- Main
- Node
- ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵՑԻՆ «ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ»-Ը. ԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
February 19, 2021 | 16:53
ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵՑԻՆ «ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ»-Ը. ԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ լսարանների անվանակոչության և հիշատակի արարողություն:
Լսարաններն անվանակոչվել են ֆակուլտետի ուսանողներ, ազատամարտիկներ Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի անուններով:
Անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի ընտանիքները, ուսանողական և մարտական ընկերները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողական կառույցների անդամներ:
Անվանակոչության հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Մարատ Գրիգորյանը, որը, շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցաբերած աջակցության համար, ցավակցության և սփոփանքի խոսքեր ուղղեց զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
«Մեր հերոսներն ընտրեցին գիտակցված մահն ու անմահության ճանապարհը,- խորը կսկիծով ասաց Մարատ Գրիգորյանը,- ծանր է խոսել անդառնալի կորուստների մասին, բայց մենք՝ ապրողներս, պետք է շարունակենք նրանց կիսատ թողած գործն ու իրականացնենք երազանքները»:
Ֆակուլտետի դեկանը պատմեց նաև Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի համալսարանական կյանքի մասին:
Դեկանի խոսքով, Սուրեն Մելիքբեկյանը գերազանց էր սովորում, մեծ խելքի և ունակությունների տեր անձնավորություն էր, և բոլորն էլ սպասում էին, որ Սուրենն անպատճառ կմնա ու իր գիտական գործունեությունը կշարունակի ֆակուլտետում. «Սուրենն ընտրեց գիտակցված մահը, նա գիտեր, որ պատերազմը ծանր է լինելու, բայց ոչ կյանքի, ոչ մահվան մասին չէր մտածում, նա մտածում էր միայն հաղթանակի ու հաղթելու մասին»:
Ալեքսան Սիմոնյանի մասին պատմելով՝ Մարատ Գրիգորյանը հիշեց, որ թեպետ նա գերազանց չէր գնահատականներով, բայց առաջադեմ էր իր մտքով:
«Ալեքսանն ասպետական կեցվածք ունեցող երիտասարդ էր՝ անսահման ընկերասեր ու մեղմ ժպիտով,- հիշում է դեկանը,- երբ միմյանց հետ տարբեր հարցերի շուրջ զրուցում էինք, ինձ զարմացնում էին նրա համեստությունն ու մեծ հոգին, որով սիրում էր իր հայրենիքը»:
Պաշտոնական արարողության ընթացքում ցուցադրվեց երկու տեսանյութ՝ նվիրված Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի կենսագրությանը:
Այնուհետև Մարատ Գրիգորյանը հյուրերին ուղեկցեց ազատամարտիկների անուններով կոչված լսարաններ՝ Սուրեն Մելիքբեկյանի անվան քարտեզագրության և գեոինֆորմատիկայի լաբորատորիա և Ալեքսան Սիմոնյանի անվան օգտակար հանածոների կաբինետ:
«Այս լսարաններն ամենալավ դասախոսությունն ու պատգամն են, որոնք պետք է սովորեցնեն ու դաստիարակեն ապագա սերունդներին»,- ասաց Մարատ Գրիգորյանը:
Ազատամարտիկների ծնողներն իրենց հերթին երախտիքի խոսք հայտնեցին ֆակուլտետի դեկանին և պրոֆեսորադասախոսական կազմին լսարանների անվանակոչության նախաձեռնությամբ հանդես գալու համար՝ հույս հայտնելով, որ այդ լսարանների ներկա ու ապագա ուսանողները կծանոթանան ու կճանաչեն Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի կենսագրությունն ու գործերը:
Անի Պողոսյան