April 21, 2023 | 16:56
Education
Science
YSU student is involved in the works of Armenian legislative body
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Քաղաքագիտություն» բաժնի ուսանող Լիաննա Հարությունյանը «Խորհրդարանական պրակտիկա և ֆելլոուշիփ-2023» ծրագրի հաղթողներից է: Ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսանողն աշխատում է Ազգային ժողովում՝ ակտիվ ներգրավվելով ՀՀ օրենսդիր մարմնի աշխատանքներում: Լիաննայի պատմությունն ակնառու է դարձնում նրա հաջողության գործում ԵՊՀ անգնահատելի դերը:
Ես Լիաննա Հարությունյանն եմ…
Աշխարհում կատարվող քաղաքական գործընթացներին քաջատեղյակ լինելու, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության խնդիրների համար նոր լուծումներ գտնելու և առաջարկելու ձգտումով ընդունվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Համալսարանում ոլորտի վերաբերյալ խոր գիտելիքներ ձեռք բերելով, ինչպես նաև հնարավորություն ունենալով ոչ ֆորմալ դասերի շրջանակում կուրսընկերներիս հետ «ստեղծելու կուսակցություններ», «անցկացնելու նախընտրական քարոզարշավներ», «մասնակցելու ընտրությունների»` ամրապնդել եմ տեսական և գործնական գիտելիքներս։
Անդամակցելով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը՝ նպատակ եմ ունեցել ոչ միայն դառնալու քաղաքական իրադարձություններին իրազեկ մասնագետ, այլև անհատ, որը ցույց է տալիս նաև դրանց առաջացման նախադրյալներն ու գիտական հիմքերը: Կառույցը, միջնորդ դառնալով երիտասարդ հետազոտողների և գիտական լայն հանրույթի միջև, նպաստել է գիտական մտածողությանս զարգացմանը, ինչի շնորհիվ հեղինակել եմ գիտական հոդված՝ «Միապետությունը Մեծ Բրիտանիայում և Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահակալությունը» թեմայով:
Այժմ ավարտական աշխատանքիս շրջանակում ուսումնասիրում եմ 2021 թ. խորհրդարանական ընտրություններում կիրառվող PR տեխնոլոգիաները: Այս հետազոտությունը հնարավորություն կտա հասկանալու, թե PR արշավներն ինչ դերակատարում են ունեցել խորհրդարան անցած երեք կուսակցությունների վարած քաղաքականության մեջ: Վստահ եմ՝ միջառարկայական գիտահետազոտական այս աշխատանքը հետագայում իր ուրույն դերակատարումը կունենա քաղաքական դաշտում հանրային կապերի զարգացման գործում:
Նպատակ ունենալով գործունեություն ծավալելու ՀՀ և արտերկրի պետական մարմիններում՝ մասնակցել եմ Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի և ՀՀ ազգային ժողովի նախաձեռնած խորհրդարանական պրակտիկայի ծրագրին: Ծրագրի հաղթող մասնակիցներին հնարավորություն էր տրվում ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, աշխատելու խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում և Ազգային ժողովի աշխատակազմում:
Ծրագրին դիմելիս վստահ էի, որ դառնալու եմ հաղթողներից մեկը, քանի որ համալսարանում ուսումնառելու տարիներին ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են ընձեռում միանգամից աշխատանքի անցնելու Ազգային ժողովում: Այժմ ՀՀ օրենսդիր մարմնում կատարում եմ մեդիամոնիթորինգ և վերլուծական հետազոտական աշխատանքներ:
Կարծում եմ՝ իմ հաջողության գրավականը սեփական ուժերին վստահելն է, ինչպես նաև ցանկացած իրավիճակում լավատես լինելը:
Լիահույս եմ՝ համալսարանում ստացած գիտելիքների շնորհիվ քաղաքական դաշտում իմ գործունեությամբ կկարողանամ նպաստել մեր երկրի ժողովրդավարացմանն ու զարգացմանը:
Մարինե Մկրտչյան