- Main
- Node
- «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԵԶՆԻՑ, ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ ՈՒ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ». ԽԶՎԱԾ ՁԱՅՆՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
October 25, 2021 | 17:21
Հասարակություն
«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԵԶՆԻՑ, ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ ՈՒ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ». ԽԶՎԱԾ ՁԱՅՆՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր համալսարանականների հյուրն էր Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, ՀՀ ԶՈՒ սպա, ավագ լեյտենանտ Մնացական Ավետիսյանը:
44-օրյա պատերազմից հայտնի դարձած խզված ձայնով հրամանատարը Մայր բուհ էր այցելել ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ:
Մարտական ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը ողջունեց հյուրին, շնորհակալություն հայտնեց ակումբի առաջարկը չմերժելու համար և ուսանողներին ներկայացրեց որոշ կենսագրական տվյալներ:
«Յուրաքանչյուրիս շրջապատում էլ կան մարդիկ, որոնք ցանկացած իրավիճակում հայրենիքն ավելի բարձր են դասում, քան ընտանիքն ու սեփական կյանքը: Նրանք այն մարդիկ են, որոնք մինչև վերջ ծառայել են հայրենիքին՝ անտեսելով վախն ու կորուստը»,- ասաց ակումբի նախագահը և հանդիպման մասնակիցներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաների հիշատակը:
Եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտը մագիստրոսական կրթություն է ստացել նույն բուհում: Հենց Եվրոպական համալսարանում էլ կրթական ծրագրի շրջանակում ծառայության է անցել ՀՀ ԶՈւ:
«Հայրս, հորեղբայրս, մորեղբայրս զինվորական են, դեռ մանկուց էի որոշել, որ սպա եմ դառնալու: Համալսարանում ուսանելու տարիներին հասկացա, որ գիտական ուղին իմը չէ, ուստի որոշեցի չխանգարել մյուսներին և գնալ իմ ճանապարհով: Ընտրեցի բարդ ուղին, որ ստուգեմ հնարավորություններս»,- ասաց սպան և ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ մարդ պետք է զինվորական կրթություն ստանա՝ անկախ իր մասնագիտությունից. դա կենսական նշանակություն ունի:
Պատասխանելով հանդիպման ներկաների հարցերին՝ երիտասարդ սպան խոսեց բանակում կանանց և հոգևորականների կարևոր դերի մասին, անդրադարձավ նաև պատերազմական դրության ժամանակ լրագրողների աշխատանքի, ինչպես նաև զինվոր-սպա հարաբերություններին և ընդհանրապես սպայի կերպարին:
44-օրյա պատերազմի մյուս խորհրդանիշը դարձած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի մասին խոսելիս, որի անմիջական հրամանատարն է եղել Մնացական Ավետիսյանը, նշեց. «Ալբերտն ընդամենը 19 տարեկան էր: Նա իսկապես մտածում էր, որ իր արձակած յուրաքանչյուր արկ իր նպատակին է հասնելու, խնդիր է լուծելու և վերջնական արդյունքը միայն դրական է լինելու: Կռվելով 20-25 հազարանոց բանակի դեմ՝ մարտնչող Ալբերտն իր հրետանուց ոչ մի քայլ չհեռացավ»:
Դահլիճում էր գտնվում նաև երիտասարդ սպայի զինվորից մեկի՝ Հայկի մայրը, որը որդու խնդրանքով եկել էր Մնացական Ավետիսյանի հետ հանդիպման՝ շնորհակալություն հայտնելու հրամանատարին պատերազմի օրերին իր կողքին լինելու համար. «Պատերազմի ժամանակ տղաս ընդամենը մեկ ամսվա ծառայող էր, որը գաղափար չուներ հրետանավորի աշխատանքից: Դուք՝ որպես իսկական սպա, աջակցել եք տղայիս, քաջալերել և հոգ տարել նրա մասին, ինչի արդյունքում նա այսօր անվնաս շարունակում է իր ծառայությունը»: