«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ առցանց դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային քրեական դատարանի դատախազ Ալեքսիս Դեմիրճյանը:
![Seminar-by-Alexis-Demirdjian](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/LgAJOyp3Tq5qklgIlcAPyJMv6W.jpg?h=bccd1fa5&itok=PqpF5jdz)
Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանն ասաց, որ սեմինարը կազմակերպվել էր ֆակուլտետի շրջանավարտ, Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանի աջակցությամբ:
«Սեմինարի անցկացման օրը նույնպես պատահական ընտրված չէր. այդ օրը նշվում է որպես Միջազգային քրեական դատարանի հիմնադրման պաշտոնական օր»,- ասաց Գևորգ Բարսեղյանը:
Նրա խոսքով, Ալեքսիս Դեմիրճյանն ուսուցողական, տեղեկատվական և շատ արդյունավետ դասախոսություն կարդաց ՄՔԴ-ում պատասխանատվության եղանակների վերաբերյալ:
«Բանախոսության ընթացքում պարոն Դեմիրճյանն անդրադարձավ այնպիսի թեմաների, ինչպիսիք են դատավճիռների կառուցվածքը, պատասխանատվության տեսակի որոշման կարևորությունն արդար դատավճիռ կայացնելու համար և, ի վերջո, մեզ մանրամասն տեղեկություններ տվեց պատասխանատվության յուրաքանչյուր եղանակի մասին՝ մեջբերելով ՄՔԴ-ի մի քանի գործեր»,- ասաց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը։
Նա նաև փաստեց, որ դասախոսության ավարտին ուսանողները հնարավորություն ստացան տալու իրենց հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ:
«Մեր կողմից կազմակերպվող սեմինարների շարքը շարունակական է լինելու: Որպես բանախոսներ կհրավիրվեն մեր հայրենակիցները, որոնք մեծ ներդրում են կատարել միջազգային քրեական իրավունքի ոլորտում»,- փաստեց Գևորգ Բարսեղյանը:
Քնար Միսակյան