«ՏԱՐԿԵՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ». ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանն առցանց հանդիպման ընթացքում պատասխանել է ուսանողների հարցերին՝ կապված տարկետման և տեղափոխության ընթացակարգերի հետ։
![Informative-seminar-for-students](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/VMaLW0vkPmGiQuxBsq5P4uC8Li.jpg?h=bccd1fa5&itok=cRt_L2IK)
Առցանց հանդիպմանը, որին մասնակցել է շուրջ 100 ուսանող, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանը մանրամասն ներկայացրել է ֆակուլտետից ֆակուլտետ, բուհից բուհ, առկա ուսումնական համակարգից հեռակա ուսումնական համակարգ (և հակառակը) տեղափոխության ընթացակարգերը, ինչպես նաև տարկետման հիմքերը, տարկետման իրավունքի իրացման, համալսարանից հեռացման և վերականգնման ընթացակարգերը։
Մեզ հետ զրույցում Մարգարիտա Ներսիսյանն ասաց, որ նման հանդիպումները շատ կարևոր են ուսանողների համար․ «Կարելի է հաճախ կազմակերպել նմանօրինակ ձևաչափով հանդիպումներ՝ ընդգրկելով շատ ավելի բազմաբովանդակ հարցեր, որոնք կհետաքրքրեն ուսանողներին և կօգնեն նրանց լինել ավելի իրազեկ»։
Կազմակերպչական բաժնի վարիչը փաստեց, որ չնայած կուրատորներն օգնում են ուսանողներին և պատասխանում նրանց հարցերին, բայց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության և հատկապես Կազմակերպչական բաժնի աշխատակիցները ևս պատրաստ են հետագայում մասնակցելու նման ձևաչափով իրականացվող հանդիպումներին և քննարկելու հետաքրքրող հարցերը։
ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանը մեզ հետ զրույցում բոլոր ուսանողների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց բանախոս Մարգարիտա Ներսիսյանին՝ տրամադրած ժամանակի և պատրաստակամության համար․«Բանախոսն անհատապես պատասխանեց բոլոր ուսանողների հարցերին և օգնեց նրանց տարբեր իրավիճակներում ելքեր գտնելու ու ճիշտ կողմնորոշվելու հարցում»։
Կարոլինա Հարությունյանն ասաց նաև, որ թեև այս իրազեկումը 2020-2021 թթ. ուստարվա վերջին իրազեկումն էր, սակայն Իրավական հանձնաժողովը մինչև քննաշրջանի ավարտ մշտական կապի մեջ է լինելու ուսանողների հետ, պատրաստ օգնելու և պաշտպանելու նրանց օրինական շահերն ու իրավունքները։
Քնար Միսակյան