- Main
- Node
- «ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎՆ Է». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
January 26, 2021 | 16:31
Հասարակություն
«ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎՆ Է». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել էր ԵՊՀ: Նախարարը հարազատ բուհ էր եկել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու համար:
«ԵՊՀ կրթության և գիտության լոկոմոտիվն է, որն առնվազն 100 տարվա ավանդույթների պատմություն ունի: Այդ ավանդույթները ձևավորում ենք մենք բոլորս՝ մեր գործունեությամբ և կեցվածքով: Եվ այսօր ինձ համար մեծ պատասխանատվություն է, քանի որ առաջին անգամ եմ հարազատ բուհ այցելում որպես նախարար, սակայն ընդգծեմ, որ ես ձեզնից մեկն եմ»,- նշեց Վահրամ Դումանյանը:
Հանդիսավոր արարողության ավարտին Վահրամ Դումանյանը պատասխանեց գործընկերների մի շարք հարցերին, որոնք բավականին ընդգրկուն էին՝ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում զոհված համալսարանական ուսանողների՝ պետության կողմից փոխհատուցվող վարձավճարների հարցից մինչև տարկետում:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը Վահրամ Դումանյանին խնդրեց պարզաբանել, թե ինչպես պետք է ուսանողներն ապացուցեն, որ մասնակցել են մարտական գործողություններին, եթե վերջիններիս զինգրքույկում որևէ նշում չկա այդ մասին: Արդյունքում ուսանողները չեն կարողանում օգտվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված աջակցության ծրագրից:
Նախարարը նշեց, որ խնդիրը մանրամասն քննարկվել է պետական տարբեր ատյաններում, սակայն արդյունքում որոշվել է որպես հիմք ընդունել հենց զինգրքույկում առկա նշումները. «Իրականում շատ բարդ հարց է, սակայն, որքան էլ ցավալի լինի, ներկայումս կոնկրետ ճանապարհներ չեմ կարող առաջարկել խնդրի լուծման համար: Իսկ զորացրվածների պարագայում խնդիրը լուծված կլինի, քանի որ բուհ վերադարձողների զինգրքույկների մեջ կոնկրետ նշումներ կլինեն»:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանն էլ բարձրաձայնեց տարկետում տրամադրելու հարցը, որի նախարարը պատասխանեց բավականին հակիրճ. «Տարկետման հարցը միշտ էլ իմ ուշադրության կենտրոնում է: Ինչպես նախկինում, ներկայումս էլ դեմ եմ տարկետման իրավունքի գործող կարգին: Սակայն հարցի շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել»:
Համալսարանականներն անդրադարձան նաև կրթության և գիտության ոլորտում կատարվող մի շարք փոփոխություններ ենթադրող նախագծերին ու որոշումներին, որոնք որոշակի դժվարություններ են ստեղծում կրթական գործընթացի կազմակերպման գործում:
Նախարարը մանրամասն խոսեց բոլոր խնդիրների մասին և վստահեցրեց, որ համալսարանականներին անհանգստացնող հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակվում են ու կարվի հնարավոր ամեն ինչ՝ բուհերին չվնասելու համար:
Վարդուհի Զաքարյան