April 13, 2023 | 16:29
Science
Education
Republican conference dedicated to the memory of Hovhannes Tumanyan at YSU
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակման ոգեկոչմանը նվիրված հանրապետական եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը:
Այսօր կայացած նիստի 8 զեկուցումների հեղինակները ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և տեսության ամբիոնի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ էին: Նրանք իրենց զեկուցումներում նոր մոտեցմամբ են անդրադարձել Թումանյանի ստեղծագործություններին, հասարակական գործունեությանը և քաղաքական դիրքորոշումներին՝ նորովի բացահայտելով և գնահատելով Ամենայն հայոց բանաստեղծին:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, ընդգծեց. «Ըստ իս՝ մեր գրականության երկնակամարում Հ. Թումանյանը և Խ. Աբովյանն ունեն առանձնահատուկ տեղ. նրանք ոչ միայն գրող և մտավորական են, այլև մարդիկ, որոնց պետք է դասել սրբերի շարքին»:
Ա. Ավագյանը նշեց, որ Թումանյանը յուրաքանչյուր հայի մեջ է, նա հայ ազգի պատմության բարդ ժամանակաշրջանում ապրել և կոփվել է որպես իսկական հայորդի, որը մեզ սովորեցրել և սովորեցնում է ճանաչել աշխարհն ու հայի էությունը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը շեշտեց, որ այս գիտաժողովը գիտական հանրույթի և Թումանյանի ստեղծագործություններով հետաքրքրվողների համար լավագույն առիթ է՝ նորովի հետազոտելու և լրացնելու թումանյանագիտության բացթողումները:
«Մեր այս քայլերը նպատակ ունեն հաջորդ սերունդների համար բացելու թումանյանագիտության անհուն աշխարհի դռները»,- ասաց Ա. Եղիազարյանը:
Նշենք, որ գիտական նստաշրջանը կազմակերպել են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Հայաստանի գրողների միությունը: Գիտաժողովի առաջին նիստը կայացել է երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, իսկ վաղը տեղի կունենա երրորդ նիստը Հ. Թումանյանի թանգարանում: