակցության շրջանակում համալսարանականները հնարավորություն են ստանում ծանոթանալու ընկերության գործունեությանը: Նրանք պարբերաբար իրազեկվում են պրակտիկաների հնարավորությունների, ընկերությունում առկա թափուր հաստիքների և դրանց համար դիմելու օրինակելի կարգի մասին:
Նշենք, որ առաջիկայում հանդիպման մասնակից ուսանողների առաջարկով նախատեսվում է կազմակերպել շրջայց «Կոկա-կոլա երջանկության գործարան»: