- Main
- Node
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԱՃԵՑՆԵԼ ԱԾԽԱԾՆԻ ՆԱՆՈԽՈՂՈՎԱԿՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՃԿՈՒՆ ԳԱԶԱՅԻՆ ՍԵՆՍՈՐՆԵՐ
October 10, 2021 | 18:00
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԱՃԵՑՆԵԼ ԱԾԽԱԾՆԻ ՆԱՆՈԽՈՂՈՎԱԿՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՃԿՈՒՆ ԳԱԶԱՅԻՆ ՍԵՆՍՈՐՆԵՐ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է աճեցնել նանոխողովակներ և դրանց հիման վրա պատրաստել ճկուն գազային սենսորներ:
Ինչպես արդեն ներկայացրել ենք, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ԵՊՀ-ից 5 թեմա երաշխավորվել է ֆինանսավորման, որոնցից մեկն «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում» թեման է:
Այն ներկայացրել են ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, հետազոտական խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Ալեքսանյանը և հետազոտական խմբի մյուս անդամներ՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, տեխ. գիտ. թեկնածու Արտակ Սայունցը, կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին և մագիստրատուրայի ուսանողուհի Զարինե Սիմոնյանը:
Մեզ հետ զրույցում Միքայել Ալեքսանյանը, խոսելով դրամաշնորհային ծրագրի մասին, ասաց, որ դրա նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին, որպեսզի նրանք մնան գիտության ոլորտում, ինչը շատ ողջունելի է: Ըստ նրա՝ հատկապես երիտասարդ հետազոտողները պետք է դիմեն դրամաշնորհային տարբեր ծրագրերի, թեկուզ ոչ բոլոր մրցույթներում հաղթելու ակնկալիքով. «Դա խիստ անհրաժեշտ է գիտական ակտիվությունը պահպանելու համար»:
Մ. Ալեքսանյանը բարձր գնահատեց վերջին տարիներին ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի իրականացրած քաղաքականությունը, որի արդյունքում խրախուսվում է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը գիտության տարբեր ճյուղերում:
Խոսելով իրենց կողմից ներկայացված թեմայի մասին՝ կենտրոնի տնօրենն ասաց, որ գաղափարը շատ հավակնոտ է, քանի որ Հայաստանում այն դեռևս իրագործված չէ, աշխարհում՝ այո, բայց որոշակի վերապահումներով. «Անձամբ ես արդեն երկար տարիներ ուսումնասիրում եմ կիսահաղորդչային գազային սենսորների առանձնահատկությունները: Այս ուղղությամբ հրապարակված բազմաթիվ հոդվածներ, արտոնագրեր, ուսումնամեթոդական ձեռնարկ ունեմ: Բացի դրանից՝ հետազոտական մեր խմբով մի քանի դրամաշնորհային ծրագրի մրցույթներում հաղթել ենք և այս թեմայով ուսումնասիրություններ իրականացրել»:
Նրա տեղեկացմամբ, գազային սենսորը սարքավորում է, որը հնարավորություն է տալիս միջավայրում հայտնաբերելու պայթյունավտանգ, թունավոր, վտանգավոր գազերի կոնցենտրացիաներ. «Այդպիսի սենսորներ աշխարհում շատ կան, սակայն այնքան էլ չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Այսինքն՝ այս ուղղությամբ դեռևս գիտահետազոտական աշխատանքներ պետք է իրականացվեն (որոնք այժմ էլ ընթանում են)՝ նմանատիպ սենսորների աշխատունակության պարամետրերը բարելավելու համար»:
Միքայել Ալեքսանյանի խոսքով, գոյություն ունեն տարբեր տեսակի գազային սենսորներ, բայց սովորաբար կիրառվում են ամուր, պինդմարմնային կարծր հարթակի վրա պատրաստված գազային սենսորները, որոնք համակցվում են ազդանշանի մշակման սխեմաների հետ, դառնում վերջնական սարքավորում և տեղակայվում համապատասխան վայրում՝ դինամիկ մոնիտորինգի ենթարկելով օդի որակը:
«Այս ծրագրով մենք նախատեսում ենք պատրաստել ոչ թե ավանդաբար օգտագործվող կարծր տակդիրների վրա պատրաստված, այլ ճկուն տակդիրներով սենսորներ: Դրանք որևէ ճկուն՝ սակայն դիմացկուն հիմքի վրա պատրաստված սենսորներ են: Մենք մտադիր ենք ճկուն տակդիրների վրա պատրաստել սենսորներ, որոնք հնարավորություն կտան այդ սենսորները տեղակայելու հագուստի, մաշկի և այլ ճկուն մակերևույթների վրա: Այդօրինակ պրակտիկա կա, օրինակ, Ֆրանսիայի զինված ուժերում, որտեղ զինվորների հագուստների վրա տեղակայված են ճկուն գազային սենսորներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես ահազանգելու միջավայրում մարդու առողջությանը և կյանքին վտանգ սպառնացող գազերի առկայության դեպքում»,- ասաց հետազոտական խմբի ղեկավարը:
Նրա խոսքով, ծրագրի համար ներկայացված հավակնոտ գաղափարներից է նաև ածխածնային նանոխողովակների աճեցումը, որոնց հիման վրա էլ կպատրաստվեն ճկուն գազային սենսորները. «Մեզ անհրաժեշտ է ստանալ այնպիսի նյութ, որն էլաստիկ կլինի և չի կոտրվի ճկուն մակերևույթների վրա: Այդ տեսանկյունից շատ նպատակահարմար են ածխածնային նանոխողովակները, որոնք հեքսագոնալ կառուցվածք ունեն (մեղվի շրջանակների բջիջների նման): Ցանցի հանգույցներում տեղակայված են ածխածնի ատոմներ, որոնք էլ ձևավորում են սնամեջ խողովակներ: Ածխածնի նանոխողովակները վերջին տասնամյակներում բավականին լայն կիրառություն ունեն՝ սկսած կիսահաղորդչային նանոտեխնոլոգիաներից մինչև գյուղատնտեսական տեխնոլոգիաներ»:
« Մեր տվյալներով, Հայաստանում նանոխողովակները երբևէ չեն աճեցվել, ուստի պատրաստվում ենք ինքներս դա իրագործել: Նախատեսում ենք ստանալ տարրատեսակ նանոխողովակներ և դրանց հիման վրա պատրաստված ճկուն գազային սենսորների միջև համեմատական վերլուծություն անցկացնել ու անհրաժեշտ հետևություններ անել»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Ծրագրով նախատեսված գաղափարները կյանքի կոչելու համար, ըստ Միքայել Ալեքսանյանի, ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում առկա են անհրաժեշտ սարքավորումներ. «Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է նաև ստեղծել նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որը կգործի մեր կենտրոնում ու կկոչվի Սենսորիկայի լաբորատորիա»:
Նրա խոսքով, դրամաշնորհը հնարավորություն կտա նորաստեղծ այդ լաբորատորիայի համար գնելու նաև նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ հանգամանալից կուսումնասիրվեն սենսորների էլեկտրաքիմիական և գազազգայունության պարամետրերը: Ինչ վերաբերում է հետագա ծրագրերին՝ կապված սենսորների արտադրման հետ, Մ. Ալեքսանյանը նշեց, որ գազային սենսորները լայն կիրառություն ունեն և պահանջված են ամբողջ աշխարհում, ուստի արտադրման փուլին հասնելու դեպքում դրանց սպառման խնդիրներ միանշանակ ի հայտ չեն գա:
Ծրագիրը եռամյա է: Պահանջների համաձայն՝ խմբի անդամները գումարային 15 օր պետք է լինեն ծրագրի գործընկեր հաստատությունում և գիտական հետազոտություններ իրականացնեն. «Մեր միջազգային գործընկերը Պրահայի քիմիական տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Դյուշան Կապերսկին է, մենք կայցելենք հենց այդ համալսարան և այնտեղ հետազոտություններ կկատարենք: Ծրագրի պահանջների համաձայն՝ պրոֆեսորը նույնպես կայցելի ԵՊՀ, որտեղ համատեղ սեմինարներ ու գիտական քննարկումներ կիրականացվեն»:
Միքայել Ալեքսանյանի խոսքով, հետազոտական խմբի անդամները պատրաստ են մեծ ոգևորությամբ և ջանասիրությամբ իրականացնել աշխատանքները:
Քնար Միսակյան