- Main
- Node
- ԵՊՀ ԹԻՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ՀԱՂԹԵԼ «GREEN AGRITECH STARTUP CLASH 2021» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
February 22, 2021 | 16:09
Հասարակություն
ԵՊՀ ԹԻՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ՀԱՂԹԵԼ «GREEN AGRITECH STARTUP CLASH 2021» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը «Green AgriTech Startup Clash 2021» մրցույթում ստացել է մրցանակ՝ ներկայացնելով «MiCoFe» օրգանական պարարտանյութի ստարտափ նախագիծը:
«Green AgriTech Startup Clash 2021» ծրագրի նպատակն է զարգացնել գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ նոր մտահղացումները, աջակցել նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառմանը, ինչպես նաև ներգրավել տաղանդավոր մարդկանց՝ կյանքի կոչելու իրենց նորարարական գաղափարները:
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմի կողմից ներկայացված «MiCoFe»-ն ստարտափ նախագիծն առաջարկում է նորարարական արտադրանք, որտեղ կիրառվում են օգտագործված սուրճի մնացորդները և Հայաստանի հողերից մեկուսացված այնպիսի մանրէներ, որոնք էնդեմիկ են և կարող են որպես կենսապարարտանյութ ծառայել:
«Green AgriTech Startup Clash 2021» մրցույթի առաջին փուլում դիմել է 96 թիմ, որոնցից հանձնաժողովն ընտրել է 10-ին: Արդեն փետրվարի 20-ին ընտրված թիմերը ներկայացրել են իրենց գաղափարները, որոնցից էլ ընտրվել են հաղթող 3 մրցանակակիրները: Նրանց տրվելու են միջոցներ, որոնք կնպաստեն նախագծի հետագա զարգացմանը և թեստավորմանը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրանտ, թիմի անդամ Լիանա Վանյանն ասաց, որ տրվող գումարը մեծ չէ, բայց կարևորն այն է, որ կգնվի սարքավորում, որի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել նոր մակարդակի փորձեր և զարգացնել գաղափարը:
Նրա տեղեկացմամբ, որպես նախագծի վերջնարդյունք՝ թիմն ակնկալում է ստանալ թափոնների վերամշակման հիմքով լիարժեք օրգանական պարարտանյութ. «Մեզ համար առաջնային են թափոնների կիրառությունը և Հայաստանում կենսաբանական հիմքով շրջանաձև տնտեսության ստեղծումը»:
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, թիմի անդամ Կարեն Թռչունյանն ասաց, որ ի սկզբանե կենտրոնի կազմավորման հիմնական նպատակներից մեկը եղել է այն, որ ստեղծվի հնարավորություն՝ նպաստելու ուսանողների նորարարական գաղափարների զարգացմանը և հնարավորության սահմաններում դրանց հետագա թեստավորմանը:
«Այս նախագծի դեպքում մեզ համար կարևոր է թափոնների օգտագործումը: Հայաստանում մեծ քանակությամբ թափոններ են արտանետվում, որոնք հիմնականում չեն կիրառվում: Տվյալ դեպքում մենք ընտրել ենք սուրճի թափոնը, բայց կարելի է օգտագործել ցանկացած թափոն, որը կարող է նպաստել համապատասխան մանրէների աճին»,- ասաց Կարեն Թռչունյանը:
Նրա խոսքով, ակնկալվում է ստանալ կենսազանգված, որը կունենա ինչպես օրգանական պարարտացման, այնպես էլ հողերի վերականգնման ազդեցություն. «Եթե առողջապահության տեսանկյունից էլ դիտարկենք, ապա այս նախագիծը մեծապես կօգնի, որ ստացվող պտուղները լինեն օրգանիկ»:
Կենտրոնի տնօրենի հավաստմամբ, աշխարհն այսօր միտված է շրջանաձև տնտեսության ստեղծմանը, ինչը ենթադրում է, որ արտադրանքից առաջացած թափոնները նորից պիտի վերամշակվեն և օգտագործվեն. «Հիմա մենք առաջարկում ենք կենսաբանական հիմքով տեխնոլոգիայի մի տարբերակ, բայց նման տեխնոլոգիաներ կարող են կիրառվել տարբեր ոլորտներում»:
Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ, այս նախագիծը դեռևս գաղափար է, որը պետք է փորձարկվի և հաջողության դեպքում նոր կիրառվի:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմի կազմում են Կարեն Թռչունյանը, Լիանա Վանյանը, Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Հեղինե Գևորգյանն ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրանտ Մարիաննա Մկրտչյանը, որն օգնել է առավել լավ պատկերացում կազմել շուկայի և ֆինանսական հաշվարկների մասին:
Քնար Միսակյան