- Main
- Node
- Ի՞ՆՉ Է ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ «ՄՅՈՒՍՆԵՐԸ». ՄԱՍ I
October 05, 2021 | 15:08
Հասարակություն
Ի՞ՆՉ Է ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ «ՄՅՈՒՍՆԵՐԸ». ՄԱՍ I
Իր գոյության ընթացքում մարդկությունը հասցրել է շատ անգամ պատերազմներ մղել տարբեր պատճառներով:
Յուրաքանչյուր դաժան պատերազմից հետո մարդկությունը փորձել է պատերազմելու նոր, ավելի «մարդասիրական» կանոններ ստեղծել, իսկ հաջորդ պատերազմում համակարգված կերպով դրանք խախտել է:
Երկար ժամանակ պատերազմի «մսաղացն» իր մեջ ներքաշել է մարդկանց, իսկ այժմ դիտարկվում է նաև պատերազմական գործողություններին մասնակցելու ռոբոտների թեկնածությունը:
Պատմության մեջ Արիստոտելն առաջինն էր, որն օգտագործեց «արդարացի պատերազմ» արտահայտությունը:
Նրա կարծիքով, մարդիկ իրենց բնույթով տարբեր են՝ կան ազատասեր հույներ և բարբարոս ցեղեր, որոնց պետք է հպատակեցնել:
«Երբ հույները բարբարոսներին ենթարկեցնում են իրենց, նրանք անում են այն, ինչ բնությունն է թելադրում՝ վերականգնում են բնական հավասարակշռությունը: Նման պատերազմն արդար է»,-կարծում էր Արիստոտելը:
Նա համոզված էր, որ մարդու համար պատերազմելը նույնքան բնական զբաղմունք է, որքան, օրինակ, կոշիկի վերանորոգմամբ զբաղվելը. մարդը մշտապես նոր կոշիկի ու նոր պատերազմի կարիք ունի:
Մարդկության պատմությունը ցույց տվեց, որ Արիստոտելն այդ հարցում ևս չէր սխալվում:
«Քաղաքակիրթ մարդու համար գործունեություն ծավալել նշանակում է բռնության միջոցով ազատություն և լուսավորություն տարածել». այս մտքի հեղինակը շովինիստական հայացքներ ունեցող մեկը չէ, այլ Ջոն Ստյուարտ Միլն է՝ լիբերալիզմի հիմնադիր հայրերից մեկը:
Այսպիսով՝ «մյուսների» գոյության կատեգորիան միշտ էլ առիթ է եղել այդ նույն «մյուսներին» ստորադասելու և նրանց դեմ պայքարելու համար:
Եվրոպայում երկար ժամանակ քննարկումներ էին ծավալվում այն հարցի շուրջ, թե նոր աշխարհի «վայրի ազգերը» որքանով են մարդ կամ մարդ են արդյոք ընդհանրապես:
Ի վերջո, եթե նրանք հոգի չունեն, ապա, անտեսելով քրիստոնեական բոլոր ուսմունքները, նրանց կարելի է սպանել, օրինակ՝ Վիետնամական պատերազմը, որը հայտնի է նաև որպես գաղափարական պատերազմ:
Բացի փիլիսոփաներից՝ հոգեբանները ևս պնդում են, որ մարդուն բնորոշ է բռնությունը, որն արտահայտվում է այն ժամանակ, երբ նա իր դժգոհությունն այլ ազգերի, ռասաների, կրոնական կամ գաղափարական խմբերի նկատմամբ վերածում է ատելության։
Այս տեսության համաձայն՝ պետությունը ստեղծում և պահպանում է որոշակի կանոններ տեղական հասարակության մեջ, միևնույն ժամանակ ստեղծում է բռնություն գործադրելու հիմք՝ պատերազմի տեսքով։
Որոշ տեսաբանների կարծիքով, մարդու համար պատերազմն ավելի բնական է, քան խաղաղությունը:
Առաջնորդվելով այս դիրքորոշմամբ՝ ավստրիացի հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը հրաժարվում էր «հանուն խաղաղության» շարժմանը մասնակցելուց, քանի որ պատերազմները համարում էր մարդկային բռնության նոպաների անխուսափելի հետևանք։
Էվոլյուցիոն հոգեբանությամբ զբաղվող գիտնականները, որոնք ուսումնասիրում են նաև մարդ-պատերազմ կապը, հակված են մտածելու, որ մարդկային պատերազմներն այն կենդանիների վարքի կրկնօրինակումն են, որոնք պայքարում են տարածքի կամ սննդի համար։
Կենդանիներն իրենց բնույթով ագրեսիվ են, իսկ մարդկային միջավայրում նման ագրեսիվությունը վերածվում է պատերազմի։
Կախված մասշտաբից՝ պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (հակամարտություն) պատերազմների։
Գոյություն ունեն նաև «արդարացի» և «անարդար» պատերազմներ։
Այսպես կոչված «արդարացի» պատերազմների շարքին են դասվում ազատագրական պատերազմները՝ անհատական կամ կոալիցիոն պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, կամ ազգային-ազատագրական պատերազմները՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրացմանը, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը։
«Անարդար» կամ «նվաճողական» պատերազմները միջազգային իրավունքով որակվում են որպես միջազգային հանցագործություն։
1990-ական թվականներին հայտնվեց «հումանիտար պատերազմ» հասկացությունը, համաձայն որի՝ բռնություն կարող է կիրառվել ըստ բարձրագույն նպատակի՝ էթնիկ զտման կանխում կամ խաղաղ բնակչության պաշտպանություն։
Պատերազմի փիլիսոփայության և պատերազմող մարդու հոգեբանության մասին անդրադարձը՝ հաջորդ մասում:
Նկարը՝ «EVN Report»-ից:
Անի Պողոսյան