March 23, 2023 | 16:52
Education
Science
Inter university employee at YSU
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում անցկացվել է «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի խնդիրները կիսալեռնային և լեռնային շրջաններում» խորագրով աշխատաժողով, որը նվիրված էր Անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական օրվան։
Աշխատաժողովի ժամանակ քննարկվել են ջրաօդերևութաբանության ոլորտում ծառացած բազմաթիվ հարցեր։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների կազմակերպումը և հատկապես աշակերտների ներգրավվածությունը դրանցում, նշել է. «Այսօրվա աշխատաժողովը ցույց է տալիս, որ ունենք բնագավառով հետաքրքրված սերունդ: Աշակերտների մասնակցությունը նման միջոցառումներին ամրապնդում է դպրոց-բուհ համագործակցությունը»։
Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանն արժևորել է նմանատիպ աշխատաժողովների կազմակերպումը և դրանց շրջանակում կազմակերպվող քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին և աշակերտներին ծանոթանալու ջրաօդերևութաբանության ոլորտում առկա բազմաբովանդակ խնդիրներին և դրանց լուծման համար ուղիներ գտնելու։
Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (ԳՄՀԸ) կայուն հողօգտագործման խորհրդատու, ա.գ.դ., պրոֆեսոր Հովիկ Սայադյանն ընդգծել է, որ կլիմայական ակնհայտ փոփոխությունների նկատմամբ խոցելի լինելով՝ Հայաստանի նման լեռնային երկրի համար այսպիսի աշխատաժողովներն ունեն կենսական նշանակություն ոչ միայն ջրային հիմնախնդիրները բարձրաձայնելու, այլև ուսանողներին հաղորդակից դարձնելու առկա հիմնախնդիրներին և մարտահրավերներին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պարգև Բալջյանը և նույն համալսարանի դոցենտ Արմեն Սեդրակյանը համակարծիք էին այն հարցի շուրջ, որ նմանօրինակ միջոցառումները կնպաստեն ուսանողների և դասախոսների միջև փորձի փոխանակմանը, ուսանողների երևակայության զարգացմանը, ինչը կբարձրացնի սովորողների ստացած գիտելիքների կիրառման արդյունավետությունը:
Աշխատաժողովին մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներ, Հրազդան քաղաքի N12 դպրոցի աշակերտներ և աշխարհագրության ուսուցչուհի Մարինա Մարգարյանը։ Վերջինս հույս է հայտնել, որ նման համագործակցությունները շարունակական կլինեն:
Աշխատաժողովի ավարտին բոլոր զեկուցողներին տրվել են հավաստագրեր:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել էր աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի և ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության համատեղ ջանքերով։