- Main
- Node
- «ՊԱՀՊԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ՝ ՀԱՐԳԵԼ ՄՅՈՒՍՆԵՐԻՆԸ». ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
November 06, 2019 | 16:46
«ՊԱՀՊԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ՝ ՀԱՐԳԵԼ ՄՅՈՒՍՆԵՐԻՆԸ». ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր «Հանդուրժողականության տարի» միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել դասախոսություն, որին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբին, դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ԱլՍալամին, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը, ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, որն ուսանողներին ողջունեց բարի լուրով՝ հայտնելով, որ Շարժայի համալսարանի հետ ուսանողների փոխանակման ծրագրերի շրջանակում համագործակցելու ֆակուլտետի առաջարկը լուրջ հենքի վրա է դրվում, և ասաց, որ շուտով այդ համագործակցությունը կամրագրվի նաև պայմանագրով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին միջոցառման համար՝ նշելով, որ արաբական երկրների հետ համագործակցության ստեղծումն ու զարգացումը ԵՊՀ առաջնահերթություններից է:
Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբին, որը կարևորեց հանդուրժողականության դերն ու նշանակությունը՝ ասելով, որ դեռևս փոքր տարիքից երեխաներին պետք է հանդուրժողականություն սովորեցնել:
Դեսպանը նույնպես կարևորեց Շարժայի համալսարանի հետ համագործակցության հեռանկարը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում այն իրականություն կդառնա, քանի որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են:
Այնուհետև դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ԱլՍալամին դասախոսություն կարդաց «Հանդուրժողականությունը ԱՄԷ -ում» թեմայով:
Դասախոսության ընթացքում Ահլամ ԱլՍալամին անդրադարձավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ԱՄԷ կատարած այցելությանը:
Բանախոսը նշեց, որ այս տարի ԱՄԷ-ում հռչակվել է հանդուրժողականության տարի, և փաստեց, որ 2016 թվականից երկիրն ունի հանդուրժողականության նախարար, որի հիմնական գործառույթը հանդուրժողականության արժեքների տարածումն է ամբողջ երկրով. «ԱՄԷ-ն ձգտում է դառնալ հանդուրժողականության երկիր, իսկ Աբու Դաբին հռչակել որպես հանդուրժողականության մայրաքաղաք ամբողջ աշխարհում»:
Ահլամ ԱլՍալամին պատմեց նաև շեյխ Զայիդի՝ ԱՄԷ-ի հիմնադիր նախագահի մասին՝ առանձնահատուկ շեշտելով այն փաստը, որ ԱՄԷ-ն հանդուրժողականության արժեքները որպես ժառանգություն ստացել է հենց շեյխ Զայիդից և դրա հիման վրա կառուցել ու զարգացրել այն:
Բանախոսը խոսեց նաև հանդուրժողականության 7 հիմնասյուների մասին, մասնավորապես՝ հանդուրժողականությունը հասարակության մեջ, հանդուրժողականությունը կրթության ոլորտում, հանդուրժողականությունը տարբեր պետական հաստատություններում, հանդուրժողականությունը ընտանիքում, հանդուրժողականությունը ԶԼՄ-ներում:
Հանդուրժողականության կարևորությանն անդրադարձավ նաև ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ նշելով, որ շատ կարևոր է պահպանել սեփական արժեքները, միևնույն ժամանակ՝ հարգել մյուսներինը:
Թովմա վարդապետ Խաչատրյանի խոսքով, քրիստոնեությունն ու իսլամը հանդուրժողականության թեմայի վերաբերյալ ունեն ընդհանուր արժեքներ:
Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նույնպես ելույթ ունեցավ՝ շեշտելով, որ մեր ուսանողները հանդուրժողականության դեսպաններն են ողջ աշխարհում:
Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում թեմայի վերաբերյալ: