April 18, 2023 | 12:15
Science
Education
Student work council at YSU
Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի համատեղ ջանքերով ս․թ․ մայիսի 20-ին տեղի կունենա «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին մինչև ս.թ․ ապրիլի 8-ը հայտադիմում ներկայացնելու հնարավորություն են ունեցել ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։
Աշխատաժողովի նպատակն է խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների կատարումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատաժողովին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, կատարելագործելու հմտությունները, զարգացնելու հաղորդակցական կարողությունները և ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։
ԵՊՀ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Քրիստինե Հարությունյանը, անդրադառնալով Երևանի պետական համալսարանի ներգրավվածությանը աշխատաժողովի կազմակերպական աշխատանքներում, նշեց, որ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ մասնակցելու են և իրենց ներդրումն ունենալու աշխատաժողովի անցկացման գործում, ինչպես նաև շարունակական կապ են ապահովելու ուսուցիչների հետ՝ օգնելով նրանց գրականության ընտրության և աշխատանքների ճիշտ կազմակերպման հարցերում։
«ԵՊՀ-ԿԶՆԱԿ փոխգործակցության շրջանակում իրագործվող այս նախաձեռնությունը միտված է Հայաստանի կրթական ոլորտի կայուն զարգացմանը, ինչն էլ իր հերթին պայմանավորում է երկրի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների արդյունավետությունը։ Ըստ հանրակրթության նոր չափորոշչի (ՀՊՉ)՝ մեր երկրում հետազոտական գործունեությունը, նախագծային ուսուցումն առանցքային են։ Աշխատաժողովի միջոցով ԵՊՀ-ն ու ԿԶՆԱԿ-ը փորձում են խթանել հետազոտական աշխատանքների կատարումը դպրոցում»,- մեզ հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակից Վալտեր Բերբերյանը։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Վահագն Գրիգորյանը, որը նախագահելու է աշխատաժողովի նիստը, նշեց, որ այսօրինակ աշխատաժողովները նպաստում են բուհ-դպրոց կապի ամրապնդմանը՝ առաջնահերթ աջակցելով դպրոցներին և տալով նրանց նոր մարտահրավերներ հաղթահարելու գործիքակազմ։
ԵՊՀ-ն ակտիվորեն կազմակերպում է հանրապետական ու առարկայական օլիմպիադաներ, գիտակրթական միջոցառումներ, հյուրընկալում է աշակերտներին՝ հնարավորություն տալով նրանց ծանոթանալու ուսանողական կյանքին, ուսումնական գործընթացի կազմակերպման մեթոդներին, պրակտիկայի հնարավորություններին, կրթական ծրագրերին և, իհարկե, ցույց տալիս համալսարանի առաջարկած հեռանկարները։
Երևանի Բ. Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Իլոնա Խաչատրյանն ու Մեսրոպ Հովսեփյանը աշխատաժողովի շրջանակում հետազոտական աշխատանք են կատարում միևնույն թեմայի վերաբերյալ` «Ածականը հայերենում և ռուսերենում»: Նախապատրաստական աշխատանքներում նրանք անմիջականորեն աշխատում են իրենց ուսուցիչների հետ, պարբերաբար քննարկում և բացահայտում թեման նոր դիտանկյունից։
Բացի դրանից՝ նույն աշխատաժողովի շրջանակում ուղղորդող ղեկավար ուսուցիչների համար արդեն իսկ կազմակերպվել են «Ի՞նչ է հետազոտությունը» թեմայով սեմինար և երկօրյա առցանց խորհրդատվական հանդիպում-քննարկումներ, որոնց ժամանակ քննարկվել են աշխատաժողովի և հետազոտական աշխատանքի կատարման առանձնահատկությունները։
Նշենք, որ այս տարի ներկայացված հայտադիմումների թիվը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը․ ստացվել է 165 հայտ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։ Հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, որի արդյունքների վերաբերյալ ուսուցիչներն ու աշակերտները կծանուցվեն մինչև ս.թ. ապրիլի 25-ը: