- Main
- Node
- ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
December 02, 2019 | 16:47
Կրթություն
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը։
Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները:
Միջոցառման սկզբում Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ողջունեց ներկաներին և խոսեց նմանաբնույթ գիտաժողովներ իրականացնելու կարևորության մասին. «Մենք հաճախ ունենում ենք տեսական գերազանց գիտելիքներ ունեցող ուսանողներ, որոնք գործնականում չեն կարողանում գրել հոդվածներ կամ թեզիսներ։ Սա խորհրդային շրջանից մեզ մնացած ժառանգություն է։ Նմանօրինակ գիտաժողովների միջոցով մենք փորձում ենք ուսանողներին ներգրավել հետազոտական աշխատանքներում, ծանոթացնել գիտական աշխատանք գրելու նրբություններին»։
Միջոցառմանը «Հայ պատմագիտության արդի մարտահրավերները» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հովհաննիսյանը:
Գիտաժողովը նախագահեցին պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը և պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ Տիգրան Գևորգյան:
Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողովի առաջին օրը զեկուցումներ կարդացին տարբեր ֆակուլտետների և բուհերի ուսանողներ` անդրադառնալով պատմագիտական կարևոր հիմնահարցերին: