- Main
- Node
- ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
October 06, 2021 | 16:30
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն իրականացնում է տեղեկատվական հանդիպումների շարք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ:
Շարքը մեկնարկել է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմամբ:
Հանդիպումը, որին ներկա էր նաև ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, վարում էր Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:
Վերջինս, առանձնահատուկ կարևորելով ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի մասին տեղեկատվության տարածումը, ուսանողներին ներկայացրեց կենտրոնի կառուցվածքն ու գործունեությունը, առաջարկեց գրանցվել կենտրոնի տվյալների բազայում անհրաժեշտ տեղեկատվությունն առաջինը ստանալու նպատակով:
«Կենտրոնը բավականին ակտիվ համագործակցում է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հետ՝ ի դեմս դեկան պարոն Բարսեղյանի, որն ակտիվ արձագանքում է կենտրոնի բոլոր առաջարկներին»,- փաստեց Կարինե Նազարյանը:
Նա շեշտեց, որ կենտրոնի համար գերնպատակ է ուսանողներին ծանոթացնել աշխատաշուկայի մարտահրավերներին.«Շատ դեպքերում գործատուին անհրաժեշտ են ոչ թե մասնագետներ, այլ հմուտ մարդիկ, որոնք հետագայում կկարողանան ինտեգրվել աշխատանքին»:
Կ. Նազարյանն անդրադարձավ նաև այն ծրագրերին, որոնք իրականացվել են կենտրոնի նախաձեռնությամբ:
«Մեր ծրագրերը բազմաբնույթ ու բազմավեկտոր են, մենք ակտիվորեն համագործակցում ենք Սփյուռքի հետ, ինչպես նաև իրականացնում ենք ծրագրեր Արցախից Հայաստան եկած մեր հայրենակիցների համար»,- փաստեց Կարինե Նազարյանը:
Նա նշեց նաև, որ կենտրոնն իր գործունեությամբ կարևորում է տարատեսակ դասընթացների, այցելությունների, քննարկումների, կլոր-սեղան հանդիպումների կազմակերպումը. «Ուսանողները հնարավորություն են ունենալու հանդիպելու տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ստանալու արժեքավոր տեղեկատվություն»:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրենն անդրադարձավ նաև այն պետական և մասնավոր ոլորտների գործընկեր կառույցներին, որոնց հետ կենտրոնը համագործակցում է, տեղեկանում առկա հնարավորությունների և թափուր աշխատատեղերի մասին: