- Main
- Node
- ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՀԱՄԱՐ 46 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
October 14, 2021 | 16:55
Հասարակություն
ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՀԱՄԱՐ 46 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանն այցելել է Երևանի համար 46 ավագ դպրոց և բանախոսությամբ հանդես եկել դպրոցի պատմաիրավագիտական ենթահոսքի 11-12-րդ դասարանների աշակերտների համար։
Մեզ հետ զրույցում Վահրամ Պետրոսյանն ասաց, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ակտիվ համագործակցություն է ծավալում հանրապետության բազմաթիվ դպրոցների հետ. «Ավանդական են ինչպես ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի այցելությունները դպրոցներ, այնպես էլ աշակերտների ճանաչողական բնույթ ունեցող պատասխան այցելությունները»։
Նրա խոսքով, փոխադարձ այցելությունների նպատակն է հետևողականորեն ամրապնդել բուհ-դպրոց կապը, բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունն ու կանխատեսելի դարձնել ապագա դիմորդների՝ համալսարանական կրթության որակի վերաբերյալ ունեցած ակնկալիքները։
Հենց այդ նպատակով էլ Վահրամ Պետրոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել Երևանի համար 46 ավագ դպրոցի պատմաիրավագիտական ենթահոսքի 11-12-րդ դասարանների աշակերտների հետ, որին մասնակցել են նաև ուսուցչական կազմի ներկայացուցիչներ։
Մեզ հետ զրույցում Վահրամ Պետրոսյանը տեղեկացրեց, որ դպրոցի այժմյան տնօրենը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Արմեն Արամայիսի Աբգարյանն է, որը, 2017 թ․ ստանձնելով դպրոցի տնօրենի պաշտոնը, էական ներդրում է ունեցել դպրոցի՝ հանրապետության տարբեր բուհերի և մասնավորապես ԵՊՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու գործում։
«Այս դպրոցի հետ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համագործակցությունն ավանդական բնույթ է կրում, և հումանիտար հոսքի բազմաթիվ աշակերտներ մեր ֆակուլտետի հավանական դիմորդներ են։ Դրանից ելնելով էլ հանդիպման ընթացքում ոչ միայն ներկայացվել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կառուցվածքը, մասնագիտությունների և մասնագիտացումների ցանկն ու դրանց առանձնահատկությունները, այլև միջնակարգ և բուհական (համալսարանական) կրթության որակին առնչվող հիմնախնդիրներ»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում բանախոսը պատասխանել է ուսուցիչների և աշակերտների բազմաթիվ հարցերին։ Նրա խոսքով, աշակերտներին հատկապես հետաքրքրել են դիվանագիտական և հյուպատոսական ծառայությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերը։
Քնար Միսակյան