- Main
- Node
- ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱԶԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 215-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
December 04, 2019 | 13:11
Հասարակություն
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱԶԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 215-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը և Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը նոյեմբերի 26-27-ը մասնակցել են Կազանի (մերձվոլգյան) դաշնային համալսարանի հիմնադրման 215-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Պաշտոնական միջոցառումների ընթացքում Լևոն Հովսեփյանը և Ալեքսանդր Սաֆարյանը Կ(մ)ԴՀ-ի ռեկտոր Իլշատ Գաֆուրովին փոխանցել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պաշտոնական շնորհավորական ուղերձը և նրան հանձնել հուշանվեր։
Բացի դրանից՝ ԵՊՀ պատվիրակության անդամներն այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Կ(մ)ԴՀ-ի ղեկավար անձնակազմի ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ աշխատանքի հերոս, Թաթարստանի առաջին նախագահ, Թաթարստանի հատուկ խորհրդական Մինտիմեր Շայմիևի, Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահ Մաքզյում Սալախովի և փոխնախագահ Դանյա Զագիդուլինայի հետ:
Մեզ հետ զրույցում Լևոն Հովսեփյանը փաստեց, որ հանդիպումների ժամանակ քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Նրա փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ կարևորվել է նաև ԵՊՀ-ի, Կ(մ)ԴՀ-ի և Նուրսուլթանի Լ. Գումիլյովի անվան ազգային համալսարանի (Ղազախստան) միջև ծավալվող եռակողմ համագործակցությունը՝ մասնավորապես հայատառ ղփչաղերեն ձեռագրերի համալիր ուսումնասիրության վերաբերյալ:
Ալեքսանդր Սաֆարյանի տեղեկացմամբ, հայատառ ղփչաղերեն ձեռագրերի համալիր ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի թյուրքական լեզուների պատմության ուսումնասիրության տեսանկյունից։
«Հատկանշական է, որ այդ թեմատիկայի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև թյուրքալեզու տարբեր երկրների, Իսրայելի, Ուկրաինայի և արևելաեվրոպական երկրների մասնագետները»,- ասաց Ալեքսանդր Սաֆարյանը։
Պատրաստեց Քնար Միսակյանը